ԱՄՆ-ի նախագահը Թեհրանին հորդորել է ստեղծված իրավիճակում ուժ չկիրառել՝ ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված վերջին հարվածին։ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք, որ Իսրայելը պաշտպանվի։ Իսկ Իրանը հաջողության չի հասնի: Մի՛ արեք դա»,- ասել է Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։                
 

Մայքլ Դրիս. Մարգարեություն Հայաստանի մասին

Մայքլ Դրիս. Մարգարեություն Հայաստանի մասին
20.02.2024 | 18:34

(սկիզբը` այստեղ)

-Աստված ծիծաղում է իր եկեղեցու թշնամիների վրա: Մի՛ ընկեք հուսահատության գիրկը: Սատանան ուզում է վախով բռնել ձեզ, բայց դուք երկրպագեք ու փառաբանեք նրան, Ով կարող է ձեզ պաշտպանել: Իմ կարծիքով Տերը բնության միջոցով նշան կտա՝ ի հաստատումն իր խոսքերի և շուտով դուք կլսեք հուներից ելնեղ գետերի մասին, կամ նման այն բանի, որ ժայռի փլուզման հետևանքով մի նոր հուն է ձևավորվում, քանզի Աստծո գետն արդեն հոսում է ձեր միջով: Մի՛ ասեք հին մարգարեի նման, թե մենակ եք: Տերն ասում է՝ Ես Ինձ համար ունեմ պահած ժողովուրդ, որ չի խոնարհվել թշնամուն (չի ծնրադրել Բահաղին): Ես իմ դավիթներին ու հովսեփներին եմ պատրաստել մի ծածուկ տեղում: Դուք ականատես կլինեք քաղաքական ցնցումների, որ կհարուցվեն ձեր կառավարության մեջ ու Աստված կփոխարինի այն մարդկանց, ովքեր արտաքուստ ցույց են տալիս իբր ազգի կողմից են, սակայն իրականում ազգի թշնամի են: Նրանք բացահայտվելու և խայտառակվելու են, որովհետև գաղտնի պայմանագրեր են կնքել (ենթադրում եմ, որ խոսքը ոչ միայն Հայաստանից հողեր պոկելու գաղտնի համաձայնագրերի, այլ հենց «Քաղաքացիական պայմանագրի» դավաճանական բնույթի մասին է):

-Հավատացեք, Աստված արդեն գործում է ձեր մեջ: Երբ աղոթում եմ ձեզ համար՝ այնպիսի սեր է գալիս Աստծուց ձեզ համար, այնպիսի միաբանություն եմ զգում… Մի՛ վախեցեք մարդկանցից, դուք Աստծո ձեռքերում եք և Նա՛ է որոշում ձեզ հետ լինելիքը (հավանաբար թթխմորն արդեն պատրաստ է Հայաստանում, բայց դրա մասին թշնամին չգիտի. դա այն տասը կամ հիսուն արդարն է, որոնց համար Տերը պատրաստ էր խնայել Սոդոմը (Ծննդոց 18/26), դա Բահաղին չծնրադրած այն յոթ հազարն է, որով պետք է փրկվեր Իսրայելը (Թագավորություններ Գ, 19/18): Համոզված եղեք, մեզանում նրանք արդեն կան ու փրկության փարոսն արդեն լույս է արձակում դեպի երկինք):

-Հիմա ձեր լրատվամիջոցներն առավելապես ուրիշ պատերազմներ են լուսաբանում, քան ձեր ազգի մեջ տեղի ունեցածն են ասում, բայց այնպիսի բաներ են կատարվելու ձեր մեջ, որ նրանք զարմանքից քար կկտրեն ու ամբողջ ուշադրությունը կուղղեն ձեզ վրա: Դա նման կլինի չնախատեսված, հանկարծակի եղանակի փոփոխության, որ անսպասելիության պատճառով բոլորի ուշադրությունը դարձնում է իր վրա:

Ես խոսում եմ ինչ-որ ավանդական շարժման մասին, հավանաբար՝ ազգի ներսում ուղղադավան մի շարժման, թե՞ եկեղեցական մի շարժման, որը նախկինում ճշմարտության մեջ է քայլել, բայց այժմ կառչած է ազգային-ավանդապաշտական բաներից… ես զգում եմ, որ առաջիկա կես տարիներին Աստված իրենց զորացնելու է՝ մտնելու մի նոր բանի մեջ ու նրանք այդ հնարավորությունն ունեն: Բայց եթե՛ չմտնեն, Աստված դա իրականացնելու է նրանց միջոցով, ովքեր պատրաստ են: Դրանք լինելու են Արքայության մարդիկ և Աստծո արքայությունն են տարածելու (այս պարբերության հասցեատերերը թող պատրաստ լինեն գործելու):

Ես տեսնում եմ, բայց հարյուր տոկոսով համոզված չեմ՝ արդյո՞ք Հայաստանում, թե հարևան մի երկրում շատ բարձր, կարելի է ասել՝ գերագույն հոգևոր պաշտոն զբաղեցնող անձ է մահանալու և դա նշան է լինելու, որ մեծ փոփոխությունները գալիս են և դրանց ընթացքն անկասելի է:

Եվ լսում եմ, որ Հոգին ասում է՝ ոսկի, ոսկի, ոսկի… Հայաստանում գանձեր կան, որոնց հետևից մարդիկ գալիս են: Սա է նաև պատճառը, որ ուզում են Հայաստանից մասեր պոկել, քանզի գետնի տակ գանձեր կան, որ պիտի ի հայտ գան (եթե Սուրբ Հոգին ասում է ոսկի՝ դա հավատն է: Ամենայն հավանականությամբ հավատի մեծ վերածնունդ է լինելու, որովհետև առանց դրա անհնար է փրկության գալը: Իսկ Հայաստանի ամենամեծ գանձը Քրիստոսն է, որի հետևից մարդիկ պիտի գան: Պիտի գան Էջմիածին, քանի որ այլ մարգարեություններում ասվում է, որ Սուրբ Էջմիածնից է լույսը բխելու ամբողջ աշխարհին: Մինչդեռ մենք Միածին Որդու իջման սրբազնասուրբ վայրը յոթը տարի է շինհրապարակի ենք վերածել ու եպիսկոպոսների գլխավորությամբ մեր բախտի վրա ենք լալիս):

-Մի բան ուզում եմ, որ իմանաք. Ես այն մարգարեացող մարդկանց թվին չեմ պատկանում, որ գեղեցիկ բաներ են մարգարեանում՝ դուր գալու համար: Որոշ ժամանակ առաջ էլ Աստված ինձ բաներ ցույց տվեց մի ազգի մասին, որի հետ կապված չեմ, բայց Աստված ձեզ մեծապես զարմացնելու է, և մարդիկ ասելու են՝ իսկ ինչու՞ հենց իրենք: Գիտե՞ք Աստված ինչ է պատասխանելու: Ոչ մի բան: Իր փառքն է ցույց տալու և իր զորությամբ է շարժվելու:

Բայց այս պահին Աստված նույն սիրտն ունեցող մարդկանց է միաբանում` այդ նրանք են, ովքեր Աստծո արքայության հետևից են գնում: Նա օգտագործելու է նաև այն մարդկանց, որոնք այնքան էլ ընդունված չեն մյուսների կողմից, անկատար գուցե ասենք…

Տէրը խոսելու է նաև ձեր աշխարհիկ առաջնորդների և հոգևոր հովիվների հետ, քանզի Աստծո մարմնի մեջ տարբեր պարգևներ կան և Նա ուզում է, որ բոլորը միասին կառուցեն ապագան:

Աստված ասում է՝ ձեր եկեղեցին նրա համար չէ, որ հոտը մի տեղից մյուսը քշի, այլ` որ դուք իսրայելացիների նման տիրեք երկրին ու սպանեք այն գերեվարած հսկաներին: Մի՛ ընկերակցեք այն մարդկանց հետ, ովքեր սեփական թագավորությունն են ուզում հաստատել, այլ միաբանվեք նրանց հետ, ովքեր Աստծո թագավորությունն են կառուցում: Պարզապես Տիրոջ վրա կենտրոնացեք, փառավորեք, նրա անունը կանչեք և Տերը կգործի ձեր մեջ…

Աստված ձեր ազգի ներսում ուժեղ մարգարեական ոգով լցված մարդիկ է բարձրացնելու, ովքեր հայտնությամբ են ուսուցանելու Աստծո խոսքը:

Մի քաղաք կամ վայր ունեք, որ հայտնի էր իր համալսարանով, թե ուսումնական հաստատությամբ, այնտեղ մեծ շարժ է բարձրանալու և մարդիկ սկսելու են պատմել այն մասին, ինչ Աստված այդ քաղաքում կանի: Նախկինում մի ուժեղ ուսուցման կենտրոն է եղել, որտեղ ինչ-որ Աստված անելու է՝ նման է ավերակները վերականգնելուն: Տերն այդ վայրը պիտի վերստին շինի:

Մի՛ մտահոգվեք նրանով, ինչ այս պահին տեսնում եք եկեղեցում: Աստված մաքրություն է անում, թողեք որոշ մարդկանց թող հեռանան, մի՛ փորձեք պահել նրանց: Դա նման է նրան, որ Հիսուս ասաց՝ պիտի մաքրագործի (էտի) խաղողի վազը: Թող Աստված մաքրագործի, մի՛ խանգարեք, թող գնան մարդիկ, և եթե շատ քիչ մասն էլ մնա, միևնույնն է՝ Տերը գործելու է:

Աստված ազգի հովիվներին և առաջնորդներին ասում է՝ մի՛ փորձեք կասեցնել իմ նախախնամության ընթացքը: Այն Աստծո ծառաները, այն հովիվները, որոնք Աստծո սկսած այս ընթացքի մեջ հայրեր կդառնան, նրանք զորություն կստանան Տիրոջից: Իսկ նրանք, ովքեր իրենց դիրքը մարդուց են ստացել, մարդկանց կողմից էլ կկորցնեն այն: Այն մարդիկ, ովքեր իրենց հոգևոր և աշխարհիկ պաշտոնը մարդուց են ստացել, զրկվելու են դրանից (ինչպես Հովսեփը՝ իր հայրական պատմուճանից զրկվեց, բայց փարավոնի տված պատմուճանից ոչ ոք նրան չկարողացավ զրկել), իսկ Հիսուսի պես ազնիվ հովվի սիրտ ունեցողները, որոնք ուզում են արածեցնել հոտը պարարտ վայրերում, պատիվ և պաշտոն կստանան:

ՎԵՐՋԱԲԱՆ
Սիրելի ընթերցող, այս նյութի հրապարակումը պատրանքներ առաջացնելու նպատակ չի հետապնդում: Անգամ չէի ցանկանա հոգևոր կյանքից հեռու մարդիկ կարդային սա, քանի որ շարքային հայի բերանը քաղցրացնող մարգարեություններն ավելի շուտ գայթակղության, քան փրկության առիթ կարող են դառնալ:
Ես վախենում եմ, որ շատերը հորթի երջանկության մեջ ընկնելով` բաց կթողնեն Մայքլ Դրիսի գլխավոր ուղերձը մեր ժողովրդին. եթե դեմքով դառնանք դեպի Աստված, Գեդեոնից էլ մեծ փառքի կարժանանանք:

Ազգերի ու երկրների սահմանը գծում է Տերն Ինքը: Աստծո համար չկա հզոր բանակ, ուժեղ տնտեսություն, զորեղ դաշնակից:

Մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես են խայտառակվում երեկվա հզորներն ու ինչպես են բարձրանում խոնարհները, ինչպես են փակվում երեկվա հոխորտացող բերաններն ու ինչպես են հզորանում Տիրոջն ապավինող ազգերը (ի դեպ, այս միտումը հատկապես կուժգնանա ընթացիկ՝ 2024 թվականի ընթացքում):
Աստված եթե ուզի՝ մի Հայկ նահապետի բազկով կջախջախի ամբողջ Բաբելոնը, մի մանուկ Դավթի պարսատիկով կտապալի փղշտացիների բանակը, Գեդեոնի 300 զինվորով փախուստի կմատնի 30 հազար մադիամացու: Եթե ուզի: Ահա բանալի բառը:
120 հազար աղոթող արցախցի Աստծո օգնությամբ Թուրքիան էլ կգրավեր: Բայց երեք միլիոնն առանց Տիրոջ օրհնության մի բուռ տարածք չկարողացավ պաշտպանել:
Հայերի և Հայաստանի մասին տասնյակ մարգարեություններ կան, ըստ որոնց Աստված կպահի մեզ մինչև Իր Հրաշափառ Երկրորդ Գալուստը: Բայց Աստծո խոստումը փոխվել գիտի՝ ըստ մեր արժանիքների: Ինչպես Նինվեի դեպքում Տերն Իր խոստումը փոխեց և չկործանեց քաղաքը՝ նրա բնակիչների ապաշխարության շնորհիվ, այնպես էլ մեր դեպքում կարող է փոխել իր խոստումն ու կործանել մեր երկիրը՝ մեր անհավատության, անբարտավանության, այլասերության, չարահավանության, մանկասպանության, գողության, կաշառակերության, մեծամտության, միմյանց հանդեպ ատելության և մյուս մեղքերի պատճառով:
Մի՞թե Տիրոջ համար Սողոմոնի տաճարից մեծ բան կար երկրի վրա, որ հրեաների մեղքերի պատճառով քարը քարին չթողեց: Մի՞թե հրեաներից ավելի թանկ ժողովուրդ կար, որի անարդար ու խստասիրտ բարքը նրանց զրկեց հայրենիքից ու երկրով մեկ ցրեց:
Եթե միջուկային զենք ունենանք, բայց Աստծուն հալածենք մեր կյանքից՝ այն մեր իսկ գլխին կպայթի: Բայց եթե Տիրոջն ունենանք մեր սրտերում, Նա թշնամու բանակում այնպիսի խառնակություն կգցի, որ առանց մեր միջամտության մեր հողերը կվերադառնան:

Երբ լսում եմ՝ «աշխարհով մեկ այդքան հայ կա, այդքան փող, տաղանդավոր մարդիկ, անվանի գիտնականներ ունենք, մի զենք չե՞նք կարողանում ստեղծել, որ թշնամին սարսափի մեր երկրի անունը լսելիս»,- անկեղծ ասած տխրում եմ: Շատ եմ տխրում, որովհետև այդ զենքը մենք ձեռք ենք բերել դեռևս չորրորդ դարի սկզբին ու հիմա հիշողություն անգամ չի մնացել դրանից: Դա մեր լուսաշող հավատն էր առ Քրիստոս, որ արտաքսեցինք մեր սրտերից ու սկսեցինք ժանգոտած զենքեր փնտրել:
Եթե ազգերն իրենց կռած պողպատով պատերազմները հաղթեին, այլ ոչ թե Աստծով, պատմության մեջ վայրիվերումներ չէին լինի, մի կայսրություն չէր վերանա՝ մյուսը ստեղծվեր, ուժեղն ավելի ուժեղ կդառնար, թույլերն իսպառ կվերանային: Բայց երբ տեսնում եմ, որ պատմության շերտերի վրա նստած հազարամյա փոշին մեծ մասամբ գոյացել է հզորագույն կայսրությունների փլատակներից, ու այդ փոշու մեջ մինչև ծնկները խրված մի Հայաստան հինգ հազարամյակ շարունակ աշխարհի հզորների հոգեհացի սեղանից սեղան տեղափոխվելով՝ վերջին ժամանակներին է հասել, չեմ կարող հավատալ, որ պատմության շարժիչն արարածն է, այլ ոչ թե՝ Արարաիչը:

Դավիթ ԱՍԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ