ԿԲ. Առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա 4% ցուցանիշի շուրջ

ԿԲ. Առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա 4% ցուցանիշի շուրջ
16.02.2021 | 21:07

2021-ի փետրվարի 2-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսե Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Օլեգ Աղասյանը, Հովհաննես Խաչատրյանը, Դավիթ Նահապետյանը, տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը: Խորհրդի նիստը սկսվեց փետրվարի 2-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ:

Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական և դրամավարկային հատվածների զարգացումները` աշխարհում դեռևս պահպանվող համավարակի և տնտեսական հեռանկարների հետ կապված առկա անորոշությունների ազդեցության համատեքստում:


Արձանագրվեց, որ 2020-ի դեկտեմբերին գրանցվել է 3.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն էականորեն ավելացել է և տարեվերջին կազմել 3.7%՝ առավելագույնս մոտենալով նպատակային ցուցանիշին: Ամսվա գնաճը պայմանավորվել է հիմնականում «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գների 7.2% աճով, որի կառուցվածքում առավել արագ աճել են ներմուծված պարենային ապրանքների գները: Դեկտեմբերին ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2.3%, իսկ ծառայությունների սակագները՝ 0.3%-ով: Ընդհանուր գնաճին զուգահեռ ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը դեկտեմբերի վերջին կազմել է 3.6%։


Ներկայացվեցին 2021-ի հունվարին արտաքին հատվածի զարգացումները և արձանագրվեց, որ դրանք հիմնականում ընթացել են ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2020-ի չորրորդ եռամսյակի ծրագրում նախանշված սցենարին համահունչ, որի համաձայն դիտվում են համաշխարհային տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումներ: Դա ՀՀ հիմնական գործընկեր երկրներից արտահայտվել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում, իսկ Եվրագոտում վերականգնումն ընթանում է սպասվածից դանդաղ տեմպերով՝ պայմանավորված համավարակի հաղթահարման նպատակով կիրառվող սահմանափակումների երկարաձգմամբ: Միաժամանակ, ապրանքահումքային հիմնական շուկաներում շարունակվել են գնաճային միտումները՝ արձագանքելով համաշխարհային պահանջարկի վերականգնման սպասումներին և դրսևորված մի շարք առաջարկի գործոններին։ Նման միտումները փոխանցվել և արտահայտվել են նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Այնուամենայնիվ, քանի որ ԱՄՆ-ում և Եվրագոտում գնաճը դեռևս պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր, այդ երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն, իսկ Ռուսաստանի ԿԲ-ն գնաճի արագացումից ածանցվող գնաճային սպասումները զսպելու նպատակով, ըստ ՀՀ ԿԲ գնահատականների, տարվա ընթացքում կփոքրացնի դրամավարկային քաղաքականության խթանման չափը:


ՀՀ տնտեսական իրավիճակի մասով քննարկվեցին չորրորդ եռամսյակի զարգացումները և ամփոփվեցին տնտեսական ակտիվության տարեկան արդյունքները: Արձանագրվեց, որ համավարակի բռնկված նոր ալիքի, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության և դրանց ներքո՝ տնտեսական զարգացման հեռանկարների հետ կապված անորոշությունների ավելացման հետևանքով չորրորդ եռամսյակում արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն և պահպանվել թույլ ներքին պահանջարկ: Արդյունքում, 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով՝ հիմնականում պայմանավորված տարվա ընթացքում ծառայությունների ոլորտի և շինարարության ճյուղի մեծ անկումներով: Ներքին թույլ պահանջարկի ձևավորման վրա առավելապես ազդել է մասնավոր սպառման զգալի նվազումը, որն էլ իր հերթին պայմանավորվել է առկա մեծ անորոշությունների պարագայում հասարակության նախազգուշական վարքագծով, ինչպես նաև հատկապես վերջին ամիսներին արձանագրվող վարկավորման աճի տեմպերի դանդաղմամբ: Մշտադիտարկման արդյունքում գնահատվում էր, որ պահպանվող անորոշությունների և ռիսկերի պայմաններում 2021 թվականի սկզբին նշված միտումները կշարունակվեն և բացասական ազդեցություն կունենան ներքին պահանջարկի վրա։ Միաժամանակ, չորրորդ եռամսյակում Կառավարությունը շարունակել է իրականացնել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ արտերկրից ստացված դրամական փոխանցումները սպասվածից ավելի շատ են եղել, որոնք որոշ չափով մեղմել են վերոնշյալ գործոնների բացասական ազդեցությունը։ Արձանագրվեց, որ ստեղծված իրավիճակում ձևավորվել են զգալի ռիսկեր տնտեսության երկարաժամկետ ներուժային աճի հնարավորությունների տեսանկյունից, ուստի, այս համատեքստում, Խորհուրդը կարևորում էր հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրումը, որը, Կառավարության կողմից ձեռնարկվելիք այլ կառուցվածքային բարեփոխումների հետ միասին, ուղղված կլինի տնտեսական ներուժի վերականգնմանը:
Խորհուրդը նաև անդրադարձավ չորրորդ եռամսյակում և առաջիկայում ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների հնարավոր զարգացումներին։ Նշվեց, որ բարձր գնաճը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով՝ մասնավորապես ներմուծվող մի շարք պարենային ապրանքների գների աճով: Միաժամանակ, գնաճին զուգահեռ որոշակի ավելացող գնաճային սպասումները գնահատվում են կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված են:


Խորհուրդը քննարկեց հունվարին ՀՀ ֆինանսական շուկայում ձևավորված իրավիճակը և արձանագրեց, որ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները համապատասխանորեն արձագանքել են նախորդ տարվա վերջին ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացմանը՝ ձևավորվելով հիմնականում դրա շուրջ: Տոկոսադրույքների բարձրացում է դիտվել նաև պետական պարտատոմսերի շուկայում, որտեղ եկամտաբերություններն աճել են կորի ողջ երկայնքով: Միաժամանակ, որպես դրական արդյունք արձանագրվեց միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը, ինչի մասին է վկայում նաև հունվարին տեղաբաշխված ՀՀ եվրոպարտատոմսերի ձևավորված բավականին ցածր եկամտաբերությունը: Քննարկումը փաստեց, որ, չթերագնահատելով շուկայի համընդհանուր բարենպաստ միջավայրի գործոնի առկայությունը, ցածր եկամտաբերությունը արտացոլում է նաև միջազգային ներդրողների վստահությունը երկրի մակրոտնտեսական կայունության և այն ապահովող ինստիտուտների նկատմամբ՝ որպես երկարաժամկետ հիմնարար գործոն։

Ուստի գնահատվում է, որ ռիսկի հավելավճարի նվազումը հիմնականում չի կրի կարճաժամկետ բնույթ: Արձանագրվեց նաև, որ չորրորդ եռամսյակում բանկային համակարգում վարկերի և ավանդների տոկոսադրույքները դեռևս չեն արձագանքել միջբանկային ու արժեթղթերի շուկաներում տոկոսադրույքների փոփոխությանը՝ ցուցաբերելով հիմնականում կայուն վարքագիծ, իսկ բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի տեմպերը որոշ չափով դանդաղել են՝ պայմանավորված առավելապես սպառողական վարկերի նվազմամբ։


Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով մի կողմից արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցություններն ու ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների որոշ չափով արագացումը, իսկ մյուս կողմից թույլ պահանջարկի պահպանումն ու միջազգային շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը՝ Խորհրդի քննարկմանն էր ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու առաջարկ: Խորհրդի բոլոր անդամներն էլ ընդունում էին, որ վերը թվարկված գործոններն առկա են, սակայն տարակարծիք էին դրանց հետագա զարգացումների և գնաճի վրա ազդեցության չափի հարցում: Խորհրդի անդամների մի խումբ գտնում էր, որ, չնայած պահպանվող թույլ պահանջարկին և առաջարկի գործոններով պայմանավորված բարձր գնաճին, գնաճային սպասումները որոշ չափով արագանում են, ինչի ուղղությամբ ԿԲ-ն պետք է արտահայտի իր դիրքորոշումը՝ տոկոսադրույքի փոքր քայլով բարձրացմամբ: Իսկ Խորհրդի առանձին անդամներ առաջարկում էին տոկոսադրույքի ավելի մեծ քայլով բարձրացում, որը հիմնավորվում էր արտաքին հատվածից առաջիկա տարում պարենային ապրանքների գների սպասվող աճի և դրանց ազդեցությամբ ՀՀ-ում գնաճային սպասումների արագացման, միջազգային շուկայում երկրի ռիսկի հավելավճարի նվազման կարճաժամկետ բնույթի և ՀՀ տնտեսության ներուժային մակարդակի էական կրճատման վերաբերյալ դատողություններով: Արդյունքում, ԿԲ խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու որոշում, ինչպես նաև ամրագրեց, որ հետևողական կլինի համարժեք գործողություններով գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ չեզոքացնելու գործում: Նման պայմաններում, ըստ ԿԲ գնահատականների, առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:


Միաժամանակ, ԿԲ Խորհուրդն արձանագրեց, որ տնտեսական հեռանկարների բարձր անորոշության ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Խորհուրդը հաստատել է ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը, որը ներկայացվում է ստորև։


Տոկոսադրույքի որոշում
ԿՈԴ
050.0008 Լ. 02.02.21
02 փետրվարի 2021 թվականի թիվ 8 Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ սահմանման ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «գ» և «ե» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. ՀՀ ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել 5.5%:
2. ՀՀ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել 7.0%:
3. ՀՀ ԿԲ-ի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը սահմանել 4.0%:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ ԿԲ-ի ինտերնետային տնային էջում հրապարակման օրվան հաջորդող օրը։

Դիտվել է՝ 7589

Մեկնաբանություններ