Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փրկել խոնարհությամբ

Փրկել խոնարհությամբ
19.08.2022 | 07:23

Պատարագ Աստծո հոգի խոնարհ. զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ Աստուած ո՛չ արհամարհէ:

Սաղմ. 50; 19

Աստված փնտրում է մաքուր սրտեր և խոնարհ հոգիներ: Մեր Աստված խոնարհ Աստված է, և Քրիստոս Հիսուս հենց Աստծո խոնարհությունն ու խոնարհումն է: Նա՛ է վերադարձի Ճանապարհը:
Իրականում մենք այնքան էլ չենք պատկերացնում Սրտով Խոնարհ ու Հեզ Աստծուն, մեզ համար մարդացած ու Խաչի Մահը ճաշակած Աստծուն, մեզ սիրող ու մեզ համար Ինքն Իրեն տվող Աստծուն, մեղքը ատող, բայց մեղավորին սիրող Աստծուն, անվերապահորեն բոլոր մարդկանց փրկությունը փափագող Աստծուն: Խոնարհություն և խոնարհում. ուրիշ ոչինչ չի պահանջվում ինքն իրեն վերադառնալ կամեցող ու փափագող մարդուց: Չեն պահանջվում խորը աստվածաբանական գիտելիքներ, իմաստասիրական պրպտումներ և վարդապետական դեգերումներ: Մաքուր սրտով ընդունել Աստծո Խոսքը և խոնարհ հոգով ընդունել սեփական սխալները: Մեր խոնարհ Աստված շնորհում է կյանքի պարգևներ բոլոր խնդրողներին, շնորհում է կյանքի քաղցրություններ՝ հարազատ հոգիներ, հոգատար ձեռքեր, նվիրյալ ու սիրող սրտեր, շնորհում է նաև նվիրվելու, հոգալու, սիրելու առիթներ:

Բայց մարդը անշնորհակալ է և երախտամոռ, որովհետև իրեն շնորհվածը համարում է իր արժանիքը, վաստակը կամ բնական օրինաչափություն: Մարդը շնչում է օդ և արտաշնչում է կյանքը սերտած ու սովորած անտարբերություն: Նա հիանում է միայն ինքն իրենով, բայց էլի չի նկատում գաղտնիքը՝ այդ հիանալի էակի՝ հիացմունքի արժանի Արարչին: Այսօրվա մարդու համար Դավիթ մարգարեի հիացմունքը խորթ է ու խրթին. «Ահա Դու, Տե՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, Դու ինձ ստեղծեցիր եւ ձեռքդ դրիր ինձ վրա: Զարմանալի է Քո իմացությունն իմ մասին, այնքան զորեղ, որ չեմ կարող հասու լինել դրան: Դո՛ւ ստեղծեցիր երիկամներն իմ, եւ մորս որովայնից ինձ ընդունեցիր: Գոհություն պիտի մատուցեմ Քեզ, Տե՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես Դու, սքանչելի են գործերը Քո, որոնք ես շատ սիրեցի: Չծածկվեց քեզնից իմ ոսկորը, որն ստեղծեցիր Դու թաքուն, ոչ էլ ծածկվեց կարողությունն իմ երկրի խորքերում: Իմ անկատարությունները տեսան Քո աչքերը, եւ այդ բոլորը գրվեցին Քո գրքում» (Սաղմ. 138; 5-6, 13-16):


Խոնարհության մասին ճառելը դժվար առաջադրանք է: Խոնարհությունը սիրում է գործել լռության մեջ: Այդ պատճառով էլ աշխարհային աղմուկով խլացված հոգիները նրա մասին քիչ բան գիտեն, աշխարհային պատկերներով պատրված աչքերը նրան չեն նկատում: Նա չունի մենեջերներ և ապրանքային տեսք, չի զբաղվում ինքնագովազդով և ինքն իրեն չի առաջարկում առաջին պատահածին: Նա հանդիպում է փնտրում իրեն փնտրողների հետ և պարգևում է հանդիպման ու հատնագործության հրճվանքը: Խոնարհությունը հավիտենական կյանքը չկորցնելու միակ հնարավորությունն է, որովհետև հպարտությունը կամ սնափառությունը հավիտենական մահվան ու խավարի երաշխավորներն են: Ոչ մի հպարտ ու չարակամ մարդ չի ժառանգելու Աստծո արքայությունը. «Համերա՛շխ եղեք միմյանց հետ. մի՛ մեծամտացեք, այլ խոնա՛րհ եղեք խոնարհների հանդեպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք. մեկի չարի փոխարեն չար մի՛ հատուցեք. խորհեցե՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք» (Հռոմ. 12; 16-18): «Մի՛ արեք որեւէ բան հակառակության ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լա՛վ համարեցեք, քան ինքներդ ձեզ» (Փիլ. 2; 3):

Ոչ մի ինքնամեծար ու սնապարծ մարդ չի տեսնելու Աստծու երեսը: Ինքնարդարացմամբ մխիթարվող ոչ մեկը չի սփոփվելու Ամենաբարի Աստծո ողորմությամբ. «Բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ: Խոնարհվեցե՛ք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին Նա ձեզ բարձրացնի: Ձեր բոլոր հոգսերը Նրա վրա գցեցե՛ք, որովհետեւ Նա է, որ հոգում է ձեր մասին» (Ա Պետ. 5; 5-6):


Միայն մինչ ի մահ խոնարհությունն է, որ զերծ է պահում սատանայի բոլոր որոգայթներից: «Առաքինությունները բախում են աստծո սրտի դռները, բայց միայն խոնարհությունն է բացում դրանք». Օգոստինոս Երանելի: Հիսուս Աստծո Խոնարհությունն է, նաև Ճանապարհն է, և այսպես է հնչում Կյանքի Ճշմարտությունը. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, եւ Ես ձեզ կհանգստացնեմ: Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք եւ սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետեւ Իմ լուծը քաղցր է եւ Իմ բեռը՝ թեթեւ» (Մատթ. 11; 28-29):


Դժոխքը մարդկանց համար չի ստեղծվել: Աստված սիրում է բոլոր մարդկանց, որոնք Իր պատկերն ու նմանությունն են, և ուզում է փրկել նրանց գեհենի դատապարտությունից, փրկել խոնարհությամբ՝ ազատելով անձնապաստանությունից, որ պիտի հուսախաբ թողնի, ամբարտավանությունից, որ պիտի անհավատ դարձնի, և անտարբերությունից, որ պիտի սպառի սերը:
Խոնարհությունը դարձնենք մեզ խրատատու ու խորհրդական, խոնարհամտությունը՝ խրախույս ու խիզախում: Խաչի ճանապարհով՝ կենսատու ու պատվական, հասնենք տուն:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 9303

Մեկնաբանություններ