Ո՞ւր է կորել այդ գումարը-2

Ո՞ւր է կորել այդ գումարը-2
18.11.2020 | 14:08

«Իրատեսի» ս.թ. թիվ 77-ում «ՈՒ՞ր է կորել այդ գումարը» վերտառությամբ հրապարակումը մասնավորապես տեղեկացնում էր. «Դեռևս անցած տարի դեկտեմբերին «Դվին» հյուրանոցում կայացած հերթական հանգանակության ժամանակ Աննա Հակոբյանը հայտարարեց թե սփյուռքահայ բարերարներից մեկը խոստացել է վճարման տեսքով կրկնապատկել հանգանակված գումարը։

Հիշեցնենք, որ հիմնադրամի դրամահավաք-ընթրիքի ընթացքում հանգանակվել է 700000000 ՀՀ դրամ: Բարերար Քրիստին Սիմոնն էլ երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել հանգանակված գումարը՝ դարձնելով այն 1400000000 ՀՀ դրամ: Սակայն արի ու տես, որ անունը կա, ամանում չկա։ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվության մեջ նման գումար գոյություն չունի։ Այսինքն, «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքում կրկնապատկված 700 մլն դրամի մասին ոչ մի ակնարկ անգամ չկա։ ՈՒ՞ր է կորել այդ գումարը»:


Հրապարակմանը հաջորդեց «Իմ քայլը» հիմնադրամի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Ավետիսյանի պատասխանը, որը մեջբերում ենք աբողջությամբ:

«Ի արձագանք ս.թ. նոյեմբերի 17-ին Ձեր հեղինակած «ՈՒ՞ր է կորել այդ գումարը» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում ենք, որ 2019 թ. դեկտեմբերի 14-ին Հիմնադրամի դրամահավաք երեկոյի ընթացքում ստացել ենք 700,000,000 ՀՀ դրամ նվիրատվության խոստում, որը տարվա ընթացքում պետք է կրկնապատկեր Հիմնադրամի հիմնական բարերարներից Քրիստին Սիմոնի կողմից, որի մասին տիկին Սիմոնը հայտարարեց երեկոյի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի միջոցով։ Արդյունքում գումարը պետք է կազմեր շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ:

2019-ի դրամահավաքը տրամաբանորեն 2020 թ. համար է արվել, վերը նշված նվիրատվության խոստումներից այս պահի դրությամբ փոխանցվել է 506,750,000 ՀՀ դրամ, իսկ տիկին Սիմոնի նվիրատվության խոստումն ամբողջությամբ կատարվել է:
Ինչպես նախորդ տարի և ինչպես սահմանում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը Հիմնադրամն անցնում է ամենամյա պարտադիր աուդիտ: 2020 թ. հաշվետվությունն օրենքով սահմանված կարգով հրապարկվելու է 2021 թ.: Հետևաբար, Irates.am-ի լրագրողն այն չէր կարող գտնել Հիմնադրամի 2019 թ. հաշվետվության մեջ:

Հերքման պահանջի իրավունքով ակնկալում ենք, որ այս գրությունը, որը Ձեր չստուգված, իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններով հրապարակման ուղիղ արձագանք է, նույնպես օրվա ընթացքում հրապարակվի Irates.am լրատվական կայքում և տարածվի սոցիալական էջերում:
Հետայսու, խնդրում եմ, որ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի գործունեությանն առնչվող տեղեկությունների ճշգրտման համար դիմեք գրավոր հարցումով՝ info@mystep.foundation կամ press@mystep.foundation էլգ հասցեներին:
Գործունեության հիմքում ունենալով թափանցիկ ու հաշվետու աշխատանքի գրավականը՝ պատրաստակամ ենք մեզ ուղղված գրավոր հարցումներին պատասխանել հնարավոր սեղմ ժամկետներում:
Շնորհակալություն»:


Հերքման տեքստից պարզվեց, որ հիմնադրամը ակամա խոստովանական ցուցմունքներ է տալիս այլ «էպիզոդներով»:
1.Նախ երկրորդենք հերքման պահանջի հետևյալ հատվածը. «2019-ի դրամահավաքը տրամաբանորեն 2020 թ. համար է արվել, վերը նշված նվիրատվության խոստումներից այս պահի դրությամբ (17 նոյեմբերի, 2020 թ.-խմբ.) փոխանցվել է 506,750,000 ՀՀ դրամ, իսկ տիկին Սիմոնի նվիրատվության խոստումն ամբողջությամբ կատարվել է»:
Ավելի վատ, որ կատարվել է:
2019-ի դեկտեմբերի 14-ին հայտարարված 700 միլիոնի իբր նվիրաբերելու փաստը, ստացվում է կեղծիք էր: Այն է` հիշյալ 700 միլիոնը գոյություն չի ունեցել:
Նաև նշանակում է` խաբել են «խեղճ» սփյուռքահային: Ստացվում է վերջինս միամտաբար վստահել ու հավատացել է «ժողվարչապետի» տիկնոջ հավաստիացմանը և կրկնապտկել չեղած 700 միլիոնը: (Կազինոյի հաճախորդների բառապաշարով ասած` «ընտանիքը» դուբլել է):
2.Անսալով հերքման պահանջի հորդորին «այցելեցինք» «Իմ քայլի» պաշտոնական կայք փաստացի «ընդունելու» մեր սխալը և տեսնելու «այս պահի դրությամբ փոխանցված 506,7 միլոն դրամը»: Սակայն պարզվեց, որ «այս պահի դրությամբ» ֆիքսված է բոլորովին այլ թիվ` 419,3 միլիոն դրամ:
Եզրահանգումը թողնում ենք հաջորդ իշխանություններին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Կարծում ենք, բարերարը պետք է շնորհակալություն հայտնի 2019-ի դեկտեմբերի 14-ի դրամահավաքի կազմակերպիչներին, որ «օդում կախված» 700 միլիոնի փոխարեն չեն հայտարարել, օրինակ, 1 կամ 2 միլիարդ դրամ: Կարող էին, չէ՞…

Դիտվել է՝ 1714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ