«Իրատեսի» զրուցակիցն է Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ։
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին տարբեր հարթակներից փորձում է բացատրել, թե ինչպես եղավ, որ ստորագրեց կապիտուլյացիայի մասին հայտարարությունը: Փաստարկները համոզի՞չ են, այլ ելք չկա՞ր:
-Դեռ վերջերս էի նշել, որ այն անորոշությունը, որով հանդես է գալիս վարչապետն Արցախի հարցում, ամենավտանգավորն է,- ասում է տիկին Ալավերդյանը։- Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հասկացավ, որ ժողովրդի կարծիքն ազնիվ է, հակառակ իր տեսակետին` արժանապատվություն ունեցավ ու հրաժարական տվեց։ Ի տարբերություն նրա` այսօր այնպիսի ղեկավար ունենք, որն իր քաղաքական ողջ կարիերան կառուցել է ստի վրա: Մինչև պատերազմը մեկ այլ առիթով արտահայտվել ու անվստահություն եմ հայտնել թե՛ վարչապետի, թե՛ կառավարության նկատմամբ։ Համեմատելով երկուսուկես տարվա ընթացքում նրա արտաբերած բոլոր մտքերը՝ առանձնացրել եմ՝ դրանք անձի պաշտպանության, իշխանությունը պահպանելու համար ասված խոսքեր են։ Ցանկացած պետության ղեկավար, պաշտպանության նախարար և ազգային անվտանգության ծառայության պետ նման պարտությունից հետո ոչնչի չեն սպասում, միանգամից հրաժարական են տալիս։ Արժանապատվություն ունեցող պաշտոնատար անձանց է բնորոշ ընդունելով անհաջողությունը՝ հրաժարական տալ:
-Բայց վարչապետի հայտարարություններից հասկանում ենք, որ իշխանությունը չի պատրաստվում զիջելու:
-Վարչապետը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը: Համոզված եմ, որ 2018-ի ապրիլի ամբողջ քաղաքական վերադասավորումների հիմքում Արցախն է եղել, ավելի կոնկրետ` հանձնել այն և դրանով պատմության մեջ որպես «հերոստրատ» մնալ: Բայց, վստահեցնում եմ, որևէ մեկը չի մոռանալու այս աստիճանի ծանր հանցագործությունը։ Եռակողմ այդ հայտարարությունը կամ փաստաթուղթը նաև սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ հանցագործություն է: Այժմ կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ եկել է Արցախի «խնդիրը լուծելու» համար, և նա, ցավոք, կանգ չի առնելու. Փաշինյանը դա իր առաքելությունն է համարում։
-Կարծում եք, որ նա պատրաստ է անելու վատթարագույնը, միայն թե պատմության մե՞ջ մնա:
-Այո, և իր քայլերի «արդարացիության» մեջ ոչ միայն ինքն է համոզված, այլև ուզում է համոզել ուրիշներին նույնպես, որ սա է փրկության ճանապարհը: Քիչ թե շատ խելացի մարդիկ հասկանում են՝ ինչ է անում Փաշինյանը, բայց անգամ ռուս քաղաքագետներն են գրում՝ եթե Հայաստանը կորցնում է Արցախը, կասկածի տակ է դրվում Հայաստանի անվտանգությունն ամբողջությամբ:
-Ասացիք, որ Արցախը հանձնելու քայլին հաջորդելու է մեկ այլ քայլ։ Ի՞նչ նկատի ունեք:
-Այդ տիպի մարդիկ պատրաստ են ամեն ինչի։ Այսօր անգործության է մատնված ոչ միայն կառավարությունը, այլև ամբողջ պետական համակարգը բացի իրավապահներից։ Ներկա իշխանությունն անում է այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են քայքայիչ աղանդներին։ Առավել քան վտանգավոր եմ համարում այն «ֆեյք» օգտատերերին, որ այս օրերին «աջակցում» ու «սատարում» են վարչապետին: Վարձկան-ահաբեկիչներ են դրանք, ովքեր այսօր պնդում են, թե Փաշինյանի այս քայլը ճիշտ էր, և մի բան էլ ուզում են մեծարել իսկական հայատյաց քաղաքականություն վարող և պետության անվտանգության դեմ հանցագործությունների հեղինակ Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք՝ այն տեսակետին չեմ, թե դրանք իրական մարդիկ չեն, ի վերջո, այդ «ֆեյքերի» հետևում մարդիկ են, ու, ցավոք, հիմնականում երիտասարդ աղջիկներ ու տղաներ: Նրանք ազգադավ գործողություններ են անում, անիծում են իրենք իրենց:
-Տասնութ քաղաքական ուժեր դուրս են եկել փողոց և հանրահավաքներ են անում, առաջնորդում են հավաքված բազմությանը և պահանջում վարչապետի հրաժարականը։ Ո՞րն է Ձեր վերաբերմունքը այս հարցին։
-Այդ ուժերի պահանջն ամբողջովին արդարացված է։ Կրկնում եմ՝ հրաժարականի պահանջն ուղղակի արժանապատվության խնդիր է, բայց և չեմ կարծում, որ այդ պահանջի ներքո Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հրաժարական տալու։ Համաձայնենք, այո, որ զինադադարն անհրաժեշտ էր` առնվազն հումանիտար նպատակներով, բայց Հայաստանի տարածքին վերաբերող այն կետերը, որոնք վարչապետը համարձակություն է ունեցել ստորագրելու, ամբողջովին դավաճանություն է։ Խախտել մի քանի սահմանադրական նորմ և այնպիսի կեցվածքով հանդես գալ, թե ես ճշմարիտ ճանապարհի վրա եմ, ուղղակի քաղաքական խուլիգանություն է։ Ինձ խիստ հետաքրքրում է՝ այդ ինչպե՞ս եղավ, որ մի գիշերվա մեջ Ադրբեջանի զորքը, ծանր տեխնիկայով, Հադրութից հայտնվեց Շուշիում, ո՞վ էր նրանց տվել այդ «կանաչ լույսը»։ Ոչ թե պարտվել է զինվորը կամ սահմանին կռվողը, այլ պարտվել և ավելին` հանձնվել է քաղաքական ղեկավարությունը։ Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը համաձայնեցված գործել են` հօգուտ այսօրվա արդյունքի, հիմա էլ ուզում են արդարանալ և մեղքը գցել զինվորների և ռազմական գործողությունների մեջ ներգրավված անձանց վրա։ Չի՛ ստացվի։
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ