Իրանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անկարությունների ընթացքում զոհվածների թիվը հասել է 200-ի. զոհերի թվում են անվտանգության ուժերի աշխատակիցներ, անկարգությունների մասնակիցներ, անջատողական խմբերի զինված անձինք։               
 

«Մելքոն Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը խոստանում է գեղեցիկի հետ իրապես ակնկալված հանդիպում»

«Մելքոն Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը խոստանում է գեղեցիկի հետ իրապես ակնկալված հանդիպում»
26.06.2022 | 12:20

Նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը։


Անկեղծ ասած՝ նման կարգի միջոցառումներում հրապարակային խոսք լսելու առանձնակի ցանկություն գոնե ես չունեմ։ Պատճառը ելույթ ունեցող մշակութաբան կոչվածների, գուցե թե ինչ-որ տեղ պարտավորված գործընկերների «գեղգեղանքն» է՝ հազար անգամ ծամված, բազմիցս օգտագործված, թարմությունը վաղուց կորցրած, բովանդակազուրկ դարձած, միջոցառումից միջոցառում թևող բառերի հերթագայումով, մինչդեռ ցուցահանդեսի գնացած, ցուցադրվելու հայտ ներկայացրած յուրաքանչյուր ստեղծագործող կարոտ է իրապես անկեղծ խոսքի, ու նրան չես մոլորեցնի դատարկախոսություններով։


Երբ նկարչին դիմեցի «վարպետ, համով ցուցահանդես է ստացվել» բառերով, կողքին կանգնած պճնազարդ տիկինը գաստրոնոմիական իմաստով էլ ընկալեց ասածս՝ չզլանալով անհարկի ծիծաղել անգետիս վրա։ Ծիծաղը՝ ծիծաղ, այն յուրաքանչյուրի անկապտելի իրավունքն է, սակայն վերացարկվենք պճնազարդ տիկնոջից, դառնանք ցուցահանդեսին, որն իրապես համով էր ստացվել, ու որին տված դիպուկ գնահատականներում, ինչպես միշտ, ինքնատիպ էր ու տարողունակ մեր արդի գեղանկարչության իսկապես երևելիներից մեկի՝ Փարավոն Միրզոյանի խոսքը։
Նկարիչների միության իր այս ցուցադրությունում Մելքոն Հովհաննիսյանը բացվել էր տերյանական տրամադրությամբ ներծծված զգացողությունների տակ տևական ժամանակ գտնվելուց հետո։ Վկան՝ իրենց բերած ռոմանտիկ զգացողություններով, նրբություններով, քնքշության մեղմ դրսևորումներով, այդ ամենին համապատասխան գունային խաղերով, նրբերանգային թանձրացումներով պաստելով արված գործերի համադրությունն էր յուղաներկով արված պոռթկումներին, որոնք պարտադրում են քայլերդ ավելի դանդաղ չափի բերել, կանգնել կտավի առաջ ու եթե ունես այդ կարողությունը, խորանալ պատկերի մեջ, թափանցել ասելիքի խորքը։


Այս ցուցահանդեսով իրեն ընկալելու, նորովի ընթերցելու լուրջ հայտ է ներկայացրել Մելքոն Հովհաննիսյանը, ու համարձակվում եմ նկատել, որ սա մի նոր սկզբի ընթերցում է լինելու, որից հավասարապես շահելու ենք երկուստեք, մենք՝ պարզ դիտորդի կարգավիճակով անձինք, նկարիչը՝ փիլիսոփայական խորք, ամբողջացող ընդհանրացումների գնացող արվեստագետ։
Թե որքանով բովանդակային կլինի այդ սպասվելիք զրույցը, թողնենք ապագային, իսկ ներկա պահի համար փաստենք՝ Մելքոն Հովհաննիսյանի այս ցուցահանդեսով Նկարիչների միությունում ձեզ սպասում է գեղեցիկի հետ իրապես ակնկալված հանդիպում։ Մի զրկեք ձեզ այդ հնարավորությունից։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 11428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ