Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լիցք` հաղթանակի ու հարատևման

Լիցք` հաղթանակի ու հարատևման
19.05.2022 | 07:33

Այս է Իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ Ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար:

Հովհ. 15;12-13
Ամեն ինչից առաջ միմյանց միջեւ ամուր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը:
Ա Պետր. 4; 8:

Մեր Հայրենիքի պայծառամիտ ու արիասիրտ հոգիները, ականջալուր Ավետարանի սուրբ ու տիրատուր պատգամին, այդ մեծագույն սիրով, հայրենիքի պաշտպանության ասպարեզ նետվելով, նախ ծածկում են սեփական գիտակցված հանցանքների բազմությունը (ի վերջո, 18-19-ամյա պատանիները անմեղ մանուկներ չեն, որքան էլ, որ մենք սովոր ենք այդպես համարել) և ապա իրենց չգիտակցված մեղքերի պատճառ հանդիսացողների հանցանքները: Ջրով Մկրտությունը մաքրում է ադամական մեղքից, բայց նրանք մկրտվում են մի այլ մկրտությամբ: Այդ սիրո հրով նախ Տերն Ինքը մկրտվեց ու մկրտում է Իր հետևորդներին. «Երկրի վրա կրակ գցելու եկա եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լինի: Եւ մի մկրտություն ունեմ մկրտվելու եւ ինչպե՜ս եմ շտապում, որ կատարվի» (Ղուկ. 12; 49-50):


Հայի շուրթերից դարեր ի վեր հնչել է հրաշունչ աղոթքը. «Հու՛ր կենդանի Քրիստոս, Երկիր գցած Քո սիրո հուրը բորբոքի՛ր իմ մեջ, որպեսզի այրի իմ հոգու ախտն ու սրբի իմ խղճմտանքը, եւ մաքրի իմ մարմնի մեղքերը եւ վառի Քո գիտության լույսն իմ սրտում, եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս» (Սբ. Ն. Շնորհալի. «Հավատով խոստովանիմ»): Այդ սիրով բոցավառված հոգիները նետվում են առաջ` պաշտպանելու համար մեր` երախտագիտությամբ ու ոգևորությամբ բաբախող սրտե՞րը, ո՛չ ամենևին, այլ մեր գաղջ ու փոխզիջումալից առօրյան, բայց, ո՜վ քեզ զարմանք… Նրանք իսկական հրաշագործներ են... Եկեղեցիներում ասեղ գցելու տեղ չկա, և ոչ` որովհետև վերջապես հավատացյալ ենք դարձել, այլ` որովհետև Աստված մեր վերջին հույսն է... որպես կանոն: Մոմը չի բավականացնում, և ոչ միայն այն պատճառով, որ մենք մոմ վառելու անգերազանցելի թուլություն ունենք: Աղոթքները չեն դադարում, թեև մեզանից շատերը, խոստովանենք, աղոթել չգիտեն, գիտեն առաջարկել, պատվիրել, պահանջել, պարտադրել, բայց, այ, աղոթել` չգիտեն: Արցունքները չեն ցամաքում, թեև շատ դեպքերում դրանք անկեղծ զղջման կամ ապաշխարության արցունքներ չեն, այլ անզորության ու ափսոսանքի, զսպված բողոքի ու ըմբոստության:


Եվ ուրեմն` Լռությու՛ն. թող լռեն բամբասանքներն ու բողոքները, հիմա խոսում է նահատակների արյունը, նահատակների արյունը խոսուն է, բարեխոսում է և արդարություն է պահանջում, այդ արյան կանչը բարձր է ու հաղթական և նախնյաց կոչի հետ համաձայն ու ներդաշնակ:


Գոնե այժմ այդ կանչից արթնանանք, վերընթերցենք ու վերարժևորենք Ավարայրի Սոխակի անզուգական ձոնի պատգամը. «Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից եւ ո՛չ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք. որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք: Եւ ահա եկել-հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից: Այն ժամանակ, իբրեւ մի վշտալից սգավոր, հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր, երկուսով էլ զվարթացած ու զգաստացած, առհասարակ խելամիտ ենք դարձել. որովհետեւ բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրեւ առաջնորդ. մեր զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների զորագլուխը: Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից» (Եղիշե, «Վարդանանց եւ հայոց պատերազմի մասին):
Մեր քաջ ու առաքինի նախնյաց արժանավոր զավակները լրացնում են պսակակիր բյուրավոր մարտիրոսների լուսապարուր գնդերը. «Եւ երբ բացեց հինգերորդ կնիքը, խորանի տակ տեսա հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանվել էին Աստծու խոսքի եւ այն վկայության համար, որ պահում էին: Նրանք ասում էին բարձր ձայնով. Սու՛րբ եւ ճշմարի՛տ Տեր, մինչեւ ե՞րբ պիտի չդատես եւ մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից: Եւ նրանց տրվեցին սպիտակ զգեստներ. եւ ասվեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչեւ որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահվան պիտի ենթարկվեն, ինչպես իրենք» (Հայտն. 6;9-11):


Եվ այս լուսավոր ու սրբագործված հոգիների միակ հույսն ու ակնկալիքն է` վերստին հանդիպել նրանց, ում համար իրենց արյունն են թափել: Մերօրյա Վարդանանք Տիրոջ նման կամենում են, որպեսզի իրենց սիրելիները լինեն այնտեղ, ուր իրենք են. «Հա՛յր, ում որ Ինձ տվիր, կամենում եմ, որ, ուր Ես Եմ, նրանք էլ Ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն Իմ փառքը, որ Դու Ինձ տվեցիր, քանի որ Ինձ սիրեցիր` նախքան աշխարհի լինելը» (Հովհ. 17;24):
Իսկ նրանք, ում համար նրանք իրենց արյունն են թափել այդքան պատրաստակամորեն, արդյո՞ք գիտակցում են, թե իրենցի՛ց ինչ է ակնկալվում անել, որպեսզի վերստին տեսնեն իրենց սրտահատորներին: Պատրա՞ստ են հանձնառել ամեն դժվարություն և հաղթահարել ամեն խոչընդոտ, որպեսզի իրենց բարեխոսների բարեխոսությունը իզուր չլինի:
Գիշանգղերը ճանկում են երկնքի կապույտ խաղաղությունը, որ ծվեն-ծվեն անեն. այստեղ ու այնտեղ դրանց լեշերն են թափված: Հայոց խրոխտ արծիվները տիրական սավառնում են բարձր, շատ բարձր, և նրանց ակնդետ հայացքի առջև են մանր-մունր կրծողներն ու վնասատուները:


Հայոց մայր հողը միշտ բաբախել է իր հերոսների թարմ ու նվիրագործված արյունով, որ դարձել է հարանորոգ լիցք` հաղթանակի ու հարատևման:
Եթե իրապես սիրում ենք մեր քաջորդիներին, պիտի փափագենք նրանց միանալ, գոնե նրանց ջերմ, նվիրական սերը և հիսուսակերպ պատարագումը փոխադարձելու ձգտումով:
Եթե անգամ չենք ճանաչում Աստծուն և մեր հանդեպ Նրա Սերը` Հիսուսին, արդեն ո՛չ տարեգիրների վկայությամբ, այլ որպես կենդանի վկայությունների ականատեսներ` օրինակենք օրինակելիներին:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան

Գորիս

Դիտվել է՝ 5707

Մեկնաբանություններ