Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Առաքել ապերը

Առաքել ապերը
02.02.2022 | 13:03

1830 թ․ Քարահունջ գյուղում, Աստվածատուրի օջախում ծնվեց Առաքելը, որին համագյուղացիները և գորիսցիները հետագայում, իր կատարած բարի գործերի համար քնքշորեն, եղբայրաբար պիտի կոչեին Ապեր։


Շա՜տ համառոտ ներկայացնեմ նրա կենսագործունեությունը։ Մանուկ տարիքում ուսանել է Շուշվա ծխական դպրոցում, պատանի հասակում սևագործ բանվոր է եղել Բաքվում, Սպահանում զբաղվել է ցորենի առևտրով։ Բախտի բերմամբ, պատահականորեն հայտնվել է Բաքվի նավթարդյունաբերությունում, հիմնել մի քանի ֆիրմաներ, որոնք վաճառել է Ալ․ Մանթաշյանցին և անգլիացի կապիտալիստներին։ Կյանքի վերջին տարիներին անհաջողության է մատնվել բիզնեսում և ինքնասպան եղել Արզականի իր ամառանոցում։
Ա․ Ծատուրյանի բարեգործությունները բազմաթիվ են, բայց առանձնացնեմ մեկը։ 1894-1896 թթ․ համիդյան կոտորածներից հետո, մոսկվաբնակ իրավագետ, հրապարակախոս ու պատմաբան Գ․ Ջանշյանի (Г. А. Джаншиев) կազմած («Братская помощь пострадавшим в Турции армянам», 1897 г.) ժողովածուի հրատարակման համար հատկացրել է 3000 ռուբլի։
Վերոնշյալ ամենի մասին մանրամասնորեն շարադրված է այլ հետազոտողների հրապարակումներում, բայց կանգ կառնեմ մի փաստի վրա, որը բացակայում է այլոց մոտ։
Ուելսի Հաուարդեն (Hawarden) գյուղը ուղիղ գծով գտնվում է Լիվերպուլից հարավ, 25,8 կմ հեռավորության վրա։ Այստեղ, իր սեփական դղյակում ապրում էր չորս անգամ Անգլիայի վարչապետ ընտրված Ուիլյամ Գլադսթոնը (1809-1898)։ Հայկական վերնախավը, այդ թվում և Ա․ Ծատուրյանը, նրան համարում էր հայ ժողովրդի բարեկամ, որովհետև վարչապետը ջարդերից փրկվածներին աջակցում էր և սուլթան Աբդուլ Համիդին նույնիսկ անվանել․ «Աշխարհի ամենամեծ մարդասպան»։
1897 թ․ հունվարի 6-ին Հաուարդենում հանդիսավորապես նշվում էր Ու․ Գլադսթոնի կողակից տիկին Քեթրին Գլադսթոնի ծննդյան 85-ամյակը։ Դղյակից դուրս եկան Ուեսթմինսթրի դուքսն ու դքսուհին, Գլադսթոն ամուսինները, նրանց զավակներն ու թոռները, Ազաֆի եպիսկոպոսը, պառլամենտի անդամ Սթիվենսոնը, գանձապետ Շվանը, Վուդոնի առաջնորդ հայր Գոգշոթը և շարժվեցին դեպի հարևանությամբ գտնվող պարտեզ, ուր խմբվել էր շուրջ 500 հոգի բարձրաշխարհիկ հասարակություն։ Նրանց թվում էին երկու հայեր՝ Մանչեստրի հայոց հովիվ Թեոդորոս քահանա Ջուղայեցին և Սքարբորո քաղաքի բժիշկ, Ա․ Ծատուրյանի ներկայացուցիչ Հովհաննես Քալանթարյանը։


Շուրջ երկու տասնյակից բաղկացած թափորը շարժվեց դեպի Սենթ Դեյնիոլ եկեղեցու երիցատուն։ Այստեղ ելույթ ունեցավ հայ քահանան, որը շնորհավորեց տիկին Գլադսթոնին և շնորհակալություն հայտնեց սըր Գլադսթոնին՝ նրա հայանպաստ ջանքերի համար։
Տիկին Գլադսթոնի գահավորակի մոտ դրված էր Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի յուղաներկ կտավը, որը հեղինակել էր Լվովի հայոց արքեպիսկոպոսի եղբայր և Կրակովի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Թեոդոր Աքսենտովիչը, և որը ընծայաբերվում էր տիկնոջը։


Ելույթներ ունեցան պառլամենտի անդամ Սթիվենսոնը, աստվածաբանության դոկտոր Փիթը, գանձապետ Շվանը, ապա խոսեց Ու․ Գլադսթոնը, որը կնոջ անունից շնորհակալություն հայտնեց կտավի համար և հայանպաստ ճառ արտասանեց։
Սակայն հանդիսավոր արարողությունը կազմակերպված էր միանգամայն այլ առիթով։
Բժիշկ Հովհ․ Քալանթարյանին թևանցուկ անելով, տիկին Գլադսթոնը մոտեցավ սավանածածկ պատուհանին, քաշեց պարանի ծայրը, և ներկաների զմայլված հայացքների ներքո բացվեց մի հրաշագեղ տեսարան։ Գունապակե, ապակենախշ, ապակենկար պատուհանում (stained glass window, հեղինակ՝ հայտնի վարպետ Էդուարդ Ֆրեմփթոն) պատկերված էին Ս․ Բարդուղիմեոս առաքյալը և Ս․ Գրիգոր Լուսավորիչը։ Պատկերների գլխավերևում գրված էր․ «Առաքինի բանակն մարտիրոսաց փառաբանեն զՔեզ»։


Պատուհանի մոտ դրված էր հուշատախտակ՝ հետևյալ մակագրությամբ․ «Ի փառս Աստուծո և ի հիշատակ հանուն հավատքի տուժած Թուրքիայի հայերի և անշեջ երախտագիտություն Ուիլյամ Յուարտ Գլադսթոնին՝ ոգեշունչ օրինակ ծառայելու համար։ Այս պատուհանը նվիրել է Առաքել Ծատուրովը Բաքվից, Ռուսաստան, 1897»։
Տարածվեցին երգեհոնի հնչյուններ և լսվեցին վերառաք աղոթքներ, իսկ Ազաֆի եպիսկոպոսը ճառ արտասանեց Ս․ Բարդուղիմեոսի և Ս․ Գրիգոր Լուսավորչի, քրիստոնեական հավատքի, արժեքների ու եղբայրասիրության մասին։
Հավաքվածները դուրս եկան պարտեզ, ուր հանգանակություն տեղի ունեցավ հոգուտ հայ աղետյալների և տրվեց հացկերույթ։

***
Առաքել Ծատուրյանի անշուք, անխնամ գերեզմանը գտնվում է Գորիսի Ս․ Հռիփսիմե եկեղեցու տարածքում, որի տապանաքարին փորագրված է․ «ԱՌԱՔԵԼ ԱՊԷՐ ԾԱՏՈՒՐԵԱՆ 1830-1903 ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՒԱՏՔ Ի ՍՄԱՆԷ ՈՉ ՊԱԿԱՍԷ»։


Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 21371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ