Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Եվրամիությունը և Թուրքիան բարելավելու են հարաբերությունները

Եվրամիությունը և Թուրքիան բարելավելու են հարաբերությունները
21.01.2021 | 22:00

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում քննարկում է Եվրոպական միության հետ հարաբերությունները ճգնաժամից դուրս հանելու հնարավությունները: 2020-ը Անկարայի և Բրյուսելի հարաբերությունների առումով բարդ տարի էր: Միջերկրականի արևելյան հատվածում էներգակիրներ արդյունահանելու թուրքերի ծրագիրը Եվրոպան համարում է ոտնձգություն, քանի որ բնական գազ պարունակող այդ անդրջրյա տարածքին են հավակնում միության երկու անդամներ՝ Կիպրոսն ու Հունաստանը:

Թուրքիան անցյալ տարի գազ որոնող հետազոտական նավեր է ուղարկել Միջերկրական, ընդ որում դրանք վիճելի տարածք են հասել թուրքական ռազմանավերի ուղեկցությամբ: Հունաստանն էլ է նավեր ուղարկել, միացել են հույներին սատարող ֆրանսիական ռազմանավերը: Առճակատման, այդ թվում` պատահական բախման վտանգն իրական էր:
Ենթադրվում է, որ կռվախնձորը միայն բնական գազը չէ, կան ավելի խորքային պատճառներ: Միջերկրականում կոշտ քայլերով Անկարան ոչ միայն շարունակում է պայքարը դարավոր մրցակից Հունաստանի հետ, այլև ազդեցությունն է տարածում Հյուսիսային Աֆրիկայի վրա: 2020-ին Բրյուսելի և Անկարայի հարաբերություններում ճգնաժամը խորացել է նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հետևանքով: Եվ այնուամենայնիվ, Անկարան և Բրյուսելը ցանկանում են մեղմել կացությունը:

«2020 թվականը խնդրահարույց էր Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների համար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի գագաթաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագրով երկու կողմերը դրսևորել են դրական օրակարգ հաստատելու քաղաքական կամք, ավելին, կողմերը հանդես են եկել փոխադարձ հայտարարություններով, որոնց նպատակն է առավել առողջ եղանակով բարելավել հարաբերությունները և ստեղծել լավ երկխոսության հնարավորություն, հենց այդ նպատակով էլ ես ժամանել եմ Բրյուսել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա կարծիքով՝ հարկ է կոնկրետ քայլերով խթանել Անկարայի և Բրյուսելի համագործակցությունը: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ հույներն ու թուրքերը կվերսկսեն Միջերկրականում գազի արդյունահանման շուրջ բանակցությունները: «Մենք վճռականորեն ցանկանում ենք տեսնել կայուն դեէսկալացիա ոչ միայն Միջերկրականի արևելյան հատվածում, այլև ավելի ընդարձակ տարածաշրջանում»,- ասել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:


Նրա խոսքերով, այսօր ակնհայտ է մթնոլորտի բարելավում: Բորելը նշել է նաև, որ Եվրամիությունը մտահոգված է մնում Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում և այն չի անտեսի բանակցություններում:
Ենթադրվում է, որ բանակցությունների առանցքային թեմաններից մեկը կլինի միգրանտների խնդիրը: Թուրքիայում են ապաստանել Եվրոպա հասնելու մասին երազող միլիոնավոր փախստականներ Հյուսիսային Աֆրիկայից: Նրանց պահելու և Եվրոպա չթողնելու կարողությունը թուրքերի համար լուրջ լծակ և հաղթաթուղթ է Բրյուսելի հետ հարաբերություններում:

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ