ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Մի թողեք ճայերը ծիծաղեն» կամ՝ Մուշեղիչին վայել տոն

«Մի թողեք ճայերը ծիծաղեն» կամ՝ Մուշեղիչին վայել տոն
19.06.2022 | 10:34

Սրտահույզ հրավերք


Եվ այսպես, ճանաչված հրապարակագիր և հայկական հակապետականության մշտարթուն ընդդիմախոս Մարտին Հուրիխանյանը, վերահրատարակելով իր գրողական երախայրիք «Մի թողեք ճայերը ծիծաղեն» գիրքը, որ նվիրված է հայ կինոյի թերևս վերջին տաղանդ Ալբերտ Մկրտչյանին, նախօրոք թեթևակի՝ մարտինավարի ցնցակաթվածի ենթարկեց գալիք հյուրերին՝ հրապարակելով շնորհանդեսի հրավիրատոմսը.
«ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի եռակի դափնեկիր, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը ձոնված գրքի շնորհանդես։
Ձեր ներկայությունը ոչ միայն ակնկալված է,այլև՝ պարտադիր։
Եկեք միասին հետահայաց վայելենք անվանի կինոռեժիսորի հետ հաղորդակցվելու բերկրանքը, համախոհներով փորձենք շնորհանդեսը վերածել Մուշեղիչին վայել տոնի։
Հարգանքով՝ Մարտին Հուրիխանյան։


Հ․Գ․ Խնդրում եմ գիրքը նվեր ունենալու տագնապը չունենալ»:
Աշխարհիկ-հոգևոր վայելք
«Փյունիկ» կենտրոնի գողտրիկ սրահում հրավիրյալներն էին, արդի հայ ստեղծագործ մտավորականության հանրահայտ դեմքերը, որոնց տագնապը անէացավ քիչ անց. գիրքը հյուրընկալորեն դարսված էր ամբիոնում և սպասում էր իր ընթերցողներին։
Հուզիչ և գրավիչ էր շնորհանդեսի մեկնարկը, տեսաֆիլմում օրվա հերոսն էր, բեմում՝ Մարտինը, ում հաջողվեց զուգորդել միտքն ու զգացմունքը և ներկայացնել վարպետորեն (ասեմ առանց դույզն ինչ հաճոյախոսության) այս հոյակապ գիրք-կինոասքը։ Այս շնորհանդեսը աննախադեպ էր, զի չհնչեցին գեղգեղուն ճառախոսություններ, և վստահ եմ, որ եթե ռեժիսորը մի հրաշքով ներկա լիներ, ապա անխոս հետևելու էր «գործընթացին» և հեռանալու էր գոհունակ։ Գոհունակ, քանզի գյումրեցի հեղինակ-բանախոս Մարտին Հուրիխանյանը ներկայացրեց իր համաքաղաքացի կինոճարտարապետին միայն հայրաքաղաքին բնորոշ բարձրաճաշակ շուքով։ Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրին սրբատաշ քաղաք է, երգիծանքի և տաղանդների բնօրրան լինելուց առաջ, իմ խորին համոզմամբ, արժանապատվության ՔԱՂԱՔ՝ ի տարբերություն Երևանի։
Բանախոսը շնորհակալական խոսքում ներկայացրեց գիրք-կինոասքի ստեղծման «մեղավորներին»։ Այն տպագրվել է Փինաչյան ընտանիքի մեկենասությամբ։ Ընտանիքի հայր Արկադի Փինաչյանին ճանաչել եմ Գրիգոր Մովսիսյան, Նաիրա Կարապետյան ամուսինների նախաձեռնած և հովանավորած «70 ճանաարհ դեպի տաճար» պլեներաշարում, նա «Անձեռակերտ և ձեռակերտ․Գառնի» պլեների պատվավոր հյուրն էր, «Արմսվիսբանկ» ընկերության պատասխանատու աշխատակից, Պարույր Սևակի բանաստեղծական աշխարհի սիրահար և գիտակ։


«Գիրքը ստեղծվել է իմ ընկերների ջանքերով»,- ասաց բանախոսը և թվարկեց ընկերներին, որոնք կինոկյանքի ամենատարբեր դրվագներում առնչվել են Ալբերտ Մկրտչյանին և իրենց հիշողության բավիղներում զարմանալի հուշեր ամբարել։
Ալբերտ Մկրտչյանի հետ անձնապես շփում չունեցած հյուրերի (այդ թվում՝ տողերիս հեղինակի) համար ռեժիսորը «երևակվեց» բազմանիստ ձևաչափերում։
ՈՒ հասկանալի էր, Մհեր Մկրտչյան համաշխարհային չափաձևի դրամատիկ ու ողբերգակ երևույթի ռեժիսոր եղբայրը քայլեց միայն իրեն շնորհված արահետներով, որոնք հաճախ խաչմերուկվում էին և արդյունքում հասնում մայրուղի, որի ցուցանակն ազդարարում էր՝ «Համշխարհային կինո»։


Սակայն չմոռանամ տիար Հուրիխանյանի ընկերներին, ի մասնավորի՝ Խաչիկ Շառոյանին, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի անդամներին, այլոց։ Ես բացում եմ գիրքը և հրավիրում ընթերցողներին համատեղ աշխարհիկ-հոգևոր վայելքների։
Հեղինակն իր աշխատությունը նվիրել է ծնողների լուսե հիշատակին, ընթերցողներին հրավիրում է ուշագրավ ճամփորդության, և մենք Ալբերտ Մկրտչյանի ստեղծագործական արարումների ու հակասական ժամանակի ոլորէջքների վկան ենք դառնում, նաև՝ մասնակիցը։ Ժամանակը հակասական էր ազգային կառուցիկ նկարագրի ստեղծագործողների համար և խիստ ողորկ էր իշխանահլու տեսակի համար։ Այնուամենայնիվ, հակասական ժամանակում են ծնվում մնայուն արժեքներ ստեղծող անհատները։


Նախաբանում հեղինակը գրում է․ «Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված այս գիրքը վերահրատարակելու ցանկություն միշտ եմ ունեցել։ Անկեղծ լինեմ՝ որքան շոյիչ է, այդուհանդերձ, պատճառը բնավ էլ այն չի եղել, որ ողջ տպաքանակը (այդ տարիների համար 1000-ը տպավորիչ թիվ էր) սպառվեց խիստ կարճ ժամանակահատվածում, և սա այն դեպքում, երբ այդպես էլ գրախանութ չմտավ, վաճառքի չհանվեց, չգովազդվեց։ «Մի թողեք ճայերը ծիծաղեն» գիրքը ևս մի անգամ պիտի վերահրատարկվի, քանզի շուրջ կեսդարյա ազգային ինքնության որոնման, հայտնաբերման և ի պահ սերունդների հանձնելու կնիքն է կրում՝ Կինոպատումով»։


Մաղթում եմ ներկա երկրի քաղաքացի-մշակութասերներին որոնել և գտնել այս հետաքրքրաշարժ, միաժամանակ խորքային խնդիրներ հնչեցնող գիրք-կինոասքը և պատեհ մի ժամի բաժակ բարձրացնել Ալբերտ Մկրտչյանի ու նրա շրջապատի հանրահայտ և ոչ այնքան հայտնի դեմքերի համար։
Ես էլ շարունակեմ վայելել այն:


Վրեժ Առաքելյան
Հ.Գ. Գրքի վերջում տեղ են գտել Ալբերտ Մկրտչյանի բանաստեղծությունները: Եթե ռեժիսորի քնարը «պարապ վախտի խաղալիք» է, ապա շարժերը հոյակապ են։ Նման որակյալ շարժեր է ժամանակին ստեղծել Վարդան Աճեմյանը։

Դիտվել է՝ 31981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ