Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյան. Սևը մեր գույնը չէ, սպիտակն էլ մեր գույնը չէ, եռագույնն է մերը․ Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան. Սևը մեր գույնը չէ, սպիտակն էլ մեր գույնը չէ, եռագույնն է մերը․ Արմեն Սարգսյան
29.12.2020 | 22:15

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Երկու ժամ տևած զրուցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման չորս տասնյակ մասնակիցները՝ երիտասարդ գիտնականներ, կրթության, մշակույթի, գործարար, հասարակական ոլորտների ներկայացուցիչներ, մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ներկայացրել իրենց մտահոգությունները և տեսակետները, անդրադարձել առկա ճգնաժամը հանգուցալուծելու ուղիներին:


«Որպես նախագահ և որպես անհատ՝ իմ անհանգստությունները շատ են, -դիմելով երիտասարդներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: –Անհանգստություններից մեկը կապված է ձեր սերնդի հետ, որովհետև եթե ձեր սերունդը, լինելով կրթված, զարգացած՝ իր ապագան այս երկրում չտեսնի, ցավալի արտահոսք է լինելու: Դուք իրականում երկրի ապագան եք: Բոլոր զրույցները և խոսակցություններն այս երկրի մասին այսօր իրականում ձեր մասին են: Ոչ թե այսօր ինչ անենք, վաղն ինչ անենք, ում ընտրենք կամ չընտրենք, այլ թե ինչպես անենք, որ երկիրն ապագա ունենա, իսկ ապագան դուք եք»: Հանդիպման մասնակիցները տարաբնույթ հարցեր են ուղղել Հանրապետության նախագահին։ Պատասխանելով սահմանների դեմարկացիային և GPS-ով կամ նմանատիպ մեթոդներով իրականացնելուն վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ ցավոտ խնդիր է, պատերազմում մեր պարտության հետևանքը, հետևանքը նրա, որ շատ պետական ինստիտուտներ չեն աշխատում, որովհետև դեմարկացիան ինքնին չի լինում: «Դուք խոսեցիք մեթոդի մասին՝ GPS, Google map կամ Խորհրդային Միության համապատասխան դեմարկացիոն որոշումներ․․․Սակայն նախ և առաջ մարդիկ են պետք, պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք հասկանում են՝ դեմարկացիան ինչ է, և երկրորդը՝ ուժայինները, որոնք պետք է կանգնած լինեն, որովհետև պետության ներկայացությունը պետք է լինի,-ասել է նախագահը: -Ցավոք սրտի, շատ տեղերում երկուսն էլ բացակա են: Ես այդ առիթով իմ ձայնը բարձրացրել եմ, ուրիշ հնարավորություն չունեմ, չեմ կարող համապատասխան նախարարին հանձնարարություն տալ: Ելնելով իրավիճակից՝ որպես երկրի գլուխ, նամակ եմ գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով որպես հայտարարության համաստորագրող՝ աջակցել այդ խնդիրների լուծմանը: Այդ նամակի մեջ նաև մատնանշել եմ հնարավոր լուծումները, օրինակ, խորհրդային տարիներին՝ 1984-ից մինչև 1988-ի վերջը դեմարկացիոն քննարկումներ են եղել և ոչ միայն քննարկումներ, բանակցություններ են եղել, որի արդյունքում երկու խորհրդային հանրապետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալները դեմարկացիոն փաստաթուղթ են ստորագրել, այսինքն՝ դա փաստորեն ինչ-որ ավարտված պրոցես էր: Բանակցող պետք է ունենանք, որ ուժայինների հետ միասին կամ առանձին այդ բանակցությունը վարի, հակառակ դեպքում սա ճանապարհ է մեկ ուղղությամբ` իրենք գալիս են, իրենք որոշում են, իրենք դնում են սյունը և գնում:


Նմանատիպ պատերազմներից հետո լինելու են հսկայական թվով դատական վեճեր, որտեղ մենք պետք է շատ բարձր մակարդակով մեզ ներկայացնենք, մեր պետական և ազգային շահերը կարողանանք պաշտպանել: Սակայն այսօր առաջնային խնդիր է մեր պետության ներկայությունն այդ սահմանի վրա: Եթե պետությունը ներկայացնող մարդ չկա սահմանի վրա կանգնած, այդ դեպքում անհնարին է լինելու ինչ-որ բան կիրառել»:
Մասնակիցների հարցերից մեկը վերաբերել է տարբեր քաղաքական ուժերի, գաղափարների երկխոսությանը։ Առաջարկվել է, որ նախագահը ստեղծի հարթակ երկխոսության համար: «Ձեր ասածը գոյություն չունեցող երկխոսության մասին է,-ասել է նախագահը, -երկխոսություն իշխանության, կառավարության և ընդդիմության միջև: Մենք բոլորս էլ գիտենք, ինչ ձևով այս հասարակությունը այս 2,5 տարվա ընթացքում բաժանվել էր սևերի և սպիտակների: Այդ տերմինը ես չեմ հնարել, հավանում եմ կամ չեմ հավանում, օգտագործում եմ, որովհետև կա: Ունենք շատ տարօրինակ իրավիճակ՝ սևեր ու սպիտակներ: Չես կարող մարդկանց գաղափարները, գաղափարախոսությունը այդքան պարզեցնել սև ու սպիտակի: Սևը մեր գույնը չէ, սպիտակն էլ մեր գույնը չէ, եռագույնն է մերը: Մենք կարիք ունենք ոչ միայն երկխոսության: Կարիք կա, որ քաղաքական շրջանակները, որոնք այսօր պատասխանատու են երկրի ապագայի համար, խոսեն իրար հետ: Այդ պատճառով է, որ պատերազմի ավարտի առաջին օրերից հետո, երբ իմ վերաբերմունքը հայտնեցի և առաջարկեցի լուծումը, սկսեցի հանդիպել քաղաքական շրջանակների հետ: Իմ խնդիրը հետևյալն է՝ կա՞ն ընդհանուր կետեր, որտեղ կարելի է նրանց բերել երկխոսության: Ցավոք տեսնում եմ, որ այդ կետերը շատ քիչ են: Այդտեղ բացակայում է եռագույն Հայաստանը, այդ խոսակցությունների մեջ նա չկա:

Առաջարկել էի, որ այս ինստիտուտը դառնա այն տեղը, որտեղ կողմերը գան իրար հետ խոսեն: Ես կողմնակից եմ, որ մեծամասնությունը խոսի, այդ պատճառով էր, որ առաջարկեցի՝ կառավարությունը պետք է հրաժարական կա, որից հետո պետք է ձևավորվի նոր կառավարություն, որը կլինի ազգային համաձայնության կառավարություն: Այդ կառավարության մեջ բոլորը պետք է լինեն պրոֆեսիոնալ, որևէ մեկը չպետք է ներկայացնի որևէ կուսակցություն կամ կուսակցական գաղափարախոսություն: Այն պետք է լինի կարճ ժամկետով և ունենա հստակ ծրագիր, հնարավորություն տա բոլոր քաղաքական ուժերին պատրաստվել մեկ տարի հետո կայանալիք ընտրություններին, հնարավորություն տա, որ այս եռագույն Հայաստանը նոր կուսակցություններ, նոր խմբեր, նոր անհատներ ծնի: Այսօրվա ձեր ընտրությունը սպիտակի և սևի միջև է, բայց իրականում այդպես չի լինում: Պետք չէ սպասել, որ փրկիչ պետք է գա: Ոչ թե պետք է փրկիչ լինի, այլ բոլորս համաձայնենք մի սկզբունքի, տեսլականի, ծրագրի: Այդ փրկիչը պետք է լինեն պետությունը, պետականությունը և պետական ինստիտուտները, որ նախարարությունը չնույնացվի անհատի, վարչապետը չնույնացվի կառավարության հետ: Մենք ինստիտուտներ պետք է ունենանք, որ աշխատեն: Մեզ մոտ շատ ինստիտուտներ չեն աշխատում, 30 տարվա ընթացքում որպես այդպիսին չեն կայացել»։ Այս համատեքստում նախագահը նշել է ուժեղ առաջնորդի անհրաժեշտությունը․ «Ուժեղ առաջնորդը նա է, որ չի վախենում իրենից ավելի ուժեղ մարդկանցից: Ուժեղ առաջնորդները պետք է լինեն մարդիկ, որոնք ոչ միայն ճանապարհ են ցույց տալիս, լինեն լավ կառավարիչ, այլև, միաժամանակ, պատասխանատվություն կրեն, ամեն րոպե պատրաստ լինեն արած սխալի համար պատասխան տալ,–նշել է նախագահը: -Ամեն ինչ անելու եմ, որ գոյություն ունեցող քաղաքական ուժերը փորձեն իրար հետ խոսել, այլ ոչ թե փողոցում հակադրվեն: Եթե վաղն ընտրություններ լինեն, այդ հակադրությունը տեղափոխվելու է ընտրական տեղամաս: Չի կարելի երկիրը տանել քաղաքացիական ընդհարումների: Պետք է սկսի խոսել եռագույն Հայաստանը»: Դիմելով երիտասարդներին՝ նախագահն ասել է․ «Իմ առաջին ուղերձը ձեզ հետևյալն է՝ սկսեք խոսել, դուք գիտեք, թե ուր տանել երկիրը: Դուք պատրաստ եք ձեր կրթությամբ, դիրքով լսելու, ընկալելու և, միաժամանակ, մասնակցելու այդպիսի ուղու ձևավորմանը: Ապագա 30 տարին դուք եք լինելու այս երկրի համար պատասխանատու: Եկել է ժամանակը, որ ինքներդ որոշեք, թե երկիրն ուր պետք է գնա։ Ես պատրաստ եմ ձեզ աջակցել ձեր բոլոր նախաձեռնություններում, բայց իմացեք՝ փրկիչ չի լինելու: Ոչ ես եմ փրկիչ, ոչ էլ որևէ մեկը: Բայց ես պատրաստ եմ ինչ-որ տեղ ձեզ առաջնորդել, ինչ-որ տեղ ձեզ հետ համագործակցել, խորհուրդ տալ, աջակցել, որ այս երկրի ապագան ձեր ձեռքերի մեջ վերցնեք, ոչ թե նստեք ու սպասեք, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն տանելու է այս երկիրը։ Ես ամեն ինչով պատրաստ եմ ձեզ աջակցել: Դուք եք այս երկրի ապագան, այլ ոչ թե ես»:


Եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո օր օրի տեսնում ենք, որ թեժանում են վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների ցույցերը, տեսնում ենք ոստիկանների անհամաչափ և շատ հաճախ նաև բիրտ ուժի կիրառում: Ինչպիսի՞ն է նախագահի տեսակետը, և ինչպե՞ս է նախագահը մեկնաբանում այն փաստը, որ ինքը ևս կողմ է կառավարության հրաժարականին, սակայն միևնույն ժամանակ շարունակում է ստորագրել վարչապետի կողմից ներկայացվող փաստաթղթերը։ Ի պատասխան այս հարցերի՝ Արմեն Սարգսյանը ասել է․ «Նման դեպքեր ամեն օր տեղի են ունենում, ինչ-որ մեկին հրում են, ինչ-որ մեկի նկատմամբ բիրտ են: Պատկերացրեք նախագահն ամեն օր սրա մասին խոսի: Երբ դառնում է արդեն անընդունելի, աններելի, ես անպայման խոսելու եմ: 2018 թվականին ես հրապարակ իջա, որովհետև հսկայական ընդհարման մեծ վտանգ էի զգում: Նիկոլ Փաշինյանին առաջին անգամ հանդիպել եմ այդ հրապարակում: Իջել էի հրապարակ, որպեսզի ընդհարում չլիներ։ Ես իմ ունեցած շատ քիչ գործիքները պետք է շատ արդյունավետ օգտագործեմ, խոսեմ այն ժամանակ, երբ իսկապես արդեն հնարավոր չէ չխոսել: Երբ խոսում եմ երկխոսության մասին, նկատի ունեմ, որ փողոցի խոսակցությունն ամենասուր բառերով թող տեղափոխվի այս շենք: Ես սկսեցի վարչապետից, հանդիպեցի բոլորի հետ, պտտվեցի, եկա նորից վարչապետի հետ հանդիպեցի, դրանից հետո նաև նորից ընդդիմության ղեկավարներին եմ հանդիպել:


Ես շատ հստակ եմ ասել, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Ինձ ասում են. «Պարոն նախագահ, Դուք ասել եք, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց ստորագրել եք արտգործնախարարի նշանակումը»: Այո, ստորագրեցի, որովհետև երբ բանակցելու նպատակով Հայաստան են գալիս ՌԴ արտգործնախարարը կամ պաշտպանության նախարարը, Հայաստանի արտգործնախարարի կամ պաշտպանության նախարարի աթոռը չի կարող դատարկ լինել: Բայց ես պահանջել եմ կառավարության հրաժարականը: Եվ ես պնդելու եմ, որ միակ ճանապարհը, որը նորմալ է այս պահին, դա կառավարության հրաժարականն է և պրոֆեսիոնալ կառավարության կազմումը: Միայն պրոֆեսիոնալ կառավարությունն է, որ կարող է լինել ազգային համաձայնության կառավարություն: Մնացած դեպքերում քաոսի մեջ ենք ընկնելու: Եվ հստակ նպատակ պետք է լինի՝ մեկ տարում լուծել խնդիրները, նախապատրաստել երկիրն ընտրությունների:
Պետք է փոխել ընտրական օրենսգիրքը: Մեզ անհրաժեշտ է նաև Սահմանադրությունը փոփոխել: Փոխել չի նշանակում նախագահականից անցնել խորհրդարանական, խորհրդարանականից՝ նախագահական: Երկուսն էլ կարող են լինել հոյակապ, երկուսն էլ կարող են լինել վատ, եթե չկան պարզ տրամաբանական գործիքներ, որոնք կոչվում են հավասարակշռությունների և զսպումների մեխանիզմներ:


Հիմա՝ օրենքների մասով: Ինձ օրենք են բերում, օրինակ, բյուջեի մասին, որով մարդիկ պետք է աշխատավարձ ստանան, կամ շտկումներ պարունակող օրենքներ են: Եթե դու այդ սխալը չես ուղղում, ինչ-որ տեղ մարդկանց թոշակը չի հասնում: Հիմա ես կարող եմ հայտարարել, որ քանի որ ասել եմ՝ կառավարությունը հրաժարական տա, այս օրենքները չեմ ստորագրի: Դա կոչվում է նախագահի անգործություն: Մանավանդ որ այն դեպքում, երբ ես չեմ ստորագրում, երեք օրվա ընթացքում ԱԺ նախագահը կստորագրի, և դա օրենք կդառնա: Սա կոչվում է էժանագին պոպուլիզմ: Նախագահն իր զգացմունքները պետք է տանը պահի, երբ գալիս է հիմնարկ, պետք է աշխատի տրամաբանությամբ և սառը հաշվարկով: Մի բան, որից այս ինստիտուտն ու նախագահը պետք է անընդհատ խուսափեն, դա պոպուլիզմն է: Նախագահը նույնիսկ ճգնաժամի ժամանակ պետք է ստորագրի այն օրենքները, որոնք պետությանը պետք են և անհրաժեշտ՝ այսօրվա մեր գործունեության համար: Ես պոպուլիստ չեմ լինելու»։
Նախագահի խոսքով՝ «մեզ անհրաժեշտ է վերարժևորել մեր անցած ճանապարհը, դրա համար պետք է աուդիտ բոլոր ոլորտներում՝ պետականաշինությունից մինչև բանակ, սպորտ, մշակույթ, և առաջին հերթին՝ կրթություն և գիտություն: Որովհետև 21-րդ դարում և՛ գյուղատնտեսությունը, և՛ զբոսաշրջությունը, և՛ էլեկտրոնային արդյունաբերությունը, ամեն բան թվայնացված է լինելու, կախված է լինելու, թե որքան արդյունավետ ես կարողանում կառավարել:


Հայաստանը պետք է դառնա որակի երկիր, այն, ինչ արտադրում ենք, պետք է լինի ամենաբարձր որակի, պետք է լավագույնս օգտագործենք մեր առավելությունն ու ամենամեծ ռեսուրսը՝ մարդկային ներուժը»:
Վաղվա օրվա մասին նախագահը ասել է. «21-րդ դարը նոր տեխնոլոգիաների դար է, և մեզնից է կախված, թե ինչպիսի պետություն ենք ուզելու ունենալ…Մարդիկ այսօր սկսելու են ուզել ամենապարզ բանը, հոգնելու են քաղաքական դեբատներից, քաղաքական հայտարարություններից, ֆեյսբուքային բամբասանքներից, ուզելու են ամենատարրական բաները՝ հաց, տուն, կրթություն երեխաների համար ու վստահություն, որ այդ երեխաներն ապագա ունեն: Իսկ դրա համար լուծումներ են պետք: Երկրում պետք է կայունություն լինի։ Ժամանակն է եկել, որ մենք իրական արժեքներին հավատանք ու մտածենք դրա մասին: Եկեք ճշմարտության աչքերին նայենք, ինչքան էլ հաճելի կամ տհաճ լինի այդ ճշմարտությունը, բայց դա է ճանապարհը, պետք է նայենք ճշմարտության աչքերին, տեսնենք՝ որտեղ ենք, կանգնենք ոտքի և միասին առաջ գնանք»:

Դիտվել է՝ 17915

Մեկնաբանություններ