Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճամփաբաժան

Ճամփաբաժան
02.06.2023 | 10:12

Մարդկանց մեծամասնության համար շատ դժվար է խոսել կամ մտածել մահվան մասին: Դրա պատճառներից առաջնայինը հոգեբանական է կամ մշակութային:

Ինքնին միտքը մահվան մասին արգելքի տակ է: Մենք զգում ենք, համենայն դեպս՝ ենթագիտակցական մակարդակի վրա, որ հանդիպելով մահվան երևույթի հետ դրա ցանկացած, նույնիսկ՝ ենթադրական, ձևերի հետ, մենք անխուսափելիորեն կանգնում ենք մեր սեփական մահվան հեռանկարի առջև. մեր սեփական մահվան պատկերը կարծես մոտենում է մեզ, դառնում է ավելի իրական և գիտակցական:
Մահվան մասին խոսակցությունը կարող է քննարկվել իբրև ենթադրական մերձեցում մահվանը: Եվ այսպիսի վիճակներից խուսափելու համար մարդկանց մեծամասնությունը նախընտրում է որքան հնարավոր է խուսափել մահվան մասին խոսակցությունից: Մյուս կողմից, մահվան մասին հստակ գիտելիքի և փորձառության բացակայությունը ևս պատճառ է դառնում այս նյութը շրջանցելու համար:
Մահվան մասին խոսելիս մենք հաճախ ստիպված ենք լինում համեմատություններ գտնել մեր առօրյա կյանքից, որոնք մեզ առավել ծանոթ ու հասկանալի են, և որոնք մենք ընդունելի ենք համարում տվյալ համեմատությունը կատարելու համար: Այդպիսի համեմատություններից մեկն էլ մահվան համեմատությունն է քնի հետ: Այս համեմատությունը կենսականություն է գտել և՛ մեր լեզվամտածողության, և՛ գեղարվեստական ընկալումների մեջ:
Մարդկանց մեկ այլ խումբ նախընտրում է ուրիշ, բայց նմանաբնույթ համեմատություն. մոռացություն: Ըստ այս տեսակետի, երբ մարդը մահանում է, մոռանում է իր բոլոր տանջալի և տհաճ հուշերը:
Որքան էլ այս համեմատություններն ընդունված լինեն և տարածված, այնուամենայնիվ, դրանք չեն կարող ամբողջական պատկերացում տալ մահվան երեւույթի մասին: Դրանք ավելի շուտ փորձ են անում մեղմել մահվան առջև եղած մարդկային վախը՝ դրանով իսկ թերի թողնելով այս երևույթի ամբողջական էությունն ընկալելու ձգտումը: Այս համեմատությունների մեկ այլ թույլ կողմն էլ այն է, որ դրանք բացառում են որևէ գիտակից վիճակի պահպանումը մահվանից հետո:
Վերը հիշատակված տեսակետներին զուգահեռ, գոյություն ունի մեկ այլ, հնարավոր է՝ ավելի հին, տեսակետ մահվան վերաբերյալ, որն ամենևին չի բացառում որևէ գիտակցության գոյությունը մահվանից հետո: Համաձայն այդ տեսակետի, մարդկային էության որոշակի մասը շարունակում է ապրել նույնիսկ մարդու մարմնի գործունեության դադարից ու ամբողջական ոչնչացումից հետո: Հավերժական գոյություն ունեցող այդ մասը ստացել է տարբեր անվանումներ. ոգի, հոգի, միտք, §ես¦, էություն, գիտակցություն, էներգիա և այլն: Բայց, ինչպիսի անուն էլ այն ստացած լինի, պատկերացումն այն մասին, որ մարդը ֆիզիկական մահվանից անցում է կատարում մեկ այլ լինելության ոլորտ, հանդիսանում է մարդկային հնագույն հավատալիքներից մեկը:
Այսպիսով, մենք ստանում ենք մահվան մասին երկու պատկերացում, որոնք հակադրության մեջ են մտնում իրար հետ՝ ունենալով, միաժամանակ, հնագույն հիմք: Դրանցից առաջինի համաձայն, մահը ամենայն գիտակցականի իսպառ ոչնչացումն ու ավարտն է, իսկ ըստ երկրորդի՝ անցումն է այս իրականութնունից մեկ այլ, ավելի կատարյալ ու բաղձալի իրականություն:
Պատմական հոլովույթով անցած, բազմաթիվ հաստատումների ու ժխտումների բովում թրծված այս տեսակենտերի հետ մեկտեղ, ժամանակակից մարդու առջև բացվում է մահվան երևույթի վրա լույս սփռող մեկ այլ հանգամանք ևս. դա աշխարհի տարբեր կողմերից ստացվող լուրերն ու վկայություններն են բազմաթիվ մարդկանց մասին, որոնք, թեկուզ ժամանակավորապես, այնուամենայնիվ, ունեցել են մահվան փորձառություն կամ վերապրել են մահվանը շատ մոտ վիճակ: Ծանոթանալով այդ վկայություններին՝ կարելի է արձանագրել դրանց միջև եղած հստակ ընդհանրությունները:
Անբուժելի հիվանդություն ունեցող մարդկանցից շատերին, ովքեր ապրել են կլինիկական մահ, ուղեկցել է անսովոր խաղաղության ու լիության զգացումը: Նրանց մեծամասնությունը վկայում է ուրիշ անձանց հետ իրենց հանդիպումների մասին, ովքեր օգնել են իրենց լինելիության մեկ այլ ոլորտ անցնելիս: Շատերին հանդիպել են այն մարդիկ, ովքեր իրենց երբևէ սիրել են և մահացել են իրենցից շուտ, կամ էլ՝ այն կրոնական անձինք, որոնց իրենք կյանքի ընթացքում մեծ նշանակություն են տվել, և որոնք, բնականաբար, համընկել են իրենց կրոնական հավատալիքներին:
Համադրելով այս դեպքերի միջև եղած ընդհանրությունները՝ կարելի է կազմել հետևողական քայլերի խիստ մոտավոր մի ընթացակարգ, որը տեղի է ունենում մարդու հետ մահվանից հետո:
Մարդը մահանում է, և այն պահին, երբ նրա մարմնական տանջանքը հասնում է իր եզրին, նա լսում է, թե ինչպես է բժիշկը արձանագրում իր մահվան փաստը: Նա լսում է աղմուկ, բարձր ղողանջ կամ դժժոց, և միաժամանակ, նա զգում է, որ շարժվում է մեծ արագությամբ սև թունելի միջով: Դրանից հետո նա անսպասելիորեն իրեն գտնում է իր մարմնից դուրս, տեսնում է սեփական մարմինը կողքից, ինչպես կողմնակի հանդիսատես: Նա հետևում է իրեն կյանքի բերելու անհաջող փորձերին և գտնվում է մի անբացատրելի շփոթային վիճակում: Որոշ ժամանակ անց նա հավաքում է իր մտքերն ու սկսում է աստիճանաբար համակերպվել այս նոր իրականության հետ: Մարդը նկատում է, որ ինքն ունի մարմին, բայց ոչ այնպիսին, ինչպիսին էր իր բնական մարմինը. այս մարմինն ունի բոլորովին այլ հատկություններ:
Շուտով իր հետ տեղի են ունենում ուրիշ իրադարձություններ ևս: Իրեն են մոտենում մահացած մարդկանց հոգիներ՝ դիմավորելու և օգնելու համար: Նա տեսնում է արդեն մահացած ընկերների ու ազգականների հոգիներ, և իր առջև հայտնվում է մի լուսավոր էակ, որից հեղվում է այնպիսի սեր ու հոգեկան ջերմություն, ինչպիսին նա երբեք չի հանդիպել: Այդ էակն առանց բառերի սկսում է իրեն հարցեր տալ, ինչը օգնում է գնահատել ապրած կյանքը, ու մարդուն ակնթարթի արագությամբ անցկացնում է կյանքում ապրած կարևորագույն իրադարձությունների միջով հետադարձ ընթացքով:
Ինչ-որ պահի մարդը տեսնում է, որ մոտեցել է մի տեսակ սահմանագծի կամ բաժանարարի, որը, հավանաբար, բաժանում է երկրավոր կյանքն անդրշիրիմյանից: Այստեղ պարզվում է, որ մարդը պարտավոր է վերադառնալ երկիր, որ իր մահվան ժամը դեռ չի հասել: Այս պահին նա սկսում է ընդդիմանալ, քանի որ այժմ նա ճանաչել է ուրիշ կյանքի փորձառությունը և չի ուզում վերադառնալ: Նա լի է ուրախության, սիրո և անդորրի զգացումներով: Իր կամքին հակառակ, մարդն ինչ-որ կերպ վերամիավորվում է իր ֆիզիկական մարմնի հետ և վերադառնում է կյանք:
Հետագայում նա փորձում է այդ մասին պատմել ուրիշ մարդկանց, բայց դժվարանում է դա անել: Նախ, նա չի կարողանում բառեր գտնել մեր լեզվով դա անելու համար: Եվ հետո, իրեն սկսում են չհավատալ ու ծաղրել: Չնայած, որ մարդը դադարում է այդ ամենի մասին պատմել, բայց ձեռք բերած փորձառությունն իր ապրած կյանքի վրա խորագույն հետք է թողնում, հատկապես՝ մահվան ու կյանքի հարաբերությունների մասին նրա ունեցած պատկերացումների վրա:

Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ

Դիտվել է՝ 4860

Մեկնաբանություններ