Լեռնային Ղարաբաղ. Արյունոտ պատերազմի մեկ ամիսը

Լեռնային Ղարաբաղ. Արյունոտ պատերազմի մեկ ամիսը
28.10.2020 | 09:33

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստիվեն Բիգանի հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո հաղորդվեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածության մասին: Բայց ռուս, ամերիկացի ու եվրոպացի շատ փորձագետներ կանխատեսում էին, որ «վաշինգտոնյան հրադադարը» երկար չի տևի, թեկուզ այն պատճառով, որ ԱՄՆ-ի քաղաքական համակրանքները թեքվում են դեպի Հայաստանը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ «հայերը կկարողանան իրենց պաշտպանել»: Հետո Թրամփը ինտրիգային հայտարարություն արեց: Նա բացատրեց, որ «կարգավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը հեշտ է» և խոստացավ, որ Վաշինգտոնը դա կանի: «Ես սա անվանում եմ «հեշտ դեպք»: Մենք հարցերը կլուծենք,-ասաց նա Նյու Հեմփշիրի նահանգի միտինգում:-Գնացեք ու ասեք ձեր ժողովրդին: Դա հեշտ է, երբ գիտես ինչ անել»: Նա հիշեցրեց ինչպես վերջերս Սերբիայի ու Կոսովոյի ղեկավարները «գրկախառնվեցին ու համբուրվեցին» Սպիտակ տանը: Դա համապատասխան արձագանք առաջացրեց Բաքվում ու Երևանում, որտեղ ենթադրեցին, որ ամերկացիներն ունեն Լեռնային Ղարաբաղը «կովկասյան Կոսովոյի» վերածելու ծրագիր: Ավելին՝ Թրամփը մատնանշեց երկու գլխավոր խաղացողների, որոնց հետո ԱՄՆ-ը մտադիր է գործ ունենալ՝ Երևանը և Բաքուն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «աշխատում է Հայաստանի հետ» և «շատ լավ առաջաընթացի» է հասել: Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ռոբերտ О'Բրայենը ճշտեց, որ «Երևանը համաձայն է հրադադարի, իսկ Բաքուն դեռ ոչ և Վաշինգտոնը մղում է նրան այդ որոշմանը»: Իրադարձությունների այդ ընթացքը դուր չի գալիս Թուրքիային, որին ԱՄՆ-ը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանն ու Ֆրանսիան, չեն ընդունում իբրև կոնֆլիկտի կարգավորման մասնակից: Ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանը կտրել Անկարայից, Թուրքայի վրա ճնշում գործադրելու փոխարեն: «Այդ պատճառով, -գտնում է Արևելյան հետազոտությունների Վարշավայի կենտրոնի փորձագետ Մաթեուշ Խուձյակը,- Անկարային այս փուլում ձեռնտու չէ «ամերիկյան դարաբաղյան խաղաղությունը», և ամեն ինչ արեց, որ ձախողի վաշինգտոնյան հրադադարը»: Հրադադարը համընկավ ղարաբաղյան նոր պատերազմի մեկ ամսին: Ճիշտ ժամանակն է միջանկյալ արդյունքներն ամփոփելու:


Առաջին՝ պատերազմը ձգձգվում է, առաջընթաց չի երևում ոչ միայն խաղաղ կարգավորման հարցում, այլև մարտավարական հրադադարի՝ հումանիտար նպատակներով: Կոնֆլիկտի կողմերը մարդկային ու նյութական ծանր կորուստներ են կրում: Հոկտեմբերի 22-ին Պուտինը «Վալդայ» բանավիճային ակումբում նշեց, որ իր տվյալներով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն են 2000 զոհված ամեն կողմից, իսկ ընդհանուր թիվն արդեն 5000-ին է մոտենում: Le Monde-ի տվյալներով՝ այս պահին Բաքում վերահսկողության տակ է վերցրել դաշտային Ղարաբաղի ընդամենը 2 շրջան: Եվրոպացի փորձագետները գտնում են, որ «դա բնավ էլ այն չէ, ինչ համատեղ ծրագրել են Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր շտաբները, իրադարձությունների այս ընթացքը նրանց համար անակնկալ է»: Սկզբում ենթադրվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կսահմանափակվի ավելի մեծ տարածքային ձեռքբերումներով, քան 2016-ին, իսկ հետո կդադարեցնի հարձակումը՝ հայտարարելով իր հաջողության մասին, ու կսկսի խաղաղ բանակցությունները: Բայց դրան դեմ է Թուրքիայի նախագահ Էրդողանը, որ ոտնահարում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, դա առաջին դիրք է բերում ղարաբաղյան պատերազմի վերջնանպատակը:


Երկրորդ՝ հստակ ուրվագծվում է Անկարայի ձգտումը վերաֆորմատավորել Մոսկվայի հետ հարաբերությունները Անդրկովկասում, փոխել գոյություն ունեցող ստատուս քվոն և դրանից հետ Մոսկվայի հետ պայմանավորվել՝ առանց Արևմուտքի մասնակցությամն, ինչպես եղել է 1920-ականներին Լենինի ու Աթաթուրքի միջև: Հիմա ռուս շատ փորձագետներ հայտարարում են, որ Էրդողանն իրականացնում է իր նեոօսմանյան նախագիծը, բայց չեն նշում, որ նա հակաարևմտյան այդ ճանաճահին ոտք դնելու է հրավիրում Պուտինին: Ավելին՝ Անկարան գտնում է, որ միջազգային հարաբերությունների ճարտարապետությունը Արդրկովկասում ու Մերձավոր Արևելքում փոխվում է, որը Թուրքիայի ու Ռուսաստանի առաջ աշխարհաքաղաքական նոր հնարավորություններ է բացում: Այդ ենթատեքստում է Անկարան իր ներգրավումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացներում համարում բնական և սպասում է Մոսկվայի արձագանքին, որ համատեղ ավելի բարդ աշխարհաքաղաքական դասավորումներ սկսի Մեծ Մերձավոր Արևելքում: Այդ պատճառով Ադրբեջանը, իբրև Թուրքիայի հետ այդ խաղի մասնակից, կոնֆլիկտի մեջ մաքսիմալիստական դիրք ունի:


Երրորդ՝ տարածաշրջանային ու գլոբալ աշխարհաքաղաքական ուժերի դասավորումները չեն նպաստում կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի դիրքերի ամրապնդմանը: Անկարան, իբրև Մինսկի խմբի անդամ, ղարաբաղյան ճակատում հրադադարից ոչինչ չի շահում, այդ պատճառով շահագրգռված է իրավիճակը սրելով: Կա նաև ներքաղաքական ֆոնը՝ դժվար տնտեսական և անկայուն համաճարակային իրավիճակը, որ սպառնում է վատանալ: Անկարան պատրաստակամություն է ցուցադրում վճռականորեն լինել Ադրբեջանի կողմում և դառնալ Անդրկովկասում աշխարհաքաղաքական ինտրիգի մասնակից, որ հետո հնարավորություն ունենա վերարտադրել նույնը Սիրիայում ու Լիբիայում: Բայց առայժմ Էրդողանը նյարդայնանում է, ղարաբաղյան ճակատում իր անհաջողությունները բարդում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու հույների վրա (առանց ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցնելու՝ նա հայտարարել է մասշտաբային զորավարժություններ Միջերկրականում՝ հունական կղզիների մերձակայքում): Մոսկվայի համար հազիվ թե գաղտնիք են Էրդողանի գործողությունները կամ Ալիևի դրեյֆը դեպի Թուրքիա: Բայց երբ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ մի կողմից՝ Անկարան Ռուսաստանի ռազմավարական գործընկերը չէ, մյուս կողմից խոսում է Թուրքիայի հետ լավ հարաբերությունների մասին, թեպետ «ոչ բոլոր դեպքերում են մեր տեսակետները համընկնում այս ու այն պրոբլեմների նկատմամբ», ծագում են բազում հարցեր, որ դեռ պատասխան չունեն:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իսկ պատասխանները տասնամյակների ռուս-թուրքական հարաբերությունների տրամաբանության մեջ են: Թուրքիան ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, երբ երկուսի էլ հարաբերություններն Արևմուտքի հետ վատ են, դառնում են առանձին հարցերում գործընկեր, երբ մեկը կամ մյուսը լեզու է գտնում ԱՄՆ-ի կամ Արևմուտքի հետ: Սա է ամբողջ գաղտնիքը: Լենինը համաշխարհային հեղափոխություն էր ուզում արտահանել «հեղափոխական թուրք ասկյարի» միջոցով, վերցրեց Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, որ Թուրքիայի տիրապետության տակ չէին եղել ու նվիրեց Աթաթուրքին, Ստալինը Հայաստանից վերցրեց Արցախն ու Նախիջևանը, ի՞նչն է անհասկանալի: Էրդողանը ջանում է նույնը անել՝ Հայաստանի ու Արցախի հաշվին իր հարցերը լուծել Ռուսաստանի հետ Մեծ Մերձավոր արևելքի իր ցնորամիտ ծրագրերում: Իսկ «Վալդայ» ակումբում Պուտինը ոչ միայն կոնֆլիկտի կողմերի զոհերից էր խոսում, այլև ակնարկում էր, որ հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի փոփոխություն: Պայծառատես պետք չէ լինել՝ հասկանալու, թե ինչ կամ ում նկատի ուներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ