Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկի. Ապականացուից դեպի անապականը

Միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկի. Ապականացուից դեպի անապականը
29.05.2022 | 10:46

Կյանքում ամեն ինչ ողորմություն է, և ամեն ինչ կյանքում կարող է ուրախություն լինել, եթե ուրախալից սրտով հավասարապես ընդունվեն թե՛ այն, ինչ տրվում է, թե՛ այն, ինչ որ վերցվում է:


Մենք հաճախ մտածում ենք, թե ուրախություն լինում է միայն նրանից, ինչը ստանում ենք. իսկ ինչպիսի մեծ, ցնծալի ուրախություն է լինում, երբ ինչ-որ բանից կարծես զրկվել ենք, սակայն դրանով դրսևորվել է Աստծո իմաստուն հոգածությունը:
ՈՒզում եմ հիշել ոմն ճգնավորի մի խոսքը:


Նա ապրում էր լքվածության մեջ, թեև ինքը շատերին էր ծառայում, բայց նրանք, ում ծառայում էր, նրա մասին քիչ էին հոգ տանում: Եվ մի անգամ մի եկվոր, ով ներկա էր նրա առավոտյան աղոթքին, որում նա գոհանում էր Աստծուց՝ Նրա անթիվ բարերարությունների համար, ասաց նրան. «Ինչպե՞ս կարող ես ստել Աստծո առաջ, ինչպե՞ս կարող ես Նրանից շնորհակալ լինել Նրա պարգևների համար. չէ՞ որ Նա քեզ ոչինչ չի տվել»: Իսկ ճգնավորը, նայելով եկվորին, ասաց. «Դու կյանքն այնպես չես հասկանում, ինչպես հարկն է: Դու մտածում ես, որ ես չունեմ ընկերներ, ջերմություն, կերակուր, ոչինչ կարծես թե չունեմ: Բայց ես այլ կերպ եմ տեսնում ամեն ինչ: Տերը նայել է իմ հոգու խորքը և տեսել, որ ես չեմ աճի մինչև այն չափը, որին Ինքը կանչել է ինձ, եթե ինձ չտրվի և՛ քաղցել, և՛ մրսել, և՛ միայնակ լինել: Եվ Նա ինձ ավելցուկով է տվել թե՛ մարդկանցից լքվածությունը, թե՛ զրկվածությունն այն ամենից, ինչ փնտրում են մարդիկ: Դու սրանում զրկվածություն ես տեսնում, իսկ ես՝ իմ օժտվածությունը»:
Մեզանից ոչ ոք այդպիսի ծայրահեղ պարագաներում չի ապրում, և մեզանից քչերը կկարողանային այդ ամենը կրել ու փրկվել. մեզանից յուրաքանչյուրը շարունակ բողոքում է, թե ինքն ինչ-որ բանից զրկված է, իր վրա ուշադրություն չեն դարձնում, իր հետ ընկերություն չեն անում, իր մասին հոգ չեն տանում, ինքը չունի այն, ինչը կուզեր ունենալ մարմնավոր, հոգեկան և հասարակական աշխարհում: Մենք միշտ խոսում ենք նրա մասին, ինչը չունենք, և երբեք չենք մտածում, որ Տերը մեզ չի զրկել, այլ օժտել է՝ ազատելով մեզ, հնարավորություն տալով հարուստ լինելու, սակայն ա՛յլ կերպ:


Մտածե՛ք այս մասին, որովհետև տրտունջը, նախանձը և նման այլ զգացումները ոչ միայն ավերում են մեր հոգին, այլև՝ անտեղի ավերում. դրա համար առի՛թ էլ չկա, եթե միայն հասկանայինք, թե որքան առատորեն է Տերը մեզ պարգևներ բաշխում, և ինչպես է քայլ առ քայլ տանում ապականացուից դեպի անապականը, կեղծ վիճակից դեպի ճշմարիտ հարստացումը:
Օգնի՛ր մեզ, Տե՛ր, հասկանալու, որ ամեն ինչ ողորմություն է, ամեն ինչ՝ հարստություն, և այդժամ նահատակների ու սրբերի Եկեղեցու հետ՝ այն պարզ ու կենդանի մարդկանց, ովքեր, սակայն, կարողացան տեսնել իրերն այնպես, ինչպես դրանք կան, մենք կկարողանանք միասնաբար գոհություն հայտնել Աստծուն ամեն ինչի համար՝ իրապես ցնծացող ու շնորհակալ սրտով:

Ռուսերենից թարգմանեց Դարբասի Հոգևոր Հովիվ

Տեր Ընծա քահանա Միրզոյանը

Դիտվել է՝ 5994

Մեկնաբանություններ