Մարդկանց 58․4%-ը կողմ է արտահերթ ընտրություններին

Մարդկանց 58․4%-ը կողմ է արտահերթ ընտրություններին
19.02.2021 | 19:58

Ըստ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված վերջին հարցման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը:

Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Հարցումն անցկացվել է 2021-ի փետրվարի 15-17-ը: Հարցման մասնակիցներին առաջարկվել է գնահատել քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքը՝ 1-5 բալանոց սանդղակով:

«Ներկայացված են միջին գնահատականները : ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.8 բալ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.3 բալ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1.7 բալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 բալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1.7 բալ, ԲՀԿնախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 2.2 բալ, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ 1.8 բալ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ 1.5 բալ, «Հայաստանի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 1.6 բալ, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1.6 բալ »,-ասաց Նավասարդյանը:

Նա հայտնեց, որ նշված բոլոր քաղաքական գործիչներն էլ միջինից ցածր գնահատական են ստացել, այսինքն՝ չկա դրական տիրույթում գնահատված քաղաքական գործիչ: Այս քաղաքական վիճակում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը միանշանակ անհրաժեշտ է համարել հարցվածների 37.1 տոկոսը, «ավելի շուտ անհրաժեշտ է» տարբերակը ընտրել է 21.3 տոկոսը, «ավելի շուտ անհրաժեշտ չէ» նշել է 13.6 տոկոսը և «ընդհանրապես անհրաժեշտ չէ» տարբերակը նշել է 19.7 տոկոսը: 58 տոկոսը պատասխանել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա:
Քաղաքացիներին նաև առաջարկվել են տարբերակներ, թե արտահերթ ընտրությունների անցկացման ո՞ր տարբերակն են համարում ընդունելի կամ ճիշտ:

«41.2 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, 28.2 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության և 7.9 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է իրականացվեն ընդդիմության առաջարկած ժամանակավոր կառավարության կողմից»,-ասաց Նավասարդյանն ու հավելեց՝ այս հարցին դժվարացել է պատասխանի 14 տոկոսը, այլ տարբերակները եղել են 8.9 տոկոս:


Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարություն է տարածել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չի տեսնում: Քաղաքացիներին հարցրել են, թե համաձա՞յն են այդ որոշման հետ: 28.2 տոկոսը նշել է, որ լիովին համաձայն է, ավելի շուտ համաձայն է եղել 11.7 տոկոսը, ավելի շուտ համաձայն չէ 15.9 տոկոսը, «ընդհանրապես համաձայն չէ» տարբերակը նշել է 35 տոկոսը: 51 տոկոսը համաձայն չէ այդ որոշման հետ: 9.2 տոկոսը դժվարացել է այդ հարցին պատասխանել:


Քաղաքացիներին հարցրել են նաև՝ եթե խորհրդարանական ընտրությունները լինեն կիրակի օրը, ո՞ր կուսակցությանը կտան իրենց ձայնը: «Իմ քայլը» խմբակցությանը» տարբերակը նշել է 33.1 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 4.4 տոկոսը, ԼՀԿ-ին՝ 2.6 տոկոսը, ՀՀԿ-ին՝ 2.2 տոկոսը, ՀՅԴ-ին՝ 2.2 տոկոսը, «Հայրենիքին» 0.9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 0.7 տոկոս, «Սասնա ծռեր»՝ 0.4 տոկոս, «Քաղաքացու որոշմանը»՝ 0.2 տոկոս և այլն: Եղել են նաև անհատներով պատասխաններ, 5.6 տոկոսը նշել է, որ ձայնը կտա Ռոբերտ Քոչարյանին, 0.9 տոկոսը՝ Վազգեն Մանուկյանին: «Ոչ մեկին չեն քվեարկելու» տարբերակն ընտրել է հարցվածների 27.2 տոկոսը, այլ տարբերակները նվազ տոկոսներով են:
«Հասարակության շուրջ 40 տոկոսը չի կողմնորոշվում, չի գտնում կուսակցություն, ում կարող է ձայն տալ»,-նշեց Նավասարդյանը:


Հարցվածների 38.8 տոկոսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել, «Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա» տարբերակը նշել է 43.6 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 17.6 տոկոսը: Նավասարդյանը նկատեց, որ եթե նախորդ հարցման ընթացքում՝ նոյեմբերի 13-ին միայն 35 տոկոսն է ասել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա հիմա այդ ցուցանիշը գրեթե 8 տոկոսով աճել է:

Դիտվել է՝ 3663

Մեկնաբանություններ