«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Նիկոլ Փաշինյանին ոչ թե ողջերն են պատժելու, հալածելու, այլ անմահացածները

Նիկոլ Փաշինյանին ոչ թե ողջերն են պատժելու, հալածելու, այլ անմահացածները
23.01.2021 | 19:16

Աշխարհում ոչ մի իշխանություն, պաշտոն չարժեն որդեկորույս մեկ ծնողի մորմոքի, հայր կորցրած մեկ մանկան անվերջ սպասումի, հորից զրկված երեխայի արցունքի մեկ կաթիլի, միամորիկ որդու մոր քարացած սրտի, խելագարության։ Զավակի կորստի տառապանքն անչափելի է, չսպիացող ու անվերջ մղկտացնող։ Վշտի հեղձուցիչ օդն է այսօր մեզ ճզմում, ճնշում, ստիպում ներփակվել մեր պատյանի մեջ ու չտեսնել, չզգալ կողքի անտարբերությունը, փոքրացող ու մանրադրամ դարձած երկրի իրականությունը։ Իսկ այս իշխանությունը ոչ թե մեկ, տասը, հարյուր, այլ 5000-ից ավելի մոր ու մանկան, ծնողի հավերժ տառապանքի պատճառ է դարձել։ Նիկոլ Փաշինյանին ոչ թե ողջերն են պատժելու, այլ անմահացածները, նրանք միշտ հալածելու են նրան, որտեղ էլ որ լինի։


5000 զոհերի մեղավորն այսօր ասում է, թե արտահերթ ընտրությունների անենք ու թող ժողովուրդը որոշի, Նիկոլ Փաշինյան արդեն գոյություն չունեցող աթոռը պիտի զիջի՞, թե՞ ոչ։ Փաստորեն, 10 հազարից ավելի մարդկային ճակատագրերի խեղումն ու ահռելի զոհերը դեռ վարչապետ կոչվածին ոչինչ չեն հուշում։ Փաստորեն, նա ուղիղ ասում է, որ այդքան զոհը, մեղա Աստված, օրինաչափություն էր։ Նրանց մահը ոչ մի, անգամ քաղաքական պատասխանատվության կարիք չունի։ Ավելին, նրանք ժողովուրդ չեն, այլ թուրք-ադրբեջանական «մսաղացի» ապրանք։ Ի՞նչ է, նրան պետք, որ որդեկորույս ծնողները, նրանց հարազատները հրապարակում լցվեն, որ նա հասկանա՞, թե կես վայրկյան անգամ նրա գոյությունն այս երկրի վրա ինչ մեղք է ու խարան։


Սակայն այս իրողությունների մեջ կան հոգով արիները, որոնք իրենց անձնական ցավը շաղախել են համազգային ողբերգությանը, հայրենազրկման դառնությանը։ Նախօրեին «168․am»-ի հետ որդեկորույս հոր՝ Գեղամ Նազարյանի ծանր հարցազրույցը դժվար էր լսել առանց հուզմունքի, որը կամաց-կամաց վերածվում էր ցասման։ Կյանքից էլ թանկ նրանց որդիները ծնողների միջոցով հարցեր ունեն Նիկոլ Փաշինյանին, և ուշ թե շուտ նա պիտի դրանց պատասխանի։ Գեղամ Նազարյանը, Կարին Տոնոյանը ու նրանց պես հազարավոր ծնողներ ոչ թե արտահերթ ընտրությունների են սպասում, այլ ընդամենը մեկ հարցի պատասխանի, թե ինչու Փաշինյանը նրանց որդիներին մահվան տարավ։


Ես չգիտեմ, թե պատերազմից հետո քանի ծնող է իր զավակին հողին հանձնելուց մտքում կամ հրապարակավ երդվել, որ վրեժ է լուծելու դավաճաններից, որ իր որդուն գիտակցված մահվան տարան, ավելին, նրա մահը նախապես համարեցին «հանուն» ոչինչի, բայց կասկած չկա, որ ժողովրդին հրապարակներում միայն գլխաքանակով հաշվող իշխանությունը երբեք հանգիստ չի կարող գիշերը քնել, եթե առնվազն մեկ ծնող այդ խոստումն ինքն իրեն տվել է։ Արդարությունը վերկանգնելու, արդարացի հատուցման համար շատ հաճախ պետք են փոքրաթիվ մարդիկ և ամուր կամք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 64228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ