Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ինքն իր դեմ ցուցմունք տալիս

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ինքն իր դեմ ցուցմունք տալիս
01.12.2020 | 12:04

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ապրել ֆեյսբուքում ու իր կարծիքով «կառավարել» Հայաստանը: Հերթական բացահայտումները, որոնց նպատակը իր բացարձակ անմեղությունը հաստատելն էր, վկայում է նրա անմեղսունակությունը, որ հանգիստ կարող է դառնալ ինքն իր դեմ ինքնախոստովանական ցուցմունք: Երեկ ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկա ու նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության դրսևորում: Փաշինյանը համաձայնել է։ Հաջորդ հանդիպմանը Ղուկասյանն ու Սահակյանը հավելել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ուզում են մեկնել Մոսկվա, բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ ու վերադարձից հետո միայն հանդիպում կազմակերպվի։ Փաշինյանը համաձայնել է, իր խոսքով, պատրաստակամություն է հայտնել պետական ինքնաթիռը տրամադրել, որից հետո Արցախի նախկին նախագահները ասել են, թե անհրաժեշտ է, որ վարչապետը միջնորդի Ռուսաստանի նախագահին, որ ընդունի Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին՝ որպես հատուկ բանագնացներ: Ու այստեղից սկսվում է ամենահետաքրքիրը՝ «Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել և դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր նախկին նախագահներին իր ինքնաթիռով ուղարկել զբոսաշրջության՝ առանց բանագնացի մանդատի, ավելի ստույգ՝ նա չէր ուզում, որ որևէ մեկը բանակցի ու հնարավոր հաջողության հասնի, որից հետո ծագելու էր պատերազմը դադարեցնողի անձի հարցը: Այսինքն՝ բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը պաշտպանել է իր ԱՆՁԸ, ոչ թե Արցախի, Հայաստանի, պատերազմը դադարեցնելու, զինվորների կյանքը փրկելու: Ու սա է, որ Նիկոլը չի հասկանում: Նա առաջարկել է կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա՝ որպես պաշտոնաթող նախագահներ՝ ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևի հյուր, որ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն է, և այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան անձանց հետ: Այսինքն՝ նորից նույնը ոչ թե ՌԵԱԼ բանակցողներ, այլ պաշտոնաթող հյուրեր, իմա՝ ոչ մի երաշխիք, որ եթե նրանք Մոսկվայում ինչ-որ համաձայնության կարողանան հասնել, այդ համաձայնությունը կընդունվի Հայաստանում: Ու մի մեծ, բայց կեղծ զարմանք, որ առաջարկը չի հետաքրքել առաջին ու երկրորդ նախագահներին։


Բայց պատմությունը շարունակվում է՝ «Բակո Սահակյանը ինձ համար անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն: Էդ դեպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանավորված են՝ թող մեկնեն Մոսկվա, հանդիպեն: Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ դատարաններն իր զանգով-«խնդրանքով» են անձնագրեր վերցնում ու տալիս:


Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի «բացահայտումներին». «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» եթերում ավելի հանգամանալից է խոսել՝ բացատրելով, որ Նիկոլ Փաշինյանը չի լիազորել առաջին նախագահին մեկնել Մոսկվա և բանակցություններ վարել։ «Այո, նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ նաև տրամադրվի, Տեր-Պետրոսյանին մանդատ, որ ինքը կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ որ հնարավոր էր պահպանել։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դա անել», - նշել է Զուրաբյանը: «Ազատության» հիշեցմանը «Ասում է՝ ասել եմ, թող գնան», Զուրաբյանը պատասխանել է. «Դա էլ է ցույց տալիս, որ նա ոչ մի բան քաղաքականությունից չի հասկանում։ Որովհետև ռուսները մանկապարտեզի երեխաներ չեն, որ խոսեն ինչ-որ մեկի հետ, որքան էլ հարգեն այդ մարդուն, առանց համապատասխան լիազորությունների։ Նրանք դրա ժամանակը չունեն: Նա ասել է՝ գնացեք, բայց ես ձեզ լիազորություն չեմ տալիս»:


Նիկոլ Փաշինյանին արձագանքել է նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, Վիկտոր Սողոմոնյանը գրել է «Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»։
Իսկ ու՞ր մնաց հանրահայտ 1+1+1…-ը: Իր տեղում է, պարզապես Նիկոլ Փաշինյանն աընդհատ «մոռանում է» ասել, որ այդ ՄԵԿԸ ինքն է, բոլոր մյուսներին վերապահված է զրոյի դերը: Նա փաստացի՝ ոչ պատերազմից առաջ, ոչ պատերազմի ընթացքում, ոչ պատերազմից հետո ոչ մեկին չի լսում, նա ունակ չէ կշռադատելու, ռիսկեր հաշվարկելու, որոշումներ կայացնելու, նրա բոլոր որոշումների կենտրոնում իր «դժբախտ ու դժգույն» անձն է, ուրիշ ոչինչ ու ոչ ոք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատմությունը չի ավարտվում: ՔՊ-ն շարունակում է իր հաղթական կյանքը ֆեյսբուքում: «Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին նման շոկային արձագանք տալը սխալ է»՝, Facebook-ում գրել է ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանն՝ արձագանքելով Արման Մուսինյանին։ «Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ։ Ու բայց բացի իր պատկերացրած ժամանակահատվածի գործոնից կարևորագույն գործոն է նաև տոտեմների տոտեմի՝ Լևոնի միշտ ճիշտ լինելու «ինստիտուտի» առաջ կրակն անմար պահելը։ Ըստ Լևոնի՝ Լևոնը միշտ պիտի ճիշտ լինի, իսկ դրա համար անհրաժեշտ պայման է, որ մնացած բոլորը լինեն տգետ, չհասկացող, ազգակործան ու հոգեկան։ Ափսոս, որ չկարողացավ իր պատկերացրած «ճիշտը» լինել այն պահին, երբ այդ «ճիշտ» լինելը ինչ-որ մի նշանակություն ու ազդեցություն ուներ։ Ափսոս, որ Լևոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ լինել պետության նախագահ, լինելով պետության նախագահ՝ չկարողացավ կատարել պետության նախագահի գործառույթները, չկարողացավ իրացնել իրեն տրված իշխանությունն ու ինքն իրեն ու բոլորիս ազատել իր՝ անկատար անցյալով ճիշտ լինելու բարդույթից։


Անկախ ամեն ինչից Լևոն Տեր-Պետրոսյանը, այո, կմնա հայ քաղաքական մտքի գագաթներից մեկը, բայց գագաթները ևս ունենում են բարդույթներ, իսկ բարդույթները կործանարար են»։
Սա այն դեպքն է, որ ափսոսում ես Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը, որոնցով հնարավոր է այսքան հիմարություններ գրել ու տարածել: Երբ «Տոտեմների տոտեմի» դեմ պայքարող դաշտագլորը խոսում է բարդույթների կործանարար լինելու մասին, ափսոս է նույնիսկ հայելի նվիրելը՝ մտքով կույրը աչքով չի տեսնելու: Փաստորեն՝ Նիկոլ Փաշինյանը ունակ է պայքարել միայն Հայաստանում ու հայերի դեմ, իսկ Հայաստանից դուրս նրան արդեն ոչ ոք չի ընդունում, նույնիսկ Պուտինը, որ բեկանել է նրա այցը Մոսկվա:

Դիտվել է՝ 4322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ