ԱՄՆ-ի նախագահը Թեհրանին հորդորել է ստեղծված իրավիճակում ուժ չկիրառել՝ ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված վերջին հարվածին։ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք, որ Իսրայելը պաշտպանվի։ Իսկ Իրանը հաջողության չի հասնի: Մի՛ արեք դա»,- ասել է Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։                
 

Մարդը մարդու մեջ է պահպանվում

Մարդը մարդու մեջ է պահպանվում
21.02.2024 | 08:25

Որքան ավելի բուժիչ է բուժաշխատողի բարի խոսքը, քան տասնյակ չոր ու մասնագիտական տերմինները՝ արտաբերված նորագույն բժիշկների նույնքան անողոք, դանակի պես կտրող շուրթերից: Հապա՝ վարչարարական, վախենալու վանող կեցվածքով երիտասարդ բուժքույրերն ու բժիշկները, դեղագործները՝.գեղեցիկ, անթերի, անհաղո՛րդ, խոժոռ դեմքներին՝ հիասթափության ու սառնության, հոգնածության հավերժական կնիքով, իսկ դու՝ պատերից անդին մի մժղուկ, մանրիկ ու ձանձրալի, որոնց «թանկ» ժամանակը այնքա՜ն «ավելորդ» խլում ես...

Չեմ դադարում հիանալ ու երախտապարտ չլինել խորհրդային ժամանակներում կրթված, մարդ ու մասնագետ լինելու փորձառություն անցած, ցավոք, հիվանդանոցներում քիչ թվով պահվա՛ծ բուժքույրերի և բժիշկների, երբեմնի պրոֆեսիոնալ բուժքույր, այսօր՝ սրահում գործավարի, նույնիսկ՝ պահակ-հերթապահների բացառիկ մարդ տեսակով, որոնց մեն-մի աչքը, ուղղակի՝ աչքիդ մեջ նայելով, բարևի ու սովորական զրույցի մեջ, տասնյակ արդի սարքավորում և ուլտրաձայնային ճշգրիտ հետազոտում արժե: Բառերը՝ վստահ, հոգի ու մարմին պահպանող, անվրեպ՝ Տիրոջ մաղթանքի զորությամբ:

Այս ի՜նչ հզոր կադրեր ու լավ մարդիկ ենք տվել այդ երիցս օրհնյալ ժամանակներում՝ անշպար ու բնական, Հիպոկրատի երդման հետ նույնացած, նրա հետ «սեղան նստած»:

Նորից ու նորից տանը վերապրում և ըմպում ես նրանց մարդահոտ ու մարդահմա ճշգրիտ ախտորոշումը, առանց ռենտգենի՝ ռենտգեն բառերը, ապշում, որ այս անիրավ տարիներում մարդը, այնուամենայնիվ, պահպանվել է մեր հավերժ նոր «հների» մեջ, չեն կարողացել սպանել, չի վերացել պատկառանքը՝ մարդ արարածի հանդեպ, պատասխանատվությունը՝ սպիտակ խալաթի:

Իսկ Մարդը՝ Մարդու մեջ է պահպանվում, պարապ տեղ չի աճում՝ ինչ ժամանակներում էլ լինի. հին, թե նոր:

Մեղք գործելու պես կլիներ, թե այսքանն ասելուց հետո մեջս պահեի, գիշերվա ու ցայգի մեջ արթնացած անուններ չասեի՝ բուժքույրեր Սուդարիկը, Լյուդմիլան, բժշկուհի Ալվարդը Շեգունց, նյարդաբան Լիլիթը Մանուցյան, սրտաբան Շուշանը...

Քաղաքիս ու մեր ժողովրդի գլխից անպակաս լինեն նրանք ու նրանց պեսները:

Պրոֆեսիոնալներին ամուր պահեք՝ որտեղ էլ լինեն, մի հեռացեք նրանցից, եթե նույնիսկ նրանք ճերմակել են:

Երկիրն այնքան կարիք ունի սիրո և ընկալումի, ճշմարիտ օգնության, ոչ՝ ձև ու խաղի:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ