Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լուկա արքեպիսկոպոս Վոյնո-Յասենեցկի

Լուկա  արքեպիսկոպոս Վոյնո-Յասենեցկի
03.06.2023 | 08:00

Մարմին և Հոգի

Այսօր պիտի բացատրեմ ձեզ մի շատ կարևոր միտք, որի մասին կարդում ենք Պողոս առաքյալի Հռոմեացիներին ուղղված նամակում. «քանի որ չեմ իմանում՝ ինչ եմ գործում. ոչ թե այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ» (Հռոմ. 7:15):

«...որովհետեւ ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում» (Հռոմ. 7; 15), «Ի՞նչ խղճալի մարդ եմ ես: Ո՞վ կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահվան է տանում» (Հռոմ.7:24):

Իրապես, ինչքան խղճալի ենք մենք, ո՞վ պիտի ազատի մեզ մահկանացու մարմնից: Նաև մեկ այլ տեղ՝ Գաղատացիներին ուղղված նամակում սբ. Պողոսն ասում է մոտավորապես նման խոսքեր. «...հոգով ընթացե՛ք եւ չեք կատարի մարմնավոր ցանկությունները. Քանզի մարմինը հոգուն հակառակ է, իսկ հոգին՝ մարմնին. Նրանք իրար հակառակ են, այնպես, որ դուք անում եք այն, ինչ չեք ուզում» (Գաղատ.5;16-17):

Ահա, թե բանն ինչ է, բանն այն է, որ մեր հոգին հակառակ է մարմնին, իսկ մարմինը՝ հոգուն: Հոգին մեր սրտերը բարձրացնում է դեպի վեր՝ Բարձրյալի աթոռին: Հոգին ձգտում է, որ մենք ներշնչվենք բարձրակարգ հակումներով՝ ոչ թե ստորաքարշ կրքերով, այլ ամենավեհ, ազնիվ հոգևոր բաղձանքներով: Բոլոր սրբերը հոգով էին ապրում՝ մարմինը ենթարկելով հոգուն, նրանք հոգևոր մարդիկ էին, այլ ոչ թե շնչավոր, ինչպես մարդկանցից շատերը:

Իսկ ովքե՞ր են շնչավոր մարդիկ: Շնչավոր են բնութագրվում այն մարդիկ, որոնց ձգտումներն ու ցանկությունները, կյանքի նպատակները ուղղված են այս կարճատև կյանքի ընթացքում հնարավորինս շատ հաճույքներ վայելելուն: Չեն ցանկանում նրանք ոչինչ, բացի հաճույքներից և անհագորեն փնտրում են դրանք: Սակայն ինչպիսի՞: Միայն ստոր, մարմնական հաճույքներ: Նրանց համար խորթ են վերին ձգտումները բարձրագույն երանության, որը արդյունք է Աստծո հետ հոգու միավորման:

Աստծուն նրանք չեն ուզում ճանաչել, ապրում են անաստված կյանքով, ապրում են նրանով, ինչին ձգտում է արտաքին շնչավոր մարդը: Իսկ ի՞նչ է նշանակում շնչավոր բառը:

Շունչ կամ ոգի ունեն ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները:

Ոգին կամ շունչը մեր արտաքին պատկերացումների և ընկալումների ամբողջությունն է:

Ոգին կազմում են մեր մտքերը, ցանկություններն ու հակումները: Նույնը ունեն նաև կենդանիները՝ նրանք ընկալում են այն ամենը ինչ որ մարդիկ ընկալում են տեսանելի աշխարհից: Նրանք էլ ունեն հակումներ և ցանկություններ:

Եթե մարդն ապրում է գլխավորապես այս տեսակ ձգտումներով և ցանկություններով և ոչ թե բարձր կարգի ձգտումներով, ապա արժանի է բնութագրվել որպես շնչավոր մարդ:

Կան դժբախտ մարդիկ, որոնք հոգեպես ցածր մակարդակի վրա են և քիչ են տարբերվում կենդանիներից՝ ձգտելով միայն մարմնավոր պահանջների հագեցման:

Կենդանիները չունեն վերին, բարձր ձգտումներ, չունեն հոգի, որը տրված է մեզ՝ մարդկանց, և որով մենք աղոթքի միջոցով մտնում ենք Աստծո հետ հաղորդության մեջ:

Այնպես, որ մարմինը հակառակվում է հոգուն, իսկ հոգին՝ մարմնին: Նրանք այնպես են հակառակվում իրար, որ մեր կյանքն ընթանում է հոգու ձգտումների և մարմնի ցանկությունների միջև մշտական հակամարտության մեջ:

Այս պայքարն ապրում էին նաև Պողոս սուրբ առաքյալի նման մեծ սրբեր: Այն ապրում էին նաև բոլոր սրբերը և այդ պայքարը շատերի համար չափազանց խիստ էր ու դաժան: Դրա համար է ասում սուրբ Պողոս առաքյալը. «...չեմ հասկանում ինչ եմ անում, որովհետև չեմ անում այն, ինչ կամենում եմ, այլ ինչ-որ ատում եմ այն եմ անում»: Որովհետև նա ատում էր այն ամենը ինչ ցանկանում էր մարմինը, ատում էր բոլոր կրքերն ու մոլությունները: Բայց նաև ինքն էլ էր պայքարի մեջ: Ձգտում էր անել ամենալավը, բայց հաճախ չէր ստացվում՝ մարմնի ցանկություններն էին գերակշռում, դրա համար չէր կարողանում անել այն, ինչ ուզում էր, այլ անում էր այն, ինչ ատում էր:

Ապա ի՞նչ ասենք մեր մասին, որ անչափ հեռու ենք Պողոսյան սրբությունից: Չէ՞ որ մենք մշտապես պայքարի մեջ ենք կրքերի դեմ, որոնք հաճախ հաղթահարում են մեզ:

Ինչու՞ է այդպես: Ինչու՞ այդքան հեշտ է չարիք անել և դժվար է բարին գործել: Ինչու՞ այդքան հեշտությամբ մեզ հաղթահարում է մարմինը: Իրապես, ավելի հեշտ է մեղք գործելը, քան առաքինությունը: Պահք պահելը ավելի դժվար է, քան որովայնը անհագ լցնելը, ողջախոհությունը պահելը ավելի դժվար է, քան տրվել անառակությանը:

Եվ այսպես ամեն «ինչու»-ի պարագայում հակառակություն կա մի կողմից մարմնի քմահաճույքների և մյուս կողմից հոգու հրահանգների միջև:

Բանն այն է, որ մարմնին ստրկացողները անչափ շատ են, որովհետև մարմնի ծառայությունը, նրա ցանկությունների կատարումը անմիջապես է հաճույք և բավականություն պատճառում: Իսկ այն ուրախությունը, որը ստանում են բարուն և առաքինությանը ծառայողները, ովքեր կատարում են Քրիստոսի օրենքը, ստանում են ոչ միանգամից և անմիջապես ու տեսանելի ձևով, ինչպես վարձատրվում են մոլի կրքերին ծառայողները: Այն հոգևոր ընդարձակ աշխարհի ընկալումը, Աստծո հետ այն մերձավորությունը, որը տրվում է բարին գործողներին որպես վարձք, լինում է ոչ միանգամից և անմիջապես չի հետևում առաքինի գործերին: Դա ուրախություն է Սուրբ Հոգով, դա այն խաղաղությունն է, որը մենք ստանում ենք այն ժամանակ, երբ բարեգործությամբ և առաքինությամբ է լցվում մեր ողջ կյանքը:

Եվ այսպես, շատ հեշտ է կատարել մարմնի թելադրանքները, բավարարել կրքերը, ինչից հետո անմիջապես հաճույք ենք վայելում: Անչափ ավելի դժվար է կատարել հոգու հրամանները, և այդ հոգու ծառայությունը պետք է շարունակվի բազում տարիներ, մինչև որ զգանք հոգու մեծագույն պտուղը՝ խնդություն և խղճի հանգստություն: Հիմա տեսնում ենք, որ հենց այդ մասին է խոսում Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված նամակում. «...եւ ձեր մարմնի անդամները, որպես անիրավության գործիք ի ծառայություն մեղքի մի պատրաստեք, այլ հանձնեցեք ձեզ ի ծառայություն Աստծու, որպես մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարության գործիքներ՝ ի ծառայություն Աստծու..» (Հռոմ. 6; 13):

Հանձնե՛ք ձեզ ի ծառայություն Աստծուն, որպես մեռելներից կենդանի դարձածներ: Պետք է սկզբից կենդանանալ մեռելությունից և մեռնել մեղքի համար, խաչվել Քրիստոսի հետ:

Պետք է որ մեզ համար աշխարհը խաչված լինի, ինչպես էր Պողոս առաքյալի համար:

Եվ միայն այն ժամանակ, երբ մենք ներկայանանք Աստծուն որպես մեռելներից կենդանացածներ, կկարողանանք հանձնել մեր մարմնի անդամները ի ծառայություն Աստծուն, այլ ոչ թե սատանային, այն ժամանակ միայն կսկսենք աշխատել բարու համար, այլ ոչ թե չարի ու մեղքի: Քանզի գիտեք, որ մեր մարմնի նույն անդամները կարող են ծառայել ինչպես առաքինության, այդպես էլ չարիքին:

Գիտեք, որ մեր ձեռքերը կարող են վեր բարձրանալ առ Աստված սուրբ, անկեղծ աղոթքի պահին, կարող են տալ ողորմություն աղքատին, հոգս տանել թշվառներին, կարոտյալներին: Բայց նաև կարող են երկարել գողության, անառակության և նույնիսկ սպանության համար: Ոտքերը կարող են ուղղվել բարու շավիղներով, տանել մեզ այնտեղ, որտեղ պետք է օգնել դժբախտներին, սակայն կարող են տանել սպանության և գողության:

Աչքերն ու ականջները կարող են ուղղվել տեսնելու և լսելու միայն լավը և գեղեցիկը, բայց նաև կարող են օգտագործվել ընկալելու անվայել, անմաքուր տեսարաններ և հաճոյանալ պղծությամբ:

Եվ այսպես, տեսնում եք, որ կարելի է ծառայեցնել մեր անդամները և՛ բարու, և՛ չարի համար: Դրա համար տրամադրենք մեզ ձգտել ոչ թե մարմնի, այլ հոգու ծառայությանը: Որպեսզի ծառայելով հոգուն լույս դառնանք խավարում ապրողների համար:

Այս է մեր կյանքի նպատակը:

Այսպիսով, եկեք բոլորս ծառայենք հոգուն և ոչ թե մարմնին, լինենք գոնե ամենանվազ ճրագներ, աստվածային լույսեր, որպեսզի մեր սրտերի լույսով լուսավորենք խավարում ապրող մարդկանց:

Ամե՜:

Ռուսերենից թարգմանեց Դարբասի Հոգևոր Հովիվ՝

Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 5494

Մեկնաբանություններ