«Մենք չենք պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք նայում ենք ՈՒկրաինային և տեսնում, որ ոչ ոք չի կռվում ուկրաինացի ժողովրդի կողքին կամ նրա փոխարեն։ Առավելագույնը, ինչ կարող է անել Արևմուտքը, զենք մատակարարելն է։ Արյուն են թափում միայն ուկրաինացիները»,-ասել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:               
 

Նվարդ Թումանյանի հուշերից

Նվարդ Թումանյանի հուշերից
25.03.2023 | 09:40

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:

Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:

Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:

◊◊◊◊

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:

Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

◊◊◊◊

Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:

Ասում էր.

-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

◊◊◊◊

Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

◊◊◊◊

Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:

◊◊◊◊

Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…ՈՒզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:

«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:

◊◊◊◊

Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:

Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

◊◊◊◊

Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

◊◊◊◊

ՈՒներ գեղեցիկ իրերի պաշտամունք: Դեռ 1889-ին գնել էր մի ամբողջ շարք երաժշտական գործիքներ՝ մետալաֆոն, չոնգուր, շվի, ջութակ, մանդոլին:

Գեղեցիկ ափսեները, գավաթները հայրիկի թուլությունն էին: Գնում էր հատկապես ֆրանսիական հախճապակի, Սևրի գործարանի արտադրանքը՝ նուրբ, գեղեցիկ ամաններ, գավաթներ: Արևելյան սուրճի գեղեցիկ սպասք էր գնել:

Գեղեցիկ իրերը մեծ մասամբ գնում էր կոմիսիոն խանութում: Պատահում էին և զավեշտական դեպքեր: Մի օր եկավ գնումներով, բարձր տրամադրությամբ, բացեց կապոցներից մեկը, թե՝ ո՞վ է ուզում, ո՞վ է ուզում, տեսե՛ք ի՜նչ գեղեցիկ բաներ են: Տեսանք՝ շատ հնաձև, կանացի սև կոշիկներ, թեև բոլորովին նոր: Շատ հիասթափվեցինք, բայց ցույց չտվինք: Բարեբախտաբար, ոչ մեկիս ոտքին չեղավ, և այդ կոշիկները երկար ժամանակ մնացին ընկած: Մի օր էլ մայրիկն ինձ ասաց՝ տա՛ր կոմիսիոն խանութ, գուցե ծախվում է, ինչ կտան՝ կտան, կազատվենք: Տարա հանձնեցի: Չանցած մի քանի օր՝ հայրիկը նորից եկավ կապոցներով, ոգևորված, թե՝ եկե՛ք, տեսե՛ք, ի՜նչ հիանալի բաներ եմ բերել: Իսկույն հավաքվեցինք և հայտնվեցին դարձյալ նույն չարաբաստիկ կոշիկները: Խանութի ցուցափեղկում տեսել էր և շտապել էր վերցնել: Մեր անզուսպ ծիծաղից հայրիկը կռահեց, թե ինչ է կատարվել, և հետագայում էլ հիշում էր ու ծիծաղում:

Երբ հասարակ բան էինք գնում, ասում էր. «Ինչի՞ եք հասարակ բաների փող տալիս, միևնույն գինն է»: Հիշում էր անգլիական ասացվածքը՝ ես այնքան հարուստ չեմ, որ էժան բան առնեմ:

◊◊◊◊

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

◊◊◊◊

«Ղոչաղ կացեք»,- այս եղավ հայրիկի վերջին խոսքերը։

Նվարդ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7119

Մեկնաբանություններ