Իսկ ստեղծված քաոսի պատասխանտո՞ւն ով է

Իսկ ստեղծված քաոսի պատասխանտո՞ւն ով է
24.11.2020 | 22:20

Իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հրաժարվում է ընդունել, որ պատերազմում պարտություն կրելու ու կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթուղթ ստորագրելու մեղավորությունն իրենն է: Իշխանությունն այժմ մեղավորներ է փնտրում: Մեղավոր են բոլորը, բացի իրենցից:

Մեղավոր են զինվորները, որ չեն կռվել, մեղավոր են արցախցիները, որ փոքրիկների կյանքը փրկելու համար ժամանակավոր ապաստան են գտել Հայաստանում, մեղավոր են լրագրողները, որ պատերազմի օրերին բարձրաձայնել են խնդիրների մասին, մեղավոր է միջազգային հանրությունը, որ մեր «դարդին դարմանն» չի արել, ի վերջո, մեղավոր են նախկինները, որ նախկին են: Համաձայն եմ, բոլորս էլ ունենք մեղքի մեր բաժինը, իսկ իշխանությունը, ենթադրենք, ոչնչում էլ մեղավոր չէ: Շուշին ու Հադրութն ինքը չի հանձնել, Թուրքիային Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան ճանապարհ չի տվել: Եվ, առհասարակ, ո՛չ լսել է, ո՛չ տեսել պատերազմի մասին: Իսկ ներկայիս ճգնաժամային իրավիճակը կառավարելու անկարողության, շարունակվող համատարած անպատասխանատվության, ուշացած, ուշացող և չարվող աշխատանքի համար ո՞վ է մեղավոր: Որևէ մեկը պատասխանատո՞ւ է, որ զինվորներն այժմ գետնին են քնում, որովհետև դեռ չգիտեն՝ իրենց որտեղ են տեղափոխելու: Ո՞վ է պատասխանատու այն ծնողների առջև, որոնք իրենց զավակներից մոտ երկու ամիս լուր չունեն, ո՞վ է մեղավոր, որ հաշմանդամություն կարգ տրամադրելու համար ոտքեր չունեցողին ասում են՝ արի, ներկայացի, որ հաշմանդամության կարգ տրամադրենք և այսպես շարունակ: Եվ այս մարդիկ դեռ խոսում են պատասխանատվությունից, շարունակում տաքուկ կաբինետները վայելել, «դարակազմիկ» հայտարարություններ անել ու նորից մեղավորներ փնտրել:


Հ.Գ. Հուշում՝ կարող եք մեղադրել նաև Գագիկ Սուրենյանին, որ անձրևային եղանակի մասին կանխատեսում է հաղորդում, ինչպես նաև դրամին, որ գնալով արժեզրկվում է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ