Ֆրանսիան բարձրության վրա է եղել այնտեղ, որտեղ պետք է լիներ

Ֆրանսիան բարձրության վրա է եղել այնտեղ, որտեղ պետք է լիներ
26.11.2020 | 09:26

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը դրեց քվեարկության՝ 305 սենատոր կողմ էր, դեմ՝ 1, 30՝ ձեռնպահ:

Բանաձևի տեքստը, որ օրենքի ուժ չունի և խորհրդատվական է, համատեղ առաջարկել էին քննարկել աջ Հանրապետականները. կենտրոնամետները (UDI-Union centriste), սոցիալիստական կուսակցության խմբակցությունը CRCE (հիմնականում՝ կոմունիստներ) և բնապահպանները: Բանաձևի ընդունմանը քննարկման ժամանակ դեմ էին ուլտրաաջ «Ազգային միասնության» անդամները: «Սա առաջին դեպքն էր, երբ Ֆրանսիայում իշխանության կառույցը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը»՝ նշեց Հանրապետականներ խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն՝ բանաձևը Սենատի օրակարգ մտցնելուց հետո: «Սա պրեմիերա է: Համարյա 20 տարի առաջ Ֆրանսիան բոլոր ազգերից առաջինը ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Եվ հավանաբար, մենք առաջինը կլինենք, որ նոյեմբերի 25-ին կքվեարկենք կողմ բանաձևին, որ դատապարտում է պարոն Էրդողանի գործողությունները ու պահանջում Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն, բայց գլխավորը Լեռնային Ղարաբաղի ճանաչում է պահանջում»՝ հայտարարել էր սենատորը նոյեմբերի 19-ին Sud-Radio-ի եթերում: Բանաձևի տեքստում նշված է, որ առաջարկը կատարվել է՝ հաշվի առնելով Ֆրանսիայի Սահմանադրության 34–1 հոդվածը, 1949-ի Հյուսիսատլանտյան պայմանագիրը, Լեռնային Ղարաբաղում զինադադարի 1994-ի մայիսի 12-ի պայմանագիրը և 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը:

Տեքստում նշված է.

-Հաշվի առնելով, որր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին բազմապատկում է սադրանքների, սպառնալիքների դեպքերը Ֆրանսիայի ու Եվրոպայի մյուս երկրների հասցեին,

-Հաշվի առնելով, որ Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը ապակայունացման հիմնական գործոնն է արևելյան Միջերկրականում, Մերձավոր ու Միջին Արևելքում, իսկ հիմա նաև Հարավային Կովկասում,

-Ուշադրության առնելով, որ այդ ապակայունացումը սպառնալիք է Ֆրանսիային ու Եվրոպային ընդհանրապես,

-Հաշվի առնելով, որ կոնֆլիկտը ծավալվում է աշխարհի հատկապես անկայուն երկու տարածաշրջանների սահմաններին՝ Կովկասում ու Մերձավոր Արևելքում և ունի էսկալացիայի ռիսկ, որ կարող է վերաբերվել տարածաշրջանային պետություններին,

-Հաշվի առնելով, որ Ադրբեջանին Թուրքիայի ռազմական աջակցության հիքմում ագրեսիան է, որ սկսվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ,

-Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, երբ գտնվել է Ադրբեջանի իշխանության տակ, բազմիցս ենթարկվել է կազմակերպված կոտորածի (massacre),

-Հաշվի առնելով, որ Եվրոպայի Խորհրդի ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի ռասայական շահագործման վերացման հանձնաժողովի հաշվետվությունները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ բնակության անհնարինությունը,

-Իբրև հետևանք գտնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ապահովությունն ու ազատությունը երաշխավորված չեն Ադրբեջանի Հանրապետությունում

-Հաշվի առնելով ջանքերը, որ 1994-ից ձեռնարկում է Ֆրանսիան, Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ համանախագահ է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման հասնելու նպատակով, գտնելով, որ այդ գործընթացը երկար ժամանակով դադարեցվել էր, որովհետև Ադրբեջանը դիմել է ռազմական լուծման,

Ֆրանսիայի Սենատը «դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի իշխանությունների և արտասահմանցի վարձկանների աջակցությամբ և պահանջում է անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերին ու նրանց կողմնակիցներին ռազմական գործողությունների ընթացքում գրավված տարածքներից, որ անցկացվել են Լեռնային Ղարաբաղում 2020-ի սեպտեմբերի 27-ից

-Կոչ է անում կառավարությանը զանգվածային հումանիտար օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը

-Առաջարկում է կառավարությանը Մինսկի խմբի շրջանակներում պնդել անհապաղ իրականացնել բնակչության պաշտպանությունը ՄԽ հովանու ներքո միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման ճանապարհով՝ 2007-ի խաղաղ պլանի համաձայն

-Առաջարկում է կառավարությանը կոչ անել միջազգային հետաքննություն սկսելու ռազմական հանցագործությունների, որ կատարվել են Լեռնային Ղարաբաղու, մասնավորապես քաղաքացիական բնակչության նկատմամբ, նաև միջազգային իրավունքով արգելված զինատեսակների կիրառմամբ,

-Կոչ է անում կառավարությանը հնարավորն անել, որ Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր լինի անհապաղ վերսկսել բանակցությունները կոնֆլիկտի երկարաժամկետ ու համաձայնեցված կարգավորման, որը կապահովի 1994-ին որոշարկված սահմանները, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձի իրավունքը, նաև Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը

-Առաջարկում է կառավարությանը բոլոր դիվանագիտական եզրակացություններն անել դերից, որ խաղում են Թուրքիայի իշխանությունները և քննարկել եվրոպացի գործընկերների հետ ամենավճռական պատասխան միջոցները,

-Կոչ է անում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը վերածել բանակցությունների գործիքի կայուն խաղաղություն հաստատելու նպատակով»:

Public Senat հեռուստաալիքը հայտնեց, որ քվեարկության նախօրեին Սենատի արտասահմանյան գործերով հանձնաժողովում փակ դռների հետևում լսել են Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններին: Հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոն ընդգծել է բանաձևի ընդունման կարևորությունը, չնայած սիմվոլիկ նշանակությանը: «Դա կարևոր է, որովհետև Ֆրանսիան բարձրության վրա է եղել այնտեղ, որտեղ պետք է լիներ»՝ հայտարարել է սենատորը:

Ադրբեջանում դեռ բանաձևի ընդունումից առաջ ֆրանսիացի պատգամավորների նախաձեռնությունը դատապարտել են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ նոյեմբերի 15-ին հրապարակելով դատապարտող հռչակագիր: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Ֆրանսիայի պաշտոնական կառույցների վերջին հայտարարությունները միակողմանի ու կանխակալ են»: «Մենք կարող ենք հասկանալ, որ կարևոր գործոնը հայկական սփյուռքի առկայությունն է Ֆրանսիայում, բայց երկրի պաշտոնական դիրքորոշումը պետք է հենված լինի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, նաև սկզբունքների, որ բխում են պետական պատասխանատվությունից»՝ հայտարարել է ԱԳ նախարարը՝ ըստ Vesti.az.-ի: Ջեյհուն Բայրամովը նաև նշել է, որ չեզոքությունը հիմնարար պայման է Մինսկի խմբի համանախագահ լինելու համար:

Բանաձևը Սենատում ընդունվելուց առաջ Ելիսեյան պալատը ցանկություն էր հայտնել, որ Մինսկի խումբը «լիարժեք դեր խաղա վերահսկողության մեթոդների հաստատման մեջ» Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը: Դա հայտարարվեց, երբ նոյեմբերի 19-ին նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային բանակցություններ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Սենատում քվեարկությունից առաջ ելույթ ունենալով՝ ԱԳՆ-ի՝ արտասահմանում ֆրանսիացիների զբոսաշրջության և ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, հիմնականում աջակցություն հայտնելով սենատորների բանաձևի կետերին, նշեց, որ մեկ երկիրը չի կարող միակողմանիորեն որոշել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը, դա պետք է արվի բանակցությունների ընթացքում գործընթացի մյուս մասնակիցների հետ:

Ելիսեյան պալատը նշել է, որ Ֆրանսիան հանդես է գալիս միջազգային վերահսկողության օգտին, որ ապահովի տեղահանվածների վերադարձը, հումանիտար օգնության տեղ հասնելը, արտասահմանցի վարձկանների վերադարձը (մասնավորապես՝ Թուրքիայի վարձած սիրիացիների), նաև լիարժեք բանակցային գործընթացի վերսկսման Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով: Փարիզում վստահ են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը, որ ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «պետք է ամրակայվի» կարևոր պահերի պարզաբանումով՝ մասնավորապես խաղաղ բանակցությունների շարունակման:

Reuters-ը հղում անելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին՝ հաղորդել է, որ Փարիզում տագնապում են, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են գործարք կնքել՝ բացառելու Արևմուտքին ապագա խաղաղ բանակցություններից: Փարիզում նաև անհանգստանում են Թուրքիայի դերով կոնֆլիկտի գոտում խաղաղության պահպանման առաքելության մեջ: Բացի այդ՝ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով Մինսկի խումբն ընդհանրապես չի հիշատակվում:

Նախագահ Էմանուել Մակրոնի հրահանգով ԱԳՆ-ն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղում զինված կոնֆլիկտից տուժած հայերին օգնության կառուցվածային ծրագիր»: ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ֆրանսիան «լիակատար մոբիլիզացված է այդ կոնֆլիկտի երկարաժամկետ լուծմանը հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերի շրջանակներում՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ»:

RFI

Հ.Գ. Իհարկե, հրաշալի է, որ Ֆրանսիայի Սենատը 305 կողմ ձայնով ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և բանաձևով պահանջել 1994-ի հրադադարի սահմանների վերականգնում: Բայց Սենատի ճանաչումը չունի օրենքի ուժ ու ընդամենը սիմվոլիկ է: Սենատի ճանաչումը կարող էր շրջադարձային նշանակություն ունենալ, եթե լիներ ոչ թե նոյեմբերի, այլ սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից 2 օր առաջ, կամ՝ գոնե հոկտեմբերի 25-ին: Սիմվոլիկից ազդեցիկ դառնալու համար բանաձև պետք է ընդունի Ֆրանսիայի Ազգային ժողովը, որտեղ ներկայացված բանաձը քննարկվելու է դեկտեմբերին և եթե Ֆրանսիան բոլոր գործընթացներով պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը ու պահանջի եթե ոչ 1994-ի, գոնե ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի Հանրապետության ճանաչում ԱՄՆ-ից ու Ռուսաստանից, իբրև ԵԱՀԿ համանախագահ երկրներ, ու ՄԱԿ-ում: Ի՞նչ կպահանջի դրա դիմաց Անկարան: Էրդողանն արդեն ակնարկել է՝ Թուրքիան իրեն համարում է եվրոպական երկիր և եվրաինտեգրումը նորից նպատակ է դարձել, որովհետև Էրդողանը շարունակական պատերազմների մեջ վարի է տվել տնտեսությունը ու կարիք ունի դոլարների ու եվրոների, որ չգնա դեֆոլտի: Էրդողանը առևտրի կդնի իր վերընտրվելը 2023-ին, և էլի ինչ-որ պահանջներ Միջերկրականում… Իսկ ի՞նչ ունենք մենք վճարելու դրա դիմաց: Հարցրեք Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ հիմա նա է Հայաստանի ամեն ինչը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ




Դիտվել է՝ 2373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ