Ակնհայտորեն եվրոպական ֆուտբոլում վրա են հասնում նոր ժամանակներ։ Մասնակի խմբագրում մտցնելով վերնագրի մեջ, ասենք՝ ոչ այնքան հեղինակությունները մոդա չեն, որքան մոդայիկ են դառնում նրանց տեղին ու դերին հավակնողները։ Տեսեք, թե մասնավորապես սկուդետեում քանի թիմ է ձեռնոց նետել վերջին տարիներին անառարկելի դոմինանտություն արած «ծեր սինյորային»՝ անհույս կորցնելով նրա նկատմամբ ունեցած պատկառանքը, ինչ խմորումներ են իսպանական ֆուտբոլում։ Այս կտրվածքով թերևս առանձնակի տեղաշարժեր չկան մյուս երեք էլիտար առաջնություններում, բայց դե մի տեղ որ ցեցը գցեց, կտեսնես, որ տարածվելու դեմը չես էլ հասցնի առնել։
ԳԵՐՄԱՆԻԱ
Առաջին վեցյակը կազմածերից չորսի համար տասներորդ տուրն ավարտվել է հավասարաչափ միավորներ վաստակելով, ինչը խոսում է ոչ այնքան թիմերի անօրինակ խաղաղասիրության, որքան հանգամանքների այդօրինակ դասավորվելու մասին։
Սկսենք «Բավարիա»-«Լայպցիգ» մրցակցությունից։ Առաջին խաղակեսն ավարտվել է դարպասի չորս գրավումով։ Ընդ որում, դրանցից ինչպես առաջինի, այնպես էլ վերջինի հեղինակը հյուրերն էին։ Այստեղ, թերևս, մի ուշագրավ իրողություն առանձնացնենք։ Միմյանց հետ ունեցած դիմակայությունների ոչ այնքան հարուստ պատմության մեջ, չմոռանանք, որ «Լայպցիգը» խիստ երիտասարդ թիմ է, հյուրերն արտագնայում խփել են իրենց առաջին գոլը։ Երկրորդ խաղակեսում կողմերը բավարարվել են մեկական գոլի փոխանակմամբ, ու այս բացառիկ գեղեցիկ մրցամարտն ավարտվել է 3։3 հաշվով, ինչն այդուհանդերձ մյունխենցիներին հնարավորություն է տվել 23 միավորով պահպանելու առաջատարությունը, իսկ լայպցիգցիներին՝ շարունակելու մնալ առաջին եռյակում (21 միավոր)։
Հերթական անգամ է հիացրել «Բայերը»։ Արտագնայում լևերկուզենցիները երեք անպատասխան գնդակի առավելությամբ գերազանցել են «Շալկեին», կատարել հերթական առաջընթաց քայլը և 22 միավորով արդեն երկրորդ հորիզոնականում են։
«Այնտրախտի» հետ արտագնայում Դորտմունդի «Բորուսիան» եղել է հետապնդողի դերում ու առավելագույնը, որ արել է, պարտությունից խուսափելն է՝ 1։1։ Չափազանց թույլ մեկնարկած «Քյոլնին» հաջողվել է ատամ ցույց տալ «Վոլֆսբուրգին» ու կորզել այնքան թանկարժեք միավոր՝ 2։2։
Տուրը հաջողվածներից չի եղել «Հերտային» հյուր գնացած «ՈՒնիոն Բեռլինի» համար, որը ոչ միայն չի կարողացել զարգացնել հաջող խաղասկիզբը, այլև այնքան է տեղի տվել, որ ի վերջո «բավարարվել» է 1։3 հաշվով պարտությամբ։ Հանուն ճշմարտության ասենք, որ այստեղ վճռորոշ գործոն է եղել, սկսած 23-րդ րոպեից, նրանց տասը հոգով մնալը։ Բեռլինցիները 16 միավորով վեցերորդ տեղում են, գերմանական «գայլերից» հետ են մնում երկու միավորով, որն իր հերթին մեկ նիշով է հետ Դորտմունդի «Բորուսիայից»։
ՖՐԱՆՍԻԱ
Արտագնայում «Մարսելը» «Նիմի» նկատմամբ խաղային առավելությունը գոլայինի է վերածել 57-րդ րոպեին, ապա ամրապնդել դարպասի ևս մեկ գրավումով՝ 2։0։ Այս հաղթանակն արդեն 24 միավորի տեր դարձած հարավցիների համար պահպանեց ոչ միայն չորրորդ հորիզոնականը, այլև առաջնության պոտենցիալ լիդեր մնալու ռեալությունը։
Շատ ավելի հեղինակավոր մրցակցի հետ պայքարում ու դարձյալ արտագնայում հաղթական է եղել «Պարի Սեն Ժերմենի» մրցելույթը։ Մայրաքաղաքցիների երեք գոլին մեր հայրենակցի գլխավորած «Մոնպելիեն» պատասխանել է մեկով։ ՊՍԺ-ն 28 միավորով աղյուսակի գլխամասում է։
«Մոնակոյի» նկատմամբ հաղթանակը՝ 2։1, «Լիլին» օգնեց պահպանելու երկրորդ հորիզոնականը՝ պահպանելով նաև երկրի գործող չեմպիոնից ընդամենը երկու միավորով հետ մնալը։ Վերջին րոպեներին հաշվի տարբերությունը կրճատած «Մոնակոն» մնաց 23 միավորով։
«Մեց»-«Լիոն» մրցակցությունում ավելի քան համոզիչ են եղել հյուրերը, արդյունքում՝ 3։1 հաշվով հաղթանակ, ինչը նորմալ սպասումների շարքից էր։ Հաղթանակը «Լիոնին» հնարավորություն տվեց միավորներով՝ 26, հավասարվելու «Լիլին», նրա հետ կիսելու երկրորդ-երրորդ տեղերը։
ԻՍՊԱՆԻԱ
Շարունակում է հաղթանակ հաղթանակի հետևից կռել «Աթլետիկոն»։ Այս անգամ նրա առաջ ընկրկողը «Վալիադոլիդն» էր՝ 2։0։ Մադրիդցիները 26 միավորով երկրորդ տեղում էին այնքան ժամանակ, քանի դեռ չէր ավարտվել «Ալավես»-«Ռեալ Սոսիեդադ» դիմակայությունը։ Նույնիսկ պարտությունն էլ չէ, վերջինիս ունենալիք հնարավոր ոչ-ոքին անգամ մադրիդցիներին կարող էր դարձնել առաջնության միանձնյա առաջատար։ Սպասվող դիմակայությունը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին է բերել «Ռեալ Սոսիեդադին», որը խաղի վերջին երեսուն րոպեում թեև թվային գերազանցություն է ունեցել տանտերերի նկատմամբ, սակայն այդպես էլ չի կարողացել նյութականացնել առավելությունը։ Արդյունքում՝ գոլազուրկ ոչ-ոքի, առաջատարության զիջում «Աթլետիկոյին», որը սանսեբաստիացիների նկատմամբ ունի ոչ միայն մեկ միավորի, այլև պակաս անցկացրած երկու խաղի առավելություն։
Անդալուզիայում տեղի «Սևիլիայի» նկատմամբ «Ռեալը» հաղթանակի է հասել նվազագույն հաշվով։ Այն Զիդանի սաներին երրորդ հորիզոնական վերադառնալու հնարավորություն չի տվել, քանի որ «Էլչեի» հետ տնային խաղում արդյունավետ է եղել «Վիլիառեալը»։ Ճիշտ է, ոչ այնքան, որ երեք միավորի տեր դառնա։ Այստեղ արձանագրվել է գոլազուրկ ոչ-ոքի։ «Վիլիառեալն» ունի 21, «Ռեալը»՝ 20, վեցերորդ հորիզոնական նահանջած «Սևիլիան»՝ 16 միավոր։ Անդալուզցիներին շրջանցել ու հինգրորդ հորիզոնականում է հայտնվել «Բարսելոնի» նկատմամբ հաղթանակ տոնած «Կադիսը»՝ 2։1։
ԱՆԳԼԻԱ
«Տոտենհեմ»-«Արսենալ» դիմակայությունում մի անգամ Սոն Հոն-Մինն է դարպասը գրավել Հարի Քեյնի գոլային փոխանցմամբ, մի անգամ էլ վերջինս է դարպասը գրավել կորեացու գոլային փոխանցման արդյունքում։ 2։0 հաշվով հաղթանակը ևս մեկ տուրով երկարաձգել է Ժոզե Մոուրինիոյի սաների մնալն աղյուսակի առաջին հորիզոնականում։
«Տոտենհեմի» օրինակով 24 միավորի տեր կարող էր դառնալ նաև երկրի գործող չեմպիոն «Լիվերպուլը», եթե հաղթանակով ավարտեր հյուր եկած «Վուլվերհեմպտոնի» հետ մրցավեճը։ Միանգամից ասենք, որ հանդիպումն անցել է տանտերերի ճնշող առավելությամբ, այն իր հավաստումն է գտել նաև խփած գոլերի քանակական արտահայտությունում՝ 4։0։ Պրեմիեր լիգայում կրկին երկիշխանություն է։
Շարունակել է անպարտ մրցելույթների շարքը առաջին եռյակում մնալու հայտ ներկայացրած «Չելսին»։ «Ազնվականները» գերազանցել են հյուր ժամանած «Լիդսին»՝ 3։1 (նկատենք, որ սա կամային հաղթանակների շարքից էր)։ Լեմպարդի սաները վաստակել են 22 միավոր։
«Շեֆիլդի» հետ հանդիպման 90-րդ րոպեին Ջեյմս Վարդին կարողացել է որսալ հաջողության իր պահն ու ապահովել «Լեստերի» հաղթանակը՝ 2։1։
Վերջին հանդիպումներում հետևողականորեն իրենց դիրքերն են բարելավում մանչեստրյան գրանդ ակումբները։ «Վեստ Հեմի» նկատմամբ արտագնայում «Յունայթեդի» (3։1), «Ֆուլհեմի» նկատմամբ «Սիթիի» (2։0) տնային հաղթանակները նրանց մեծապես օգնել են մոտենալու մեդալների համար պայքարի առաջամարտիկներին։ «Յունայթեդը» հինգերորդ տեղում է, «Սիթին»՝ վեցերորդ։ Նրանք համապատասխանաբար ունեն 19 ու 18 միավոր։
ԻՏԱԼԻԱ
«Միլանի» միանձնյա առաջատարությանը չէին կարող խոչընդոտել ո՛չ սեփական հնարավոր անհաջողությունը, ո՛չ էլ մրցակիցների հաջողությունը։ «Սամպդորիա»-«Միլան» դիմակայությունը միլանյան ակումբը կարողացավ հասցնել հաղթական ավարտի՝ 2։1 ու ամբողջ հինգ միավորով շարունակում է առաջ լինել մերձակա հետապնդողից։
Տնային մրցավեճում «Բոլոնիայի» նկատմամբ 3։1 հաշվով տոնած հաղթանակն «Ինտերին» 21 միավորով տեղ ապահովեց երկրորդ հորիզոնականում։ Մեկ միավորի հեռավորությամբ Կոնտեի սաներին հաջորդում են արտագնայում Կրոտոնեին չորս անպատասխան գնդակի տարբերությամբ պարտության մատնած «Նապոլին» ու տնային խաղում «Թուրինին» 2։1 հաշվով հաղթած Յուվենտուսը»։ Իր հերթին այս երկուսի շնչին է նստել «Սասուոլոն», որն արտագնայում ոչ-ոքի՝ 0։0 խաղաց «Ռոմայի» հետ։ Նկատենք, որ իտալական «գայլերը մեկ խաղակեսից ավելի ժամանակ անցկացրել են տասը հոգով: «Սասուոլոյի» անվան դիմաց քսան միավոր է, նրանից մեկ նիշով հետ է մնում «Ռոման»։
Թեպետ առաջին վեցյակից դուրս է, հիշատակենք և «Լացիոյին», որն արտագնայում 2։1 հաշվով պարտության է մատնել «Սպեցիային»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ