Հայաստանը ժամանակի շավղից դուրս է նետվել

Հայաստանը ժամանակի շավղից դուրս է նետվել
17.01.2021 | 16:12

Հայ հասարակությանն այլևս ոչ մի բանով հնարավոր չէ զարմացնել ու զայրացնել։ Մենք անտարբեր ենք դարձել ամեն ինչի հանդեպ, մենք մեր ձեռքով մեր պետությունը կործանում ենք, ու դա անում ենք առանց սեթևթանքի, հստակ քայլերով ու միմյանց աչքերի մեջ ուղիղ նայելով։ Փոքրաթիվ մարդկանց մտահոգություններն էլ սկսվում ու ավարտվում են վիրտուալ տարածքում ախ ու վախ քաշելով։ Մնացած ամեն ինչ քողարկված է իբր քաղաքական գործընթացներով, որոնք ոչ մի տեղ տանող, ոչինչ չշտկող, անհասկանալի ու խուճուճ ճանապարհներ են։


Լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանի նախագահն ու կինը Շուշիում են, իսկ Աննա Հակոբյանը Մոսկվայում գնումներով է զբաղված ու վայելում իր ճոխ կյանքը, հետո նաև Ադրբեջանի իշխանությունից նվեր ստանում Դուբայում անշարժ գույք։ Մենք այս երկու հակադիր իրավիճակները չենք քննարկում, չեն ուզում տեսնել, որ նոյեմբերի 9-ի հայրենազրկումն ընդամենը այս ներկայացման առաջին արարն էր։ Ադրբեջանը շարունակում է լուրջ պատրաստվել նոր ռազմական գործողություններին, Իրանի հետ ռազմական համագործակցությունն է ընդլայնում, Թուրքիայի հետ կրկին վերազինում իր բանակը, այլ խաղացողների հետ իր հարաբերություններն ամրացնում, իսկ խորհրդարանական երկրում՝ Հայաստանում, ԱԺ նախագահը՝ պետության երկրորդ դեմքը, պարզվում է, թուրքական գործակալական ցանցի հետ է համագործակցում։ Այսպիսի ընթացքն էլ հեչ մեր անդորրը չի խախտում, մեզ ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ում ենք հիմա երկրի կառավարումը վստահել։ Մեզ բացարձակ ոչ մի բան չի հետաքրքրում։ Մեր երկրի ժամանակն իր շավղից դուրս է նետվել։


Նախկիներին մերժողները ընտրեցին ներկաներին, որոնք ոչ թե նրանց հակապատկերն էին, այլ ժողովուրդը կասեր՝ մի բան էլ նրանց գլուխը լվացին։ Մենք մեր ձեռքով բերեցինք գործակալների ու թրքահպատակ մի իշխանություն, որն այսօր շարունակում է իր հրեշավոր ծրագիրը, բայց մենք անհաղորդ ենք դրան, մենք հանգիստ նայում ենք ու անցնում առաջ։
Բայց այսքանից հետո գոնե մի հստակեցում պետք է արվի․ ժամանակը չէ՞, որ սև-պիտակ, նախկին-ներկա բաժանումը վերափոխվի ու դառնա գործակալներ, հայրենիքը վաճառածներ, պետությունը կործանողներ և նախկիններ։ Այս տարբերակն արդեն ավելի արդիական է։ Բայց դրանից հետո մի հարց էլ է ծագում․ հիմա ինչի՞ վերադարձ այլևս չի լինելու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ