ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հայերը բողոքում են սովետական սահմաններին վերադարձի դեմ

Հայերը բողոքում են սովետական սահմաններին վերադարձի դեմ
21.12.2020 | 10:30

Հայաստանի հարավում ցուցարարները վերջին օրերին փակում են ճանապարհները և կառավարությունից պատասխան են պահանջում: Նրանք բողոքում են, որ ադրբեջանցի զինվորականները պատերազմի արդյունքներով առաջ են գալիս դեպի հին սովետական սահմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Դա մեծ պրոբլեմներ է հարուցում: Հինգշաբթի երեկոյան ադրբեջանական բանակը կողմերի պայմանավորվածությամբ դիրքեր զբաղեցրեց Կապանի մոտ: Հայկական զինված խմբավորումները, որ պատերազմի ավարտից հետո մնում էին ադրբեջանական միջազգայնորեն ճանաչված սահմանների խորքում, հետ քաշվելու հրաման ստացան: Մեկ օր առաջ այդ խմբավորումների զինվորները փակել էին Կապանից հարավ՝ Իրան տանող ճանապարհը: Ուրբաթ ցուցարարները փակել էին Գորիս տանող մայրուղին: «Մենք անվտանգության մեծ խնդիրներ ունենք»՝ լրագրողներին պատմել է Գորիսի փոխմարզպետ Մենուա Հովսեփյանը, որ միացել է Գորիս-Երևան բողոքի ակցիային:
«Մեզ առաջին հերթին հետաքրքրում է անվտանգությունը: Այս տարածքները պետք էին անվտանգության ապահովման համար: Մենք անվտանգության գոտի էինք ստեղծել: Պետք է հասկանալ, որոնք են լինելու անվտանգության ապահովման հաջորդ քայլերը»՜ Հովսեփյանին շարունակում է Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանը: Նրա խոսքով՝ Կապանը հայտնվել է սահմանից 1-2 կիլոմետրի վրա: Օդանավակայանը՝ մի քանի հարյուր մետրի: Մի քանի գյուղերի բնակիչներ, տեղական իշխանության ներկայացուցիչների խոսքով, ադրբեջանցիների թիրախում են, որովհետև նրանք բարձունքների վրա են: Բայց այդ տագնապները կիրականանան այն հիպոթետիկ դեպքում, եթե զինված կոնֆլիկտը կվերսկսվի արդեն ոչ թե Ղարաբաղում, այլ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Շատ ավելի կենսական է հարցը, որ սահմանի հին սովետական գիծը հատում է ճանապարհը հայկական բնակավայրերի միջև, այդ թվում Իրան տանող կարևորագույն մայրուղին:


Սովետական ժամանակներում հանրապետությունների միջև սահմանները գծում ու վերագծում էին՝ ղեկավարվելով քաղաքական ու տնտեսական նկատառումներով, բայց այդ նկատառումների մեջ երբեք չի եղել, որ ԽՍՀՄ-ի ներքին սահմանները երբևէ կդառնան ինքնինշխան պետությունների սահմաններ, այն էլ՝ կոնֆլիկտող պետությունների: Հին սովետական սահմանը Հայաստանի հարավային Սյունիքի մարզի և Զանգելանի ու Կուբատլուի շրջանների միջև, որ Ադրբեջանը պատերազմով վերադարձրեց, հատում է Գորիս-Կապան կարևորագույն մայրուղին և Կապանից դեպի մի քանի գյուղեր տանող ճանապարհները: Դատելով հին քարտեզներից՝ սահմանը տեղ-տեղ անցնում է կարևորագույն լեռնային ճանապարհով, որ Կապանից հարավ է տանում:


Մինչև վերջին պատերազմը այս շրջանում փաստացի սահման չի եղել, եղել է մոտավոր տարանջատում Հայաստանի Հանրապետության և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Այսինքն՝ այդ սահմանի երկու կողմում էլ տարածքները վերահսկում ու օգտագործում էին հայերը: 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը մինչև սահման չի հասել, բայց հիմա հին սահմանի մատույցներում դիրքեր գրաված հայ կամավորներին հրամայված է հետ գնալ՝ խաղաղության համաձայնագրով այդ տարածքները վերադարձվում են Ադրբեջանին:


Ցուցարարներին հանգստացնելու համար հինգշաբթի եկել էր ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա վստահեցրեց, որ սահմանագիծը վերականգնվում է երկու կողմերի զինվորականների կողմից և ինքը ոչ մի մետր Հայաստանի Հանրապետությունից չի տա: Նախարար Վաղարշակ Հարությունյանը նաև հաղորդեց, որ սահմանը այդ հատվածում վերահսկելու են ռուս սահմանապահները: Նրանք արդեն երկար տարիներ, ռուս-հայկական համաձայնագրով, պահպանում են Հայաստանի սահմանը Իրանի ու Թուրքիայի հետ: Երկուշաբթի պատրաստվում է Սյունիք մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆեյսբուքում նա հաղորդել է, որ լինելու է բոլոր քաղաքներում՝ Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի, հանդիպելու է բնակիչների ու տեղական իշխանության հետ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ուրբաթ օրը լրագրողներին ասաց. «Իրականացվում է դելիմիտացիա, դա արվում է որոշակի փաստաթղթերի հիման վրա: Դեմարկացիան փաստական հիմքեր ունի և մենք առաջ ենք շարժվում փաստաթղթերի համաձայն»: Գրիգորյանը չճշտեց՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: Հայկական ու ադրբեջանական աղբյուրներից հայտնի է, որ ռազմական փորձագետները նորից են գծում սահմանը սովետական ժամանակների հին քարտեզներով, օգտագործելով GPS-ը՝ այդ մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բարդությունն այն է, որ Գորիսն ու Կապանը միացնող գլխավոր ճանապարհը՝ 21 կիլոմետրանոց, ԽՍՀՄ-ի ժամանակից գոյություն ունեցող սահմանների տրամաբանությամբ որոշ տեղերում դուրս է գալիս Հայաստանի սահմաններից: Եվ հիմա շատ կարևոր է, որ մենք ապահովենք այդ ճանապարհի նորմալ ու անվտանգ աշխատանքը: Այդ սահմանները ճշտվում են սովետական ժամանակների քարտեզներով, կոորդինատների ճշգրիտ որոշման համար օգտագործվում է GPS-ը»՝ ասել է նա «Ազատությանը» հարցազրույցում: Մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նամակ էր գրել՝ խնդրելով օգնել սահմանային խնդիրների լուծման մեջ: Ուրբաթ օրը Երևան է եկել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել է նրա այցի մասին՝ չմանրմասնելով՝ ինչու է եկել, հայկական մամուլը գրում է, որ ԱԴԾ-ի տնօրենը Հայաստանի, հետո Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու է հենց սահմանների հարցը: Ռուսական սահմանապահ ծառայությունը ԱԴԾ-ի կազմում է:

BBC


Հ.Գ. Տասնյակ երկրներ իրար հետ դեռ չեն չեն որոշարկել սահմանները, նույն Ադրբեջանն ու Վրաստանը: Հայաստանն ու Վրաստանը: Ռուսաստանն ու Ճապոնիան: Պատերազմներից հետո սահմանների հարցը ամենսուր հարցն է դառնում, որ հաճախ չի լուծվում համաձայնագրերով, այլ՝ հանձնաժողովների աշխատանքով: Այսօր Ադրբեջանը փորձում է պատերազմի արդյունքը տարածել նաև Հայաստանի հետ սահմանների վրա, թեպետ պաշտոնապես՝ Հայաստանի հետ պատերազմի մեջ չի եղել, իսկ եթե ընդհանրապես պաշտոնապես՝ իր իսկ տրամաբանությունից ելենենք, որ Արցախը Ադրբեջան է, հարձակվել է ինքն իր վրա: Վստահաբար՝ այս հարցերը դեռ երկար ժամանակ են մնալու բանավեճերի ու տարաձայնությունների պատճառ, որովհետև սահմանները բնակավայրեր են, ճանապարհներ ու անընդհատ ծագելու են միջադեպեր՝ առիթ տալով ռուս սահմանապահներին կամ խաղաղապահներին իրենց ազդեցությունը մեծացնել թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ