Ի՞նչ ասաց Վաշինգտոնը

Ի՞նչ ասաց Վաշինգտոնը
24.10.2020 | 14:07

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ասել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին և խոսել «լավ առաջընթացի մասին»։ Թրամփը, հայտարարել է. «Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը։

Հարցին՝ խոսե՞լ է Հայաստանի կամ Ադրբեջանի ղեկավարների հետ, Թրամփը պատասխանել է՝ «Չեմ ուզում խոսել»՝ անորոշ թողնելով՝ չի ուզում հարցի՞ն պատասխանել, թե՞ Փաշինյանի ու Ալիևի հետ խոսել։ ԱՄՆ Կոնգրեսում մի քանի բանաձև է ներկայացվել, մեկը վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը, մյուսով առաջարկվում է դադարեցնել զենքի մատակարարումները Թուրքիային և Ադրբեջանին, երրորդով՝ Մագնիցկու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների նկատմամբ։ Փաստացի՝ Վաշինգտոնում որևէ համաձայնագիր չստորագրվեց, ու դա մեծ հրճվանք է Բաքվի ու Անկարայի, նաև՝ Մոսկվայի համար: Վաշինգտոնում հանդիպումներից առաջ Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ «Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնում ամերիկացի գործընկերները Ռուսաստանի հետ համահունչ կաշխատեն»։ «Ցանկալի է, որ ԱՄՆ-ն իր ներդրումն ունենա ԼՂ-ում իրավիճակի կարգավորման գործում»:

Իմա՝ Վաշինգտոնը ավելին չի անի, քան՝ Ռուսաստանը: Թուրքական Star-ը երեկ հաղորդել էր, որ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդատ Օնալը և Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը քննարկել են Լիբիայի ու Սիրիայի հարցերը Մոսկվայում: Խորհրդակցություններից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լիբիայի իրավիճակը քննարելիս գրանցվել է առաջընթաց քաղաքական, ռազմական ու տնտեսական ուղղություններով միջլիբիական բանակցություններում: Ընդգծվել է, որ լիբիական ազգային երկխոսությունը պետք է հենվի Բեռլինի կոնֆերանսի և ՄԱԿ-ի ԱԽ 2510 բանաձւր վրա: Սիրիայի իրավիճակը քննարկելիս նշվել է Ռուսաստանի ու Թուրքիայի համակարգված ջանքերի արդիականությունը Աստանայի գործընթացի շրջանակներում՝ աջակցելով խնդրի լուծմանը ՄԱԽ-ի ԱԽ 2254 բանաձևի հիման վրա: Իմա՝ ճիշտ էր միջազգային փորձագետների կանխատեսումը, որ Մոսկվան ու Թուրքիան բախվել են միմյանց Սիրիայում ու Լիբիայում և Արցախում Թուրքիայի ներգրավվածությունը պատասխանն է Մոսկվային՝ Մերձավոր Արևելքում հակասությունների դիմաց: Ճիշտ էր նաև կանխատեսումը, որ Մոսկվան ու Անկարան ձգտելու են պայմանավորվել նաև Արցախի հարցում՝ դուրս թողնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Երևանին ու Բաքվին: Այլապես ինչո՞վ բացատրել, որ հենց այն օրը, երբ ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Վաշինգտոն բանակցելու Արցախի հարցով, Արցախի նախագահը նամակ է գրում ՌԴ նախագահին՝ պատմական էքսկուրսից հետո խնդրելով նրա աջակցությունը: Մեղմ ասած՝ Արայիկ Հարությունյանի նամակը Զորի Բալայանի հայտնի նամակի սեղմագիրն էր: Դա հարվա՞ծ չէր ոչ միայն հայկական բանակին, այլև՝ Զոհրաբ Մնացականյանին, ԱՄՆ կոնգրեսմեններին, որ պահանջում են Արցախի ճանաչումը, պատժամիջոցներ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների նկատմամբ: Հայաստանում համարյա աննկատ մնաց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրադադարի միջնորդությունը, որը, ճիշտ է, նույնպես ձախողվեց, բայց հենց ձախողումը հիմք էր տալիս, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Ու այս պայմաններում ՀՀ ԱԳ նախարարը գնում է Վաշինգտոն, փաստացի՝ ռեալ օրակարգում չունենալո՞վ, թե՞ ունենալով Արցախի ճանաչումը, հայտնի չէ:


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցել ըստ էության՝ ասել էՊետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի առանձին հանդիպումների արդյունքները։

«Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն սուբստանտիվ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտությունը կարգավորելու համար ՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ բռնության սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների մասին», – ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը: Այսինքն՝ ԱՄՆ-ը պնդել է վերադարձը մադրիդյան սկզբունքներին, իմա՝ այս խելագար պատերազմի քաղաքական արդյունքը զրոյանում է, Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչական պետություն դառնալը, ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության ու ռազմագերիների նկատմամբ ներվում են, ամեն ինչ անտեսվում է հանուն բանակցությունների՞:


ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը CNN-ի եթերում բարձրաձայնել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին: «Երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք ամրապնդել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, խաղաղ լուծման վերադառնալ, մենք ստանում ենք Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից հաղորդագրություններ, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը կրկին թիրախավորվում են Ադրբեջանի Զինված ուժերի կողմից: Քաղաքացիներ են զոհվում»,- ասել է Մնացականյանը: Նա հավելել է, որ կան անվտանգային գծեր, որոնց չլինելու դեպքում ԼՂ ժողովուրդը կկանգնի էթնիկ զտման սպառնալիքի առաջ:


«1992-1993թթ. մենք ունեինք շատ վտանգավոր իրավիճակ, երբ Ադրբեջանն օկուպացրել էր Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, այնտեղ բնակվող մարդիկ տեղահանվել էին, հայերը կարողացան իրենց կյանքը պաշտպանելով ձևավորել անվտանգային գծեր, որոնք մինչ օրս կան, եթե չլինեն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է նորից բախվել այդ էթնիկ զտումներին»,- նշել է նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ Հայաստանի համար ԼՂ հարցի լուծումը կարող է հիմնված լինել միայն փոխզիջումների վրա, իսկ լուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, որը պետք է հարգվի: Պետք է Ադրբեջանը դադարեցնի իր մաքսիմալիստական մոտեցումները»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:


Թերևս սա այն է, ինչ Զոհրաբ Մնացականյանը նաև ասել է Մայք Պոմպեոյին, ուրեմն ի՞նչ սպասել ԱՄՆ-ից: ՈՉԻՆՉ: Երբ ՈՉԻՆՉ ես ուզում, ստանում ես ՈՉԻՆՉ:
Ու նույն ՈՉԻՆՉԸ ստանալու ենք նաև Փարիզից, որովհետև մենք միայն ՄՈՍԿՎԱՅԻՑ ակնկալիքներ ունենք, իսկ Մոսկվան՝ իր շահերից ելնելով ռազմավարական համագործակցության մեջ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, և Վալդայ ակումբում Պուտինն արդեն ասեց՝ ինչ է ուզում ու ինչ է անելու: Փաստացի՝ ՀՀ բոլոր նախագահները, և դա վկայում է Արայիկ Հարությունյանի նամակի նախապատմությունը ու մամուլում հայտնված տեղեկությունները, որ միտքը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, այսքան տարի բանակցել են, թե ինչ գնով վերադարձնեն ազատագրված հողերը՝ իմա՝ ապահովել կարգավիճակ ու անվտանգություն, Արցախի Հանրապետության ճանաչումը համարելով ածանցյալ: Մինչդեռ հիմա իրավիճակ է փոխվել՝ առաջինը պետք է լինի Արցախի Հանրապետության ճանաչումը, որը կապահովի և կարգավիճակ և անվտանգություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու՝ ի՞նչ: Եթե Վաշինգտոնում հրադադարի համաձայնություն չի եղել, կամ եղել է, բայց չի հրապարակվում, ինչի՞ սպասել: Եթե հիմա էլ պատերազմը չդադարի, մնում է կռվել ու պահանջել Արցախի անկախության ճանաչումը: Առաջին հերթին Փարիզից ու Վաշինգտոնից: Եվ նամակներ գրել ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, որ կռվում են ու չեն հանձնվում:

Դիտվել է՝ 2991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ