«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Եթե ԱՄՆ- ը չդադարեցնի հարվածները, տարածաշրջանը կարող է պայթել

Եթե ԱՄՆ- ը չդադարեցնի հարվածները, տարածաշրջանը կարող է պայթել
04.02.2024 | 16:12

Սատանայի պետություն և աշխարհում չարիքի առանցք հանդիսացող ԱՄՆ-ի Զինված ուժերը փետրվարի 2-ին, Մոսկվայի ժամանակով 00:00- ից և լույս 3-ի գիշերը 120- ից ավելի ավիահարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող բազմաթիվ օբյեկտների: Միացյալ Նահանգների ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նույն օրը հաստատել է վերոնշյալ հարվածների մասին տեղեկությունները:

«CENTCOM-ի ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման ուժերին և նրանց հետ կապված աշխարհազորայինների խմբավորումներին»,- նշված է CENTCOM- ի X (նախկին Twitter) սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:.

CENTCOM-ի մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ ԱՄՆ-ի զինված ուժերը մեծ քանակությամբ ինքնաթիռների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից ուղարկված հեռավոր գործողության շառավղով ռմբակոծիչների կիրառմամբ ավելի քան 85 թիրախ են խոցել: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ գործողությանը մասնակցել են մի քանի ինքնաթիռներ, այդ թվում՝ B-1 ռազմավարական նշանակոթյան ռմբակոծիչներ, որոնք թռչել են ԱՄՆ-ից:

«Ավիահարվածների ընթացքում կիրառվել է ավելի քան 125 բարձր ճշգրտության զինամթերք»,- հավելել են CENTCOM-ում:

Նշվում է, որ ԱՄՆ-ի թիրախների թվում են եղել հրամանատարության և վերահսկողության օպերատիվ կենտրոնները, հետախուզական կենտրոնները, հրթիռային համալիրներն ու անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պահեստները: Բացի այդ, հարվածների են ենթարկվել աշխարհազորայինների խմբավորումների և ԻՀՊԿ-ից նրանց հովանավորների զինամթերքի լոգիստիկայի և մատակարարման շղթայի օբյեկտները, որոնք նպաստել են ԱՄՆ-ի և ամերիկյան միջազգային կոալիցիայի ուժերի վրա հարձակումներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման ուժերին և իրանամետ կազմավորումներին հարվածները հասցվել են մի քանի ալիքներով: Սիրիայում հարվածները հասցվել են, մասնավորապես, երկրի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր նահանգի թիրախներին։ Ինչպես հայտնել է «РИА Новости» ռուսական պետական գործակալությունը, ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցվել հիշյալ նահանգում, Ալ- Մայադին քաղաքից հարավ գտնվող սիրիական բանակին դաշնակից ուժերի երեք դիրքերին։ Ըստ գործակալության աղբյուրի ենթադրության, ԱԹՍ-ները գործարկվել են Դեյր էլ Զորի «Օմար» նավթային հանքավայրի ամերիկյան բազայից (ճշտենք՝ Սիրիայի նավթային ամենահարուստ շրջանում գտնվող «Օմար» հանքավայրը զավթած ԱՄՆ- ի ԶՈՒ ռազմաբազայից)։

«Al Hardhat» հեռուստաալիքը, վկայակոչելով իրաքյան անվտանգության ծառայությունների աղբյուրը, հաղորդում է, որ ամերիկյան ավիացիան 8 հարված է հասցրել իրանամետ զինված խմբավորումների դիրքերին Իրաքի արևմտյան Ալ-Քաիմ գյուղի տարածքում, Սիրիայի հետ սահմանի մոտ։

Ըստ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի, զինված խմբավորումների թիրախներին մի շարք ավիահարվածներ են հասցվել Սիրիայի Ալ-Մայադին շրջանում և Բուկամալ քաղաքից արևելք, Իրաքի հետ սահմանի մոտ: Ամերիկյան հարձակումների արդյունքում, ինչպես հաղորդել է «Al Hadath» հեռուստաալիքը, առնվազն 13 մարդ է զոհվել Սիրիայի արևելքում իրանամետ զինված խմբավորումներին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով։

Փետրվարի 1-ին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կձեռնարկի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են Մերձավոր Արևելքում իր ուժերը պաշտպանելու համար: Նրա խոսքով՝ ինքը, ինչպես Բայդենը, չի հանդուրժի ամերիկյան զորքերի վրա հարձակումները։ Ընդ որում, ըստ նրա, Վաշինգտոնն իբր կշարունակի ձգտել խուսափել տարածաշրջանում հակամարտության ընդլայնումից, ինչը, սակայն, լկտի սուտ է՝ բնորոշ ԱՄՆ- ի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության շատ ներկայացուցիչների:

Հունվարի 28-ին հայտնի դարձավ Հորդանանի հյուսիսում, Հորդանան-Սիրիա սահմանի մոտ գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման մասին: Անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածի հետևանքով զոհվել է 3 ամերիկացի զինծառայող, ևս 25-ը՝ վիրավորվել: CNN հեռուստաալիքը նշել է, որ սա պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր առաջին դեպքն է, երբ ամերիկացի զինծառայողները զոհվել են «թշնամական կրակից»:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն իր հայտարարության մեջ հարվածի մեղավորներ է անվանել Իրաքում և Սիրիայում գործող և Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին: Բայդենը նշել է, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն կատարված հարձակման համար։

Արտաքուստ կարող է թվալ, թե իրանամետ ռազմականացված խմբավորումներին ԱՄՆ-ի երեկվա հարվածներն արդարացի են և ճիշտ, քանի որ առաջինը նրանք են հարվածել ԱՄՆ-ի ռազմաբազային, և հիմա Միացյալ Նահանգները նշված հարվածի պատասխանն է տալիս: Սակայն այսպիսի կարծիք կարելի է կազմել միայն անտեսելու դեպքում, որ Հորդանանում ԱՄՆ-ի ռազմաբազային հարվածը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա ավելի վաղ կատարված այլ հարձակումներ հետևանքն են պաղեստինա- իսրայելական հակամարտության ընթացքում Պաղեստինի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող Իսրայելին ԱՄՆ-ի ռազմական, քաղաքական և այլաբնույթ աջակցության:

Արդեն հայտնի են ԱՄՆ-ի հարձակման կապակցությամբ Իրաքի և Սիրիայի առաջին պաշտոնական արձագանքները: Իրաքը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները և հայտարարել, որ դրանք սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը:

«Այս հարվածները խախտում են Իրաքի ինքնիշխանությունը, խաթարում են իրաքյան կառավարության ջանքերը և վտանգ են ներկայացնում, որը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների Իրաքի և ողջ տարածաշրջանի համար,- «Reuters»-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրաքի զինված ուժերի մամուլի քարտուղար Յահյա Ռասուլը:-Արդյունքները լուրջ հետևանքներ կունենան Իրաքում և տարածաշրջանում անվտանգության և կայունության համար»:

Հիշենք, որ 2023 թ. վերջին Իրաքն ԱՄՆ-ից պահանջել է դուրս բերել զորքերն իր տարածքից, սակայն ԱՄՆ-ը, ըստ էության, հրաժարվել է, համենայն դեպս, այս պահի դրությամբ իր զորքերը դեռ չի հանել Իրաքից: Իրաքի համբերության բաժակի լցվելու և ԱՄՆ-ին վերոնշյալ պահանջը ներկայացնելու պատճառն ամերիկյան զորքերի հարվածներն էին Իրաքում գտնվող և Իրանի հետ սերտ կապ ունեցող «Քաթաիբ Հըզբոլահ» խմբավորման երեք թիրախներին։

«Ամերիկյան օկուպացիոն ուժերն այսօր օդային անթաքույց ագրեսիա են իրականացրել արևելյան Սիրիայի մի շարք դիրքերի և քաղաքների դեմ, ինչպես նաև սիրիա-իրաքյան սահմանների մոտ, ինչի հետևանքով մի շարք խաղաղ բնակիչներ և զինվորականներ են զոհվել, կան վիրավորներ, մեծ վնաս հասցվել հանրային և մասնավոր գույքին»,- նշված է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Սիրիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հարվածները «ոչ մի արդարացում չունեն և փորձ են թուլացնելու սիրիական բանակի և նրա դաշնակիցների հնարավորություններն ահաբեկչության դեմ պայքարում»։

Ջո Բայդենի վարչակազմը նշելով ավելի քան 85 թիրախների հաջող ջախջախման մասին, հայտարարել է, որ մտադիր է շարունակելու ռմբակոծությունը, ի պատասխան ամերիկացիներին ուղղված սպառնալիքների։ Իր հերթին, Վաշինգտոնի ընդդիմության ներկայացուցիչները մատնանշում են հարվածների անիմաստությունը և տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման վտանգը։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ