«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ԱՄՆ-ը փորձում է պատերազմի մեջ ներքաշել Իրանին և՝ ոչ միայն

ԱՄՆ-ը փորձում է պատերազմի մեջ ներքաշել Իրանին և՝ ոչ միայն
09.02.2024 | 16:04

Մերձավորարևելյան կաթսայի» տակ կրակը նորից բորբոքվել է

Այսօր կեսգիշերից քիչ անց հայտնի դարձավ Մերձավոր Արևելքում հակամարտ ուժերի միմյանց հասցրած նոր հարվածների մասին: Մինչ նշված իրադարձություններին անդրադառնալը, ընդգծենք, որ ՄԱԿ- ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում փետրվարի 5- ին արտահայտվելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ գործողությունների մասին, հայտարարել է, որ մերձավորարևելյան տարբեր պետությունների տարածքում գտնվող օբյեկտներին ամերիկյան բանակի հաճախակի հարվածները մատնում են տարածաշրջանի երկրներին լայնամասշտաբ հակամարտության մեջ ներքաշելու Վաշինգտոնի մտադրությունը։

Հիշեցնենք, որ Իրանին պատերազմի մեջ ներքաշելու ԱՄՆ- ի մտադրության մասին նմանաբնույթ կարծիք էինք հայտնել նույն օրը հրապարակված մեր «Եթե ԱՄՆ- ը չդադարեցնի հարվածները, տարածաշրջանը կարող է պայթել 2» վերլուծականում:

«Վերջին ժամանակներս գրեթե առանց դադարների հարձակվելով Իրաքում և Սիրիայում, ինչպես պնդում են, իրանամետ խմբավորումների օբյեկտների վրա, ԱՄՆ- ը փորձում է նպատակուղղված կերպով համատարածաշրջանային հակամարտության մեջ ներքաշել Մերձավոր Արևելքի խոշորագույն երկրներին»,- ընդգծել է Նեբենզյան:

Դիվանագետը հիշեցրել է, որ ամենօրյա ռմբակոծությունները, որոնք խլում են խաղաղ քաղաքացիների կյանքեր, լավագույնս ցույց են տալիս ամերիկյան քաղաքականության ագրեսիվ էությունը։ Նրա հավաստմամբ, նման ավազակային գործողությունները սպառնալիք են ամբողջ աշխարհի անվտանգության համար։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հունվարի 12-ից գրեթե ամեն օր հրթիռառմբային հարվածներ են հասցնում Եմենի հուսիների օբյեկտներին, գործադրում նաև ԱԹՍ- ներ, իսկ մի քանի օր առաջ 120- ից ավելի ավիահարվածներ էին հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքում գտնվող իրանամետ ուժերին և նույնիսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (իրանական էլիտար ռազմաքաղաքական կազմավորում) հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանում հանդիսացող «Ալ Քուդս»- ի դիրքերին և այլ թիրախներին:

ՄԱԿ- ի ԱԽ հիշյալ նիստում Ռուսաստանը կոչ է արել քննարկել ու դատապարտել Իրաքի և Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները:

«Միջազգային հանրությանը կոչ ենք անում անվերապահորեն դատապարտել Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի և նրա դաշնակիցների անխոհեմ գործողությունները, որոնք խախտում են Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունը»,- հայտարարել է Նեբենզյան:

Ինչպես արդեն նշեցինք, այսօր կեսգիշերից քիչ անց հայտնի դարձավ, որ Մերձավոր Արևելքում հակամարտ ուժերի միմյանց դարձյալ հարվածներ են հասցրել: Ինչպես տեղեկացրել է «Ալ- Մասիրա» հեռուստաալիքը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Եմենի Հոդեյդա գավառի «Ռաս- Իսա» նավահանգստի շրջանում հարվածներ են հասցրել իրանամետ և իրանի աջակցությունը վայելող հուսիների օբյեկտներին: Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ավելի վաղ, փետրվարի 5-ին, ըստ նույն հեռուստաալիքի, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան 11 ավիահարված են հասցրել Եմենի Հոդեյդա գավառի ուղղությամբ, 4-ը՝ Սաադա գավառի:

Հրթիռային հարվածներ են հասցվել նաև Սիրիայի արևելքում, Դեյր- էլ- Զոր գավառի «Օմար» նավթահանքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. այս մասին «ՌԻԱՆովոստի»-ին հայտնել է տեղի աղբյուրը:

«Ամերիկյան ռազմաբազան «Օմար» հանքավայրում գնդակոծվել է չորս հրթիռով», – ասել է նա՝ նշելով, որ ռազմաբազայի տարածքում հարվածներից հետո պայթյուններ են որոտացել, իսկ դրանից հետո Դեր Զորի երկնքում ամերիկյան ուղղաթիռներ են բարձրացել:

Հիշյալ հարվածները հավանաբար հասցվել են Իրաքում գործող, Դիմադրության շարժման մաս հանդիսացող իրանամետ շիա զինված խմբավորումների կողմից: Բացառված չէ, որ հրթիռային հարվածները հասցված լինեն հենց ԱՄՆ-ի ԶՈՒ հատուկ ստորաբաժանումների կամ հատուկ ծառայությունների կողմից՝ տարածաշրջանում իրանամետ խմբավորումներին և ԻՀՊԿ- ի «Ալ Քուդս» ստորաբաժանմանը նորանոր հարվածներ հասցնելու պատրվակ ստեղծելու նպատակով:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր, Իրաքում միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ի ռազմաբազաները, ինչպես նաև Սիրիայում ամերիկյան զորքերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների, որոնց պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող շիա զինված խմբավորումները:

ԱՄՆ զինված ուժերն անօրինական կերպով վերահսկում են Սիրիայի արևելքում և հյուսիս-արևելքում, Դեյր- էլ- Զոր, էլ Հասեկե և Ռաքքա գավառներում գտնվող տարածքները, որտեղ գտնվում են երկրի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսն իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունն անվանել է օկուպացիա և «պետական ծովահենություն»՝ նավթի բացահայտ գողության նպատակով:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ