Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը
04.12.2020 | 23:31

Երևանի Պետհամալսարանի դեկանները և ստորաբաժանումների ղեկավարները պահանջում են Ազգային ժողովից անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, երկրի գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։

«2020-ի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ, սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությունն իր 03․12․2020-ի նիստում անհիմն և անբացատրելի մոտեցմամբ, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց օրակարգում ընդգրկեց և, բնականաբար, հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ», - ասված է մայր բուհի 15 ֆակուլտետների դեկանների, 2 ինստիտուտների և հետազոտական 1 կենտրոնի տնօրենների, ԵՊՀ արհմիության ու ուսխորհրդի նախագահների ստորագրած հայտարարությունում։


«Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում և արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր: Սակայն այդ դիտողություններից և ոչ մեկը ոչ միայն հաշվի չեն առնվել հեղինակների կողմից, ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ կառավարչի համար չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը», - շեշտում են ԵՊՀ դեկանները և ստորաբաժանումների ղեկավարները։


Օրինագիծը Ազգային ժողովից հետ չկանչելու և նոր նախագիծ չպատրաստելու դեպքում հայտարարության հեղինակներն իրենց իրավունք են վերապահում «իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր գործողությունները նշված օրենքի ընդունումը և կիրարկումը կանխելու համար»:

Դիտվել է՝ 4913

Մեկնաբանություններ