Ընդդիմության «խորհրդավոր» դադարը

Ընդդիմության «խորհրդավոր» դադարը
15.01.2021 | 17:26

Այսօր քաղաքական ուժերն ակտիվ պատրաստվում են արտահերթ ընտրությունների, սակայն դեռ գլխավոր հարցը լուծված չէ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բազմած մնալ իր աթոռին։ Դեռ ավելին, ընդդիմադիր ոչ մի ուժ չունի հստակ գործողությունների ծրագիր, որը կհանգեցնի Փաշինյանի հեռացմանը։ Սահամանադրական ճանապարհը դարձրել են ամենափրկիչ միջոցը և մի կողմ են քաշվել, իսկ Փաշինյանը վարպետորեն օգտվում է իրեն ընձեռած այս թանկ ժամանակից ու ջանք չի խնայում իրենից վանել դավաճանի խարանը և որ ամենասարսափելին է, դեռ մտածում է վերարտադրվելու մասին։ Սակայն նա իրավունք ունի, և այդ իրավունքը նրան տվել է այսօրվա քաղաքական դասավորությունը, որը ոչ մի կերպ չի կարողանում լուրջ հակակշիռ դառնալ թույլ ու անճար, պարտված ու հող հանձնող իշխանությանը։


Թվում էր, թե 17 ուժ իրար գլխի է հավաքվել ու կկարողանա օր առաջ ներքուստ փուչ, պետականակործան այս անհասկանալի մարդկային խմբակին հեռացնել իշխանությունից։ Բայց՝ ոչ։ Այս պահին ժամանակը, որքան էլ տարօրինակ է, ոչ թե իշխանության, այլև ընդդիմության դեմ է աշխատում։ Հանրությունը կամաց-կամաց կառերեսվի մեզ պատուհասած այս աղետի իրական չափերի ու վտանգների հետ, բայց հնարավոր է այդ պահին մեր պետականության համար շատ բան անդարձ կկորցնենք։ Մինչդեռ քաղաքական ուժերը շարքային քաղաքացիներից պետք է մեկ քայլ առաջ լինեն, նրանք են, ի վերջո, քաղաքական կյանքի պատասխանատուներն ու դերակատարները, նրանցից ավելի մեծ բան է կախված։
Խայտառակ փաստաթղթին հաջորդած օրերին հանրային բողոքի մեծ ալիք կար, երթերը մարդաշատ էին, սակայն գնալով մարդկանց թիվը նվազեց։ Օբյեկտիվ պատճառները դեռ մի կողմ։ Ընդդիմությունը մի՞թե սխալ հաշվարկներ չէր արել։ Այս արձակուրդային տրամադրությունները չե՞ն փոշիացնի ու մարի պայքարը։ Ինչի՞ է սպասում ընդդիմությունը, ի՞նչ խորհրդավոր դադար է, ինչու՞ հենց առաջին օրերին, երբ մարդկանց թիվը շատ ավելին էր, հստակ գործողությունների չգնացին։ Միայն թե կրկին սահմանադրական ճանապարհը մեջտեղ պետք չի բերել։ Այնինչ ընդդիմության հապաղումը բերեց իշխանության հետևյալ քայլերին․ Փաշինյանը մարդ-կուսակցությունների հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով իբր խորհրդակցություններ է անում, դատաիրավական համակարգի փոփոխություններով այս ոլորտը ևս փորձում է իր ենթակայության տակ պահել, ձեռքի հետ էլ իր անձնական անվտանգության հարցերն է կարգի բերում։ Հիմա իշխանության այս և նախորդ բոլոր քայլերը լրիվ տեղավորվու՞մ էին օրենքի ու օրինականության դաշտում, իսկ հայրենիքը հանձնած ղեկավարին իշխանությունից արագ հեռացնելու միջոցները հանկարծ հակասահմանադրակա՞ն դարձան։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ