ԱՄՆ-ի նախագահը Թեհրանին հորդորել է ստեղծված իրավիճակում ուժ չկիրառել՝ ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված վերջին հարվածին։ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք, որ Իսրայելը պաշտպանվի։ Իսկ Իրանը հաջողության չի հասնի: Մի՛ արեք դա»,- ասել է Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։                
 

Արմատից հրաժարվել չի կարելի, անգամ՝ ծանր ու անելանելի թվացող իրավիճակում

Արմատից հրաժարվել չի կարելի, անգամ՝  ծանր ու անելանելի թվացող իրավիճակում
20.02.2024 | 14:16

Այսօր լրանում է արցախյան շարժման 36-ամյակը:

36 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»: Ամեն ինչ արվեց օրենքի տառին համապատասխան։ Բայց պատասխանը եղավ հայերի կոտորածները Սումգայիթում, հետո Կիրովաբադում, հետո՝ Բաքվում, հետո էլ՝ Արցախի շրջափակումն ու պատերազմը։

Ես 1988-ին դեռ ծնված չեմ եղել, բայց շատ յուրահատուկ կապ եմ զգում շարժման, դրա էներգիայի, մղումների, ազնվության ու անգամ 36 տարի առաջ Երևանում հնչած շեփորի ձայնի հետ։ Ընտանեկան դաստիարակության, ընտրածս ուղիների կամ տարբեր այլ պատճառների թելադրանքով միշտ ուժեղ էմոցիոնալ կապ եմ զգացել Արցախի հետ։ Ընտրել եմ այնպիսի գործեր, որոնք ինձ կտանեին Արցախ, ման կտային ամեն ծակ ու ծուկերով, կբացահայտեին բնությունն ու մարդկանց։

Ես ազատ ու երջանիկ եմ եղել Արցախում, դա ինձանից ոչ մեկը խլել չի կարող, դա իմ սրտում ու մտքում է։ Այդ երջանկության ու ազատության համար ես պարտավոր եմ այն մարդկանց, որոնք պայքարել են Արցախի՝ հայկականության պահպանման, մեր հայրենակիցների՝ մազապուրծ ու հայրենազուրկ չլինելու համար, այդ պայքարի շնորհիվ է, որ Հայաստանի սահմանները տասնամյակներով եղել են անձեռնմխելի, որ Հայաստանի գյուղերի բնակիչները չեն եղել թիրախի տակ, ինչպես այսօր է։

Ցավոք, մեր օրերում տարբեր կողմերից՝ ներսից ու դրսից ամբողջությամբ խեղվում է Արցախյան շարժման էությունը, արժեզրկվում պայքարը, բայց ես վստահ եմ, որ դա ժամանակավոր է, ամեն վատ բան ինչ-որ պահի ավարտվում է, կարևոր է, որ մենք մեզնով, մեր նվիրումով ու չհանձնվելով պատրաստ լինենք լավը ստեղծելուն, չհանձնվելուն, չխեղճանալուն, մեր սեփական կռիվը չուրանալուն, պատրաստ լինենք էլի մի օր՝ գուցե հեռու մի օր Արցախում ազատ ու երջանիկ լինելուն, քանի որ հենց Արցախում՝ Ամարասում, Մեսրոպ Մաշտոցը հիմնեց հայկական առաջին դպրոցը, մենք արմատ ունենք այդ հողում, իսկ արմատից հրաժարվել չի կարելի, անգամ՝ ծանր ու անելանելի թվացող իրավիճակում։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ