Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս24-ին

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս24-ին
18.10.2020 | 22:15

Ֆրանս24 – Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հարցազրույց տալու Ձեր համաձայնության համար։ Վստահաբար, ձեր տարածաշրջանը շատ դժվարին ժամանակներ է ապրում այս օրերին։ Ես կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել մի քարտեզի վրա, որն այս պահին լայնորեն շրջանառվում է միջազգային հարթակներում։ Հնարավոր է, որ Դուք համաձայն չեք այդ քարտեզում պատկերվածի հետ։ Այնտեղ Հայաստանը գտնվում է ձախ մասում, իսկ Ադրբեջանը՝ աջ կողմում, և այն, ինչ կարմիրով ներկված է որպես ադրբեջանական տարածք, վիճելի շրջանն է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության, որը նախորդ դարի 90-ականների սկզբին անկախություն հռչակեց, ինչն առ այսօր չի ճանաչվել ՄԱԿ-ի գեթ մեկ անդամ երկրի կողմից, ներառյալ Հայաստանը։ Վերջերս մենք ականատես եղանք խնդրի լուծման չափազանց կոշտ մոտեցումների։ Մասնավորապես, Դուք գնացիք Լեռնային Ղարաբաղ և հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Այստեղ կրկին ես պետք է հիշատակեմ, պարո՛ն վարչապետ, որ ՄԱԿ-ի անդամ երկրներից և ոչ մեկը համաձայն չէ այդ ձևակերպման հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Նախ ես Ձեր ցուցադրած քարտեզը, ցավոք սրտի, չեմ տեսնում, և դրա հետ կապված որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը, շատ կարևոր է իմանալ Լեռնային Ղարաբաղի հարցի պատմությունը, որովհետև Ձեր խոսքի մեջ էլ Դուք ասացիք՝ վիճարկվող տարածք: Ցավոք, ինչ-որ պահի միջազգային լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացնում են որպես տարածքային վեճ: Եվ սրա պատճառն այն է, որ մոռացության է մատնվել Լեռնային Ղարաբաղի հարցի ծագման պատմությունը:
1988-ին Խորհրդային Միության ժամանակներում, երբ տեղի էր ունենում վերակառուցման և ժողովրդավարացման գործընթաց, Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով գորբաչովյան բարեփոխումների շրջանից, որոշեց վերականգնել իր իրավունքները: Իսկ իրավունքը խախտվել էր Խորհրդային Միության ձևավորման շրջանում, երբ Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը կցվեց Խորհրդային Ադրբեջանին և ոչ թե դրվեց Խորհրդային Հայաստանի կազմ: 1988-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանն ընդունեց Հայաստանին միավորվելու վերաբերյալ որոշում, և դա բացարձակապես խաղաղ գործընթաց էր: Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ այն ժամանակ այդ շարժումն ընկալվում էր որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթաց, և շատերը Եվրոպայում ասում էին, որ Ղարաբաղյան շարժման սկսած պրոցեսի արդյունքում էր, որ փլուզվեց Բեռլինի պատը: Եվ ահա այս խաղաղ քաղաքական որոշմանը Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ իրականացնելով հայերի սպանություններ Սումգայիթ և Բաքու քաղաքներում: Եվ ահա այսպես ծագեց կոնֆլիկտը: Ինչ վերաբերում է արդեն Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանին, երբ Խորհրդային Ադրբեջանը հռչակեց անկախություն Խորհրդային Միությունից, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, օգտվելով խորհրդային այն օրենսդրությունից, որ եթե խորհրդային հանրապետությունն անկախություն է ստանում, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը կարող է իր կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնել, կայացրեց որոշում և հռչակեց իր անկախությունը: Ինչ վերաբերում է նրան, որ մինչև հիմա ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դրա համար էլ Ղարաբաղի ժողովրդի և հայ ժողովրդի պայքարը շարունակվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն օգտագործելու, իրացնելու հնարավորություն ունենա:
Իսկ ինչո՞ւ է Արցախը, Լեռնային Ղարաբաղը Հայաստան: Եթե Դուք այսօր լինեք Ղարաբաղում, կտեսնեք այնտեղ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը և ավելին միշտ եղել են հայեր: Իսկ Հայաստան նշանակում է հայերի երկիր, և Լեռնային Ղարաբաղն իր ողջ պատմության ընթացքում եղել է հայերի երկիր: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ, այո՛, սա ոչ թե տարածքային վեճ է, սա մարդկանց իրավունքի իրացման խնդիր է, որովհետև, ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, 1988 թվականին այդ գոյութենական վտանգը եղել է:
Ֆրանս24 – Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքի մասին։ Ես կուզենայի վկայակոչել միջազգային իրավունքի շրջանակում առկա կարգավորումները։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, և Դուք գիտեք՝ այնտեղ նշված է՝ օկուպացված տարածքներ, ինչը ենթադրում է, որ այդ տարածքներն օկուպացվել են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Ո՞վ է օկուպացրել: Եթե ուշադիր նայեք այդ բանաձևերը…
Ֆրանս24 – Օրինակ, 62243 բանաձևի մեջ նշված է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում, որից հետևում է, որ Ադրբեջանը չէ, որ օկուպացրել է իր սեփական տարածքները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Ես շարունակեմ իմ նախադասությունը: Ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում էր գոյութենական վտանգի առաջ: Մինչև շարժում սկսելն այդ գոյութենական վտանգը սողացող էր՝ այն առումով, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված էր հայկական ինքնության դեմ: Իսկ շարժումը սկսվելուց առաջ այդ գոյութենական վտանգն արդեն դարձավ ուղիղ սպառնալիք, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայության դեմ օգտագործվում էր ուժ: Եվ անկախության հռչակման այդ շրջանում ամբողջական ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Քաղաքները, գյուղերը, բնակավայրերը ռմբակոծվում էին, և մարդիկ հնարավորություն չունեին շուրջ 2 տարի իրենց բնակարաններում, իրենց տներում ապրելու: Եվ քանի որ ոչ մի միջազգային ուժ չէր կանգնեցնում այս պրոցեսը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանական ուժեր ձևավորեց, և ինքնապաշտպանական ուժերի գործունեության արդյունքում այդ հրետակոծություններն ու հրթիռակոծությունները պարզապես ստիպված էին հեռու տանել իրենց տներից: Եթե Դուք ուշադիր նայեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, կտեսնեք՝ այդտեղ հստակ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները կորսվել են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի, տեղի հայկական ուժերի գործունեության արդյունքում: Այսօր էլ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը, և դա կարող է կրկին բերել ծանր հետևանքների ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ադրբեջանի համար:
Ֆրանս24 – Ես կուզենայի անդրադառնալ այն հռետորաբանությանը, որն օգտագործվում է Ձեր կողմից Թուրքիայի առնչությամբ։ Դուք ասում եք, որ Թուրքիան ուղղակիորեն և բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջոցներով։ Դուք պնդում եք, որ Թուրքիան ներգրավված է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական նկրտումներում։ Այնքան էլ մեծ չէ աջակցությունը Ձեր միջազգային գործընկերներից, մասնավորապես Ռուսաստանից։ Արդյոք Դուք գտնում եք, որ աշխարհը ճիշտ չի ընկալում խնդիրը կամ անտարբեր է ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Նախ եկեք արձանագրենք, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արդեն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում, և Թուրքիան է հրահրել այս ռազմական գործողությունները: Երկրորդը՝ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ, երկրներ, պետություններ՝ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, այլ երկրներ, ընդունել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը ձեռնարկելու համար: Եվ, ըստ էության, ես հստակ ասում եմ, որ, այո՛, Թուրքիան վերադարձել է 100 տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ՝ որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում, և աշխարհը պետք է առերեսվի այս փաստի հետ: Ես ասել եմ, որ եթե այս փաստը պատշաճ ձևով գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում:
Ֆրանս24 - Պարոն վարչապետ, մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես կուզենայի ևս մեկ հարց ուղղել Ձեզ։ Վերջերս պատասխանելով քաղաքացիական անձանց սպանություններին առնչվող հարցադրմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Հայաստանին ռազմական տեխնիկան քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայելու մեջ, ինչն էլ իր կարծիքով հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի։ Ձեր մեկնաբանությունը, պարոն վարչապետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Գիտեք, վերջերս տեսանյութ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի ռմբակոծությունների մասին, և միջազգային լրատվամիջոցները նկարահանել են այդ տեսարանները: Եվ ես ուշադրություն դարձրի, որ այդ տեսարաններում, այն տեղերում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք չկա, այլև ընդհանրապես ոչ մի զինվորական չկա: Դա արվում է ցեղասպան քաղաքականության շրջանակում: Ալիևը, Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով: Եվ կարող են միջազգային լրատվամիջոցները վկայել դա, որ Ստեփանակերտում ընդհանրապես տեղի է ունենում հետևյալը՝ ուղղակի քանդվում են մարդկանց տները, որ նրանք հետագայում այդտեղ ապրելու հնարավորություն չունենան: Եվ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, և այս հարցի լուծումը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակում: Որովհետև Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա ուղղակի բացառված է, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսն սկսել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի:
Ֆրանս24 -Պարո՛ն վարչապետ, և ամենավերջին հարցը։ Դուք աննախադեպ մեծ հեղինակություն եք վայելում Ձեր երկրում։ Միջազգային հանրությունը չափազանց բարյացակամ վերաբերմունք դրսևորեց Ձեր կառավարության հանդեպ։
Բոլորովին վերջերս՝ 2018 թ., խաղաղ գործընթացի արդյունքում, որը հայտնի է որպես թավշյա հեղափոխություն, Դուք եկաք իշխանության։ Ինչու՞ չեք օգտագործում Ձեր հեղինակությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար, որն ինչպես Դուք գիտեք, ենթադրում է փոխզիջում` տարածքային զիջումներ, որը շատ ավելի լավ տարբերակ է, քան այն մահերն ու ավերածությունները, որը մենք տեսնում ենք այսօր և որի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ ձգձգվող հայ-ադրբեջանական այս հակամարտության ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Ես փորձել եմ անել դա և կոմպրոմիս եմ առաջարկել, բայց բանակցային այդ պրոցեսների ընթացքում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից: Եվ ես էլի ասում եմ, որ այս խնդիրն այսօր առավոտ ևս այլ լուծում չունի, քան «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի կիրառումը: Որովհետև Ադրբեջանը, հիմա նաև Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ, մի խնդիր է դրել իր առաջ՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն:
Ֆրանս24 – Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ներկայացնել, պարոն վարչապետ, թե ինչ զիջումների եք պատրաստ Դուք գնալ։ Ես Ձեզ կխնդրեի այդ ենթատեքստում անդրադառնալ նաև այսպես կոչված բուֆերային գոտուն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Իհարկե, կարող եմ ավելի կոնկրետ: Երբ ես դարձա վարչապետ, ես նախ առաջարկեցի հետևյալ բանաձևը: Գիտեք, ինչ, անընդհատ խոսվում է զիջումների մասին: Նախ մենք պետք է հայեցակարգ ունենանք՝ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Եթե որևէ մեկը կարծում է, որ հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի, խոսում է հայկական կողմի կապիտուլյացիայի մասին: Դա հարցի կարգավորում չէ: Ես առաջարկել եմ, որ մենք նախ հայեցակարգային մակարդակով հասկանանք լուծման բանաձևը: Եվ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին ղեկավարն եմ, ով ասում է, որ որևէ լուծում պետք է նաև հակառակ կողմի համար ընդունելի լինի: Բայց Ադրբեջանը շարունակել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի համար, որը, ըստ էության, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով հայերից պետք է մաքրվի:
Ֆրանս24 - Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, մենք կուզենայինք Ձեզ ավելի շատ հարցեր տալ։ Սակայն, ցավոք սրտի, ժամանակակը թույլ չի տալիս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Շնորհակալ եմ:

Դիտվել է՝ 5479

Մեկնաբանություններ