Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարտիրոսաբար լծվենք հեծանիվ հորինելու գործին

Մարտիրոսաբար լծվենք  հեծանիվ հորինելու գործին
16.02.2023 | 07:38

Եվ այսպես ապրեցինք դարեր՝ եկողը նախորդին ոչնչացնելով, ուրացության ու մոռացության տալով նրա փորձն ու գործը, չհանդուրժելով, վատը դրոշ սարքելով, փորձ չքաղելով, հետևից ավեր թողնելով, ծաղկող հունդերը չորացնելով, որպեսզի նորից աղավնի բաց թողնի՝ մի՜ շյուղ բերելու…


Հիշեցի՝ 88-ի «հեղափոխական» սերունդն ինչպես էր փրփուրը բերանին հայհոյում կոմունիստներին, ծաղրում նրանց, եռանդով քանդում ու ավերում ամենը, ինչին նրանց ձեռքն ու շունչն էր դիպել:
Մտան մինչև Լենինի անկողինն ու պարզեցին, որ նա ոչ թե գնդակից, այլ սիֆիլիսից է մահացել (դա էլ էր սփոփանք ու վրեժխնդրություն թվում), հասան Մեծ հայրենական, ափսոսացին, որ գերմանացիները... չե՜ն հաղթել, որ հայերս նրանց օրոք ավելի հարուստ և ազատ կապրեինք, որ Հայրենականն ամենևին հայրենական չէր, մերը չէր, թքած Հայրենականի վրա, ռուսների ու ռուսերենի վրա: Հասան ու բմբլահան արեցին Մարքսին ու Էնգելսին, հայազգի միութենական նշանավորներին, տակնուվրա արեցին նրանց գերեզմանները, ուրացան ու հսկա շիրմաքար դրեցին բոլորի վրա:


Երկար ժամանակ պիտի պահանջվեր, որպեսզի, քթներս ջարդած, վերագնահատեինք Կարեն Դեմիրճյանին, Քոչինյանին, դեռ նրանց եմ ասում, առանց չափազանցության՝ սրբացնեինք խորհրդային կարգերի պատկերներն ու կերպարներին, նույնիսկ հնձվորին, կովկիթին, փողոցը, ծառը, թուփը, նրանց ողջ առօրյան:
Հիշեցի շատ ու շատ բաներ ու եզրահանգեցի՝ խոզի գլուխը խալիչայի վրա դնելը մեզ համար է ասված. հասկացա, որ մեկ անգամ է տրվում խալիչային հայտնվելու հնարավորությունը, այնուհետ՝ խոզը քշվում է խաշարան:


Խոստովանենք՝ Տերը մեր նկատմամբ առատաձեռն է եղել՝ անընդհատ ոտքի կանգնելու նոր հնարավորություններ տալով, ինչն այդպես էլ չգնահատեցինք: Ամեն հոգեդարձ արված ազգության չէ տրված՝ այս ամենին դիմանալը:
Մենք ուրի՜շ ենք, Տերը պարտավո՜ր է մեզ անվերջ ներել, հանել փոսից, մենք այրակա՜ն ենք, թագավորների՜ ազգ, մեզնից յուրաքանչյորն ավելի լավ թագավոր է, քան հենց թագավորը:
Մենք պետք է տարին մեկ, հնգամյակը մեկ, քառորդ դարն ու հիսնամյակը մեկ՝ ամեն ինչ քանդենք, անձերին ու ստեղծածը հողին հանձնենք, մի քանի տասնամյակով հետ գնանք՝ լավը թողած, վատն առած՝ մարտիրոսաբար լծվենք հեծանի՜վ հորինելու գործին, երբ կարող էինք հորինածն ընդամենը կատարելագործել՝ անվաշղթան յուղելով:


Մենք կարիք ունենք պարբերաբար ինքնաոչնչացման գնալու, պարբերական բառը ճիշտ մեզ համար է հորինված: Մեզ համար մեկումեջ թշնամությունն ու ատելությունը, մասնատվելու տենչը ուղղակի գոյատևման ադրենալին են դարձել:
Դե ինչ, նոր հունդերի արքաներ, պատրաստվեք, նորից հեծանիվ եք հայտնագործելու:
Հուսամ, երկար չի տևի, անդունդին երկար չեք նայի, որպեսզի անդունդն էլ չնայի ձեր մեջ:
Մենք էլ (ինչ եղել՝ մեզ հետ է եղել) ոտքներս քշտենք, որովհետև նորից ու նորեն ինքնակայացման ցեխի միջով ենք քայլելու:
Տեսնենք` որքա՞ն կտևի փորձ ու խորհուրդ մերժող այս խելահեղությունը:


Սուսաննա Բաբաջանյան
Գրող, հրապարակախոս
Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 16795

Մեկնաբանություններ