Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Դեկտեմբերի 4
«Նրա տեսքը ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր
մարդկանց որդիներինը: Նա հարվածների ենթակա
մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտեր. իր
երեսը դարձնելով արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց (Ես. ԾԳ. 3):
Գիտեմ` որ այս բառերը խփում են քնքուշ լարերին այն սրտերի, որոնք տրամադիր են գեղեցիկը լսելու: Այս ցավը ցույց է տալիս, որ այդ սիրտը ճանաչում է կարիքները տառապանքի մարդու:
Որ նա արհամարելի ոչինչ չի տեսնում Մեկի մեջ, որին աշխարհն անտեսեց:
Որ մարդու սիրտը ճանաչում է, ի վերջո, այն մեծ տարբերությունը, որ կա երկնքի արժեքների և երկրի արժեքների միջև:
Համբավն ու ծափահարությունները տրվում են աշխարհի մեծերին, իսկ արհամարհանքն ու մերժումը` Աստծո Որդուն:
Իմ աշակերտները պիտի կարողանան անտեսել աշխարհի չափանիշները և առաջնորդվել միայն երկնքի արժեչափերով:
Բնավ մի՛ փնտրեք մարդկանց գովեստը, ո՛չ էլ ջանացեք տեսնվել կամ հաշվի առնվել մարդկանց կողմից: Մարդկանց գովեստները ձեզ համար չեն: Դուք հետևեք արհամարված Քրիստոսին:
Ահավասիկ ամբոխը հայհոյում, քարեր է նետում, ծաղրում ու հեգնում է, սակայն այդ լուռ ու մունջ քարկոծվող փոքրիկ խմբի մեջ կա մի ճշմարիտ երջանկություն ու ուրախություն, որի արժեքը անարգող խառնիճաղանջը երբեք չի հասկանա:
Դուք հետևեք քարկոծվող ու ծաղրանքի ենթարկվող այդ փոքրիկ խմբին, որը, ըստ ամենայնի, բաղկացած է աննշան, ծիծաղելի ու արհամարհելի մարդկանցից: Այնուհանդերձ, դուք դրանցից մեկը եղեք, որ կարողանաք զգալ Աստծո վեհությունը, ներկայությունը Նրա, ով արհամարվեց ու մերժվեց մարդկանցից: Ծափահարությունները կամ ճակատը պճնող ծաղկեպսակը կնսեմացնեն, անշուշտ, այդ վեհությունը:
Երբ զրկվում եք մարդկային ամեն տեսակ օգնությունից, մոտեցեք, շատ ավելի մոտ եկեք տառապանքի մարդուն: Զգացեք Իմ ձեռքի սիրալիր հպումը ձեր ձեռքին. լուռ, բայց հավատարմությունից մղված այդ շարժումը:
Ես վիշտը ճանաչեցի:
Չկա ցավող մի սիրտ, որի հետ Իմ Սիրտը չցավի: «Արհամարվեց ու բանի տեղ չդրվեց»: