«Չեղած» թալանի համեմատ պատերազմի սարսափներն ինչ են որ

«Չեղած» թալանի համեմատ պատերազմի սարսափներն ինչ են որ
18.01.2021 | 19:22

Այս խորհրդարանի(որի նախագահն արդեն հայտարարված փաստարկներով թուրքերի գործակալն է) մեծամասնությունը գերիների, նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության իրավաչափության առնչությամբ նախագիծը մերժեց օրակարգ ընդունել ու քննարկել, բայց մեծ ջերմեռանդությամբ օրախնդիր դարձրեց ու սկսեց թիվ մեկ թեման համարել հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու հարցը։ Եթե ըստ իմքայլականի, Հայաստանի այսօրվա ամենամեծ խնդիրն ընդդիմությունն է, ուրեմն շատ բնական է, որ հակակոռուպցիոն դատարանների ստեղծման հարցը գերիններից ու հայրենիքը հանձնելուց ավելի պիտի կարևորվեր, առաջնային համարվեր։


Արդեն 3 տարի հասարակությանը նախկինների կոռուպցիայով ու թալանով հիպնոսի մեջ պահած իշխանությունը, որ այս ընթացքում չկարողացավ նախկինների գեթ մի «աշխարհացունց» կոռուպցիոն գործարք բացահայտել, այսօր յուրային դատավորներով համալրված ինչ-որ դատարաններ է ստեղծում, որ իբր պիտի կոռուպցիոն գործեր քննի։ Դեռ ավելին, տնտեսական թշվառ վիճակում գտնվող երկրում այդպիսի կառույցի ստեղծումը բյուջեի վրա 6 միլիարդ դրամ է արժենալու։ Մասնագետներն արդեն հայտարարել են այս դատարանների առնչությամբ իրենց բացասական կարծիքը և մեծ վերապահումները, սակայն իշխանությունը, ինչպես միշտ, ոչ տեսնում, ոչ էլ լսում է այդ ամենը։ Նրանք ավելի են նյարդայնացել վերջին շրջանում դատական համակարգի այն որոշումների պատճառով, որոնք իրենց քիմքին հաճելի չեն։ Հիմա լավ առիթ է, որպեսզի նաև այսպիսի դատարաններով փորձեն համակարգն իրենց վերահսկողության տակ պահել։ Մի դեպքում իրենց «մարդուն» են, որպես ռևիզոր, նշանակում ԲԴԽ-ում, մյուս դեպքում հակակոռուպցիոն դատարաններ են ստեղծում, բայց այս ամենով դատաիրավական համակարգում իրենց «արկածները» ոչ միայն չեն ավարտվում, այլ դեռ նոր են սկսվում։


Տարօրինակն այն է, որ սա կատարվում է մի երկրում, որտեղ պատերազմի ահավոր ու սարսափելի վնասներն ու կորուստներն անգամ «գույքագրված» չեն, գիտակցված չէ մեր իրական վտանգների մասշտաբները։ Չկա զգացողություն նաև, որ նոր պատերազմի սպառնալիքը կրկին օդում կախված է, իսկ մենք մեր անվտանգային, պաշտպանական համակարգն ամրացնելու փոխարեն, նորից հասարակությանը կերակրում ենք ինչ-որ հակակոռուպցիոն դատարաններով ու Մանումենտի տները հարուստներից վերցնելու և աղքատներին բաժանելու փաշինյանական իդեա-ֆիքսով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ