Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ
04.06.2010 | 00:00

Վերջերս մայրաքաղաքի «Անի պլազա» հյուրանոցում անցկացվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստ: Այս կազմակերպությունը գլխավորում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հետաքրքիրն այն է, որ այս անգամ որոշել էին միջոցառումն անցկացնել գրեթե առանց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, եթե չհաշվենք, որ հրավիրվել էին միայն Հայկական առաջին հեռուստաալիքի և «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչները: Դժվար չէր ենթադրել` ինչն է այդպիսի զգուշավորության պատճառը:
Քանի որ այդպես էլ մութ է մնում Արմեն Գրիգորյանի` անսպասելիորեն երկու պաշտոնները թողնելու պատճառը, ինքնին հարց կարող էր առաջանալ, թե մարզական պետական կառույցում, ՀԱՕԿ-ում ազդեցիկ դիրքերից զրկվելուց հետո նա մնալո՞ւ է իր երրորդ պաշտոնին, արդյոք հրաժարական չի՞ տալու, կամ էլ ինչպե՞ս է պատկերացնում այդ պայմաններում իր անելիքը` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ղեկին: Սակայն ոչ մի գրչի մշակ տեղյակ չէր պահվել այդ միջոցառման մասին: Ի դեպ, նախկինում էլ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստերն աչքի չեն ընկել թափանցիկությամբ, և եթե լրագրողներ հրավիրում էին, ապա կարճատև ելույթներից հետո ընդմիջում էին հայտարարում և խնդրում, որ նրանք հեռանան: Այս անգամ նույնիսկ այդ ձևաչափը չկիրառվեց, իսկ Արմեն Գրիգորյանը մնաց իր այս պաշտոնում: Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն փոքր-ինչ այլ, տարբերվող մարմին է: Կազմակերպության գործկոմի կազմում մեծ թիվ են կազմում արտասահմանյան տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները, որոնք, հնարավոր է, չցանկանային կատարել հայկական սպորտում իշխանություն ունեցող մարդկանց ձեռնտու քայլեր, այսինքն, կողմ քվեարկեին զբաղեցրած պաշտոնից Գրիգորյանին ազատելու հարցի քննարկման ժամանակ: Ի դեպ, վերջինս այդ պաշտոնն ստանձնել էր այն բանից հետո, երբ ՀՀ արտգործնախարարի «պորտֆելին» հրաժեշտ տված Վարդան Օսկանյանը հրաժարվել էր նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի «պոստից»: Թերևս, դիվանագիտորեն նա հաշվարկել էր ամեն բան, և սպասվում էր, որ Գրիգորյանը կհետևի այդ օրինակին, բայց նա ընտրեց այլ շարունակություն: Վիճակը բարդ է այնքանով, որ Գրիգորյանն այլևս չի տիրապետում լծակների, որոնց օգնությամբ կկարողանա կազմակերպչական կարևոր հարցեր լուծել, օրինակ, որևէ մարզաձևի ֆեդերացիայի նախագահի հանձնարարական տալ, կամ օգտագործել մարզական բնագավառի աշխատուժի ռեսուրսը:
Ի դեպ, գործկոմի նիստին ներկա է եղել նաև սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Արթուր Պետրոսյանը: Դժվար է ասել, անկեղծորե՞ն, թե՞ ձևականորեն նա հայտարարել է, որ պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու խաղերի կազմակերպիչներին: Չմոռանանք, որ Համահայկական խաղերում զգալի ֆինանսներ են պտտվում, բացի միջոցառման կազմակերպման համար հատկացվող պետական փողերից, կա նաև ստվերային մաս, քանի որ խաղերի մասնակիցներն իրենց միջոցներով են ամեն բան անում, և նրանց ուղղորդում են, թե որ հյուրանոցներում պետք է մնան, սննդի որ օբյեկտներից օգտվեն: Բնական է, որ դրանց տերերը պարտքի տակ չեն մնում: Ի դեպ, ծառայություն մատուցող օբյեկտների տերերի մեծ մասը Հայաստանում ֆինանսական ազդեցիկ դիրքեր է զբաղեցնում։
Համահայկական խաղերի մտահղացող, վաղամեռիկ Աշոտ Մելիք-Շահնազարյանը հենց սկզբից փորձում էր տարբերակ գտնել, թե ով պետք է գլխավորի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն: Ի վերջո, նպատակահարմար էր գտնվել այն մեխանիզմը, որ ի պաշտոնե կազմակերպությունը վստահվի որևէ մեկին: Սակայն հետագա փորձը ցույց տվեց, որ այդ կանոնը մասամբ է պահպանվում. ով ազդեցիկ դիրք է զբաղեցրել, նա էլ պաշտոնավարել է: Ի դեպ, Վարդան Օսկանյանի պաշտոնավարության ընթացքում այդ կազմակերպությունն իրականում գլխավորում էր Հայաստանի արտգործնախարարությունում պատասխանատու պաշտոն զբաղեցնող Մելիք-Շահնազարյանը:
Այժմ այն մասին, թե ինչ հարցերի է անդրադարձել գործկոմի նիստը:
Որքան էլ տարօրինակ է, գործկոմի նիստում ոչ մի խոսակցություն չի եղել այն մասին, որ խաղերն աստիճանաբար կորցնում են իրենց հետաքրքրությունը, որ մասնակիցները դժգոհ են Հայաստանում տիրող թանկությունից, որ մրցավարության ժամանակ կողմնակալ վերաբերմունքի դրսևորումներն անպակաս են, որ բոլոր խաղերի ժամանակ տարբեր թիմերի միջև ծեծկռտուքներ են գրանցվել, վիրավորներ ի հայտ եկել, թիմեր պատժվել, որ տարբեր քաղաքներ դժվարությամբ են պատվիրակներ գործուղում խաղերին մասնակցելու:
Ինչևէ, որոշվել է, որ հերթական` 5-րդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 13-21-ը: Առաջիկա ստուգատեսի ծրագրում հնարավոր է ընդգրկվեն ձեռնագնդակը, բազկամարտը, լողափնյա վոլեյբոլը: Այս հարցը որոշվելու է գործկոմի հաջորդ նիստում, որի անցկացման ժամկետը դեռևս հստակեցված չէ: Հավելենք` որպեսզի որևէ մարզաձև խաղերի ծրագրում ընդգրկվի, պետք է մասնակցելու ցանկություն հայտնեն առնվազն 5 երկրների 10 քաղաքների ներկայացուցիչներ:
Նիստում շոշափվել է նաև համահայկական ձմեռային խաղեր կազմակերպելու հարցը, բայց սա մոտ ապագայում կարգավորվելիք բան չէ: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան պետք է փորձի առաջիկայում ճշտել, թե արտասահմանյան քանի քաղաքներից մասնակիցներ կարող են հավաքվել դահուկային սպորտի մրցումներին:
Իսկ 2011-ի խաղերի ծրագրում է տասը մարզաձև` բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, լող, շախմատ, բադմինտոն:
Նիստում խաղերի գլխավոր մրցավար հաստատված ԵՂԻՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ խնդրեցինք անդրադառնալ առաջիկա անելիքներին: Նա մասնավորապես ասաց. «Կարևոր խնդիրներից մեկն այն է, որ խաղերն անցկացվեն հարմարավետ մարզաբազաներում: Այժմվանից պետք է զբաղվել այդ հարցով, որ հետագայում փաստի առջև չկանգնենք: Ինչ վերաբերում է մրցավարների խնդրին, ապա դա ավելի բարդ է կարգավորելը: Եթե համապատասխան թվով բասկետբոլի մրցավարներ ունենալու հարցը լուծելու համար դիմել ենք, որ արտասահմանյան տարբեր քաղաքներից մրցումների մասնակցող թիմերն իրենց հետ մրցավարներ բերեն, ապա ֆուտբոլի մրցաշարում ստիպված ենք լինելու ապավինել հիմնականում Հայաստանի մրցավարների ուժերին: Ինչ վերաբերում է նոր մարզաձևերի ավելացմանը, եթե անգամ համապատասխան թվով հայտեր ներկայացվեն, ապա հնարավոր է` բարդություններ առաջանան մարզաբազաների վարձակալության հարցում, քանի որ ֆինանսները սահմանափակ են: Ինչ վերաբերում է խաղերի ծրագրում եղած մարզաձևերին, ապա կարևոր է, որ հայտերը ժամանակին ներկայացվեն: Այդ և կազմակերպական մի շարք այլ հարցեր կքննարկվեն հաջորդ նիստի ժամանակ»:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2186

Մեկնաբանություններ