Ազգային ժողովի փոխնախագահ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ կարծիքով՝ Արցախյան հարցը ռազմական լուծում չի ունեցել, չունի ու չի էլ կարող ունենալ: Ըստ նրա՝ այն դիվանագիտական խողովակներով պետք է լուծել: «Իրատեսի» հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորը նշեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործոնն ու ներդրած ջանքերը մշտապես է կարևորել, բայց և զուգահեռաբար նշել՝ խնդրի կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Զուգահեռներ անկացնելիս կամ սպասելիքներ ունենալիս պետք է հասկանանք՝ որտեղից ազդակներ ակնկալել: Չստորադասելով որևէ այլ պետության հետ ունեցած կապերը՝ Ռուսաստանի Դաշնության հետ՝ որպես մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ, առավել քան ակտիվ պետք է փոխգործակցենք, այլ բանաձև պարզապես գոյություն չունի:
-Պարոն Էնֆիաջյան, Ձեր շեշտադրումը որքանո՞վ է տեղավորվում հատկապես վերջին տարիներին Հայաստանում տարվող հակառուսական ակտիվ քարոզչության մեջ։
-Հայաստանում գրասենյակներ ու մարդիկ կային ու կան, որ, այո, հակառուսական քարոզ են տարել ու տանում: Այսօր, իհարկե, նման հարցերով խորպես զբաղվելու, դրանք ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակը չէ, բայց պատասխաններ տալու ժամանակը գալու է:
-Պատերազմի առաջին օրվանից մինչև այսօր չեն դադարում խոսակցությունները, թե որտե՞ղ է Ռուսաստանը, ու եթե նա մեր ռազմավարական գործընկերն է, ինչու՞ չի օգնում և այլն:
-Պետք է հասկանանք՝ ռազմավարական գործընկերոջից ի՞նչ ենք ակնկալում, ու ի՞նչ է անում նա: Պետք է հասկանանք նաև՝ ինչ մեթոդներով ու ռազմավարությամբ է մեզ օգնելու, որովհետև ՌԴ-ն էլ իր հերթին միջազգային մի շարք պարտավորություններ ու հարաբերություններ ունի, որոնց հետ պետք է հաշվի նստի: Միշտ էլ կարելի է մտածել, որ եղածից կամ արածից ավելին էր պետք անել, բայց ինքներս մեզ հարց տալի՞ս ենք, օրինակ, թե բանակցությունները ո՞ր երկրում են տեղի ունենում, ո՞ր երկրի միջնորդությամբ են արդեն քանիցս հանդիպում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Եվ, վերջապես, ամեն բան չէ, որ բարձրաձայնման ու հրապարակման ենթակա է:
-Մի քանի օր շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, Ազգային ժողովի խմբակցությունների, սեփական թիմակիցնեի հետ: Ի՞նչ եք կարծում, նա ՀՀ քաղաքացիների հե՞տ էլ կերկխոսի:
- Մեր երկրի հպարտ քաղաքացին, այո, պետք է տեղեկացված լինի ռազմաճակատում տիրող իրավիճակի ու գործողությունների մասին: Տեղեկացնողը պետք է վարչապետը լինի: Ազնիվ երկխոսություն պետք է տեղի ունենա, հիմա առավել քան հասունացել է այդ պահը:
-Շատ է խոսվում «Լավրովյան պլանի» մասին: Հարցին այդկերպ լուծում տալուն ինչպե՞ս եք վերաբերվում:
-Խնդրի լուծման տանող ուղիներն ու բոլոր տեսակի բանակցությունները պետք է դիտարկել Արցախի բնակչության անվտանգության ապահովման դիտանկյունից, ինչի երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:
-Պատերազմի ավարտից հետո միջազգային կառույցների հետ հարաբերությունները հստակեցնելու խնդիր պե՞տք է դնել արդյոք:
-Միջազգային կառույցների մտահոգությունները, գնահատականներն արդեն սպառել են իրենց: Ադրբեջանն այն երկիրը չէ, որ ականջալուր լինի միջազգային տարբեր կառույցների կոչ-հորդորներին կամ հետևություններ անի դրանցից: Հայտարարություններին պետք է հստակ գործողություններ հետևեն: Թե չէ այդ մտահոգությունների ներքո 100 տարի առաջ ցեղասպանութուն է եղել: Այժմ չպետք է թողնել, որ նույն բանը կրկնվի:
-Թեև զինվորական կամ ռազմական գործիչ չեք, բայց ի՞նչ եք կարծում, ե՞րբ կավարտվի պատերազմը:
-Ներքին համոզմունք ունեմ, որ մեր զինված ուժերն ու քաջարի մարտիկները զսպող գործողություններով առաջիկայում հակառակորդին պարտադրելու են հրադադարի գնալ ու նստել բանակցային սեղանի շուրջ: Մեր հույսը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վրա պետք է դնենք: Անկախ քաղաքական հայացքներից, քինախնդրություններից՝ պետք է համախմբվենք ու մեզ համար ցանկալի լուծումը պարտադրենք: Ինքնախաբեությամբ կզբաղվենք, եթե հույսներս տարածաշրջանում ազդեցություն ունեցող կազմակերպությունների կամ միջազգային կառույցների տված գնահատականների վրա դնենք:
Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ