Մխիթար Զաքարյան. Սա կամ քաղաքական պատվեր է հողատու իշխանության կողմից, կամ դատախազությունը արջի ծառայություն է մատուցում

Մխիթար Զաքարյան. Սա կամ քաղաքական պատվեր է հողատու իշխանության կողմից, կամ դատախազությունը արջի ծառայություն է մատուցում
18.02.2021 | 22:48

Ես իրավապահներին էլ եմ ասել՝ ինձ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհասկանալի է և իրավաբանության ոչ մի նշույլ չկա այդ գործում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին:

ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է համայնքին պատկանող հողերը վարձակալությամբ տալու պայմանագրերին, համայնքային բյուջե չի վճարվել 3. 692. 500 դրամ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն ՀՀ դրամ գրավ:
«3 տարբերակ եմ մտածում այս քրեական գործի հետ կապված. առաջինը կամ քաղաքական պատվեր է հողատու իշխանության կողմից, երկրորդը՝ հայտնի ասացվածքի նման՝ ուզում են Հռոմի պապից կաթոլիկ լինել: Մարզային դատախազությունում Բիսալյան ազգանունով պաշտոնատար անձ կա, կամ նա է արջի ծառայություն մատուցում, կամ էլ 3-րդ տարբերակը՝ քրեական գործ հարուցողն անգրագետ է, չգիտեմ, թե իրավաբանության դիպլոմն ինչպես է գնել: Բորբոքված չեմ, ինչ ասում եմ, գիտակցում եմ, իրոք իրավական անգրագիտություն է»,-ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով, եթե այս պահին էլ իրավիճակը նույնը լինի, իր գործողությունները կկրկնվեն: «Գործում գաղտնիք էլ չկա: Տեսեք, ես ընտրվել եմ 2008-ին, 2007-ին, արդեն կնքած պայմանագիր է եղել, որ համայնքը 16 հազարով մի հողակտոր է վարձակալության տվել քաղաքացուն, իսկ քաղաքացին վերավարձակալությամբ տվել է կապի օպերատորներից մեկին: Ես այդ 16 հազարը դարձրել եմ 300 հազար, բավականին կռիվներից հետո, քանի որ երբ եկան կապի մյուս օպերատորները, իրենք վճարում էին 300 հազար դրամ: Ես ընդամենը բոլորին դրել եմ հավասար դաշտում, իսկ այդ գումարը եկել է համայնքային բյուջե»,- ասաց համայնքապետը: Զաքարյանի խոսքով՝ քաղաքացին վերավարձակալությամբ հողը կապի օպերատորին հանձնել էր 600 հազար դրամով: Այժմ իրավապահներն իրեն մեղադրում են, թե ինչու հենց 600 հազար դրամն էլ չի մտել համայնքային բյուջե:


«Քաղաքացին, նախ սկզբում կապի օպերատորից վերցնում էր 600 հազար, համայնքին վճարում էր 16 հազար, հետո մենք քաղաքացու 16 հազարը դարձրինք 300 հազար, տրամաբանությունն էլ այն էր, որ բոլոր օպերատորները նույն գինը վճարեն, իսկ սահմանված կարգով 100 քմ-ի համար պետք է վճարել 300 հազար դրամ»,-ասաց նա: Զաքարյանը տեղեկացրեց, որ կապի օպերատորի հետ նամակագրությունը պահպանվել է, երբ առաջարկել են քաղաքացուն վճարելու փոխարեն միանգամից վճարել համանքապետարան, կապի օպերատորը հրաժարվել է: «Կապի օպերատորն ասաց, որ մենք համաձայնություն ենք տվել, որ նշված հատվածում անտենա կառուցենք, և եթե հիմա համայնքապետարանը պնդի, որ ապամոնտաժենք, վնասի փոխհատուցում կպահանջենք»,- պատմեց համայնքի ղեկավարը:


Նա ասաց, որ երկրի խնդիրներն այս պահին այնքան շատ են, որ սա շատ փոքր հարց է: «Սա էլ կանցնի: Սրա լուծումը ես տեսնում եմ ներողությամբ և արդարացմամբ: Այս գործն ավարտելուց հետո, գուցե դիմենք հատուկ քննչական ծառայություն, դատախազի որոշման օրինականության հարցով»,- նշեց համայնքի ղեկավարը:

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ