Ռուսական ԶԼՄ-ների անդրադարձն Արցախյան պատերազմում «Իսկանդեր» համալիրի անարդյունավետության մասին Փաշինյանի հայտարարությանը

Ռուսական ԶԼՄ-ների անդրադարձն Արցախյան պատերազմում «Իսկանդեր» համալիրի անարդյունավետության մասին Փաշինյանի հայտարարությանը
24.02.2021 | 22:29

Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներն անգործունակ են:


«Վեդոմոստի»-ն՝ հիշեցրել է, որ 2016-ին այլ պետությունների շարքում Հայաստանն առաջինն է ստացել «Իսկանդեր» համալիրները, որոնք նույն տարվա սեպտեմբերին ցուցադրվել են Անկախության օրվան նվիրված ռազմական շքերթում:
«Այդ սպառազինումը Հայաստանը ձեռք է բերել ՀԱՊԿ շրջանակներում զենքի մատակարարման մասին համաձայնագրերի հիման վրա: Համակարգի հիմնական նշանակությունը հակառակորդի ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի, ինչպես նաև մինչև 500 կմ հեռավորությամբ գտնվող թիրախների ոչնչացումն է: Հայաստանի զինանոցում ընդգրկված է «Իսկանդեր» համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակը՝ 280 կմ հեռահարությամբ»,- ընդգծել է պարբերականը:


«Գազետա»-ն՝ շեշտել է, որ նման մեկնաբանությամբ Փաշինյանը պատասխանել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ավելի վաղ տված հարցին, թե ինչու պատերազմական գործողություններում չեն կիրառվել ռուսական «Իսկանդեր» համալիրները: «Չպայթած» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի մասին Փաշինյանի հայտարարության անդրադարձել է նաև «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հիշատակելով, որ «Իսկանդերի» կիրառման մասին նոյեմբերին հայտարարել էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, սակայն չէր նշել, թե որ ուղղությամբ է կիրառվել համալիրը:


«Վարչապետն ուղղակիորեն չի հայտարարել համալիրների կիրառման մասին և ոչ մի կերպ չի բացատրել իր խոսքերը»,- նկատում է Կոմերսանտը՝ անդրադանալով Փաշինյանի՝ «պայթել են միայն 10 տոկոսով» արտահայտությանը:
Ինտերֆաքսը նույնպես մատնանշել է, որ այդ համալիրները ցուցադրվել են 2016-ի ռազմաշքերթի ժամանակ, ինչպես նաև հիշեցրել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, որ «Իսկանդեր» համալիրը գործարկվել է Հայաստանի կողմից պատերազմի վերջին օրերին Շուշի քաղաքի ուղղությամբ:


ՌԲԿ-ն նշել է. «Ղարաբաղում անցյալ տարի տեղի ունեցած հակամարտության ժամանակ Հայաստանի սպառազինման կազմում ընդգրկված են եղել առնվազն 16 հրթիռային համալիրներ՝ 8 «Էլբրուս», 4 «Տոչկա» և 4 «Իսկանդեր» տեսակի համալիրներ»: «Իսկանդերների» «անգործունակության» մասին Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել էր նաև «Լենտա»-ն:

Դիտվել է՝ 97610

Մեկնաբանություններ