Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՃԻՇՏ ԸՆՏՐՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

ՃԻՇՏ ԸՆՏՐՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
18.06.2010 | 00:00

Ժամանակները փոխվում են, բայց քաղաքական գործընթացների տրամաբանությունն ու դրդապատճառները մնում են նույնը։ Դա, առաջին հերթին, ինքնանույնականացումն է մշակույթով, ավանդություններով և պատմական անցյալով իր նմանների հետ։ Եվ այդ նույնականացումը ոչ թե ձևական պայմանականություն է, այլ կենսական անհրաժեշտություն` ընդունակ համապատասխանեցնելու մեր քաղաքական ձգտումներն ու հնարավորությունները։ Այսպես, Վարշավայի միջոցով դեպի եվրոպական քաղաքական հրապարակ հայկական շահերի առաջմղման գաղափարները մեր հայրենակիցները հետևողականորեն ձգտել են իրականացնել տասնամյակներ շարունակ։ Երբեմն արդյունքները հաջող են եղել, իսկ կանխակալ ակնկալիքները` շշմեցուցիչ։ Օրինակ, մեծ մասամբ լեհերի և նրանց, ինչպես հիմա ընդունված է ասել, քաղաքական լոբբինգի շնորհիվ էր, որ հաջողվեց համեմատաբար լավ գործողություն իրականացնել ԱՄՆ-ին` որպես Սևրի պայմանագրի համաձայն ստեղծվելիք 161 հազար քառակուսի կիլոմետր տարածքով և դեպի Սև ծով ելքով Հայաստանի երաշխավոր ներգրավելու ուղղությամբ։ Նախագծվող այն Հայաստանի, որը պատմության մեջ մտավ «վիլսոնյան» անունով և որը, ցավոք, լեհերից ու հայերից անկախ, դրամատիկ պատճառներով առայժմ պահպանվել է միայն որպես քաղաքական նախագիծ, որը վեհ բարոյականության պայմանական սահմանի մի կողմում միավորեց լեհերին ու հայերին, իսկ մյուս կողմում, որպես մեր ազգային իղձերի գերեզմանափորի, թողեց կոնկրետ բոլշևիկյան գաղափարակիրներին։ Հիշենք Բաթումը, հիշենք Ալեքսանդրապոլը, հիշենք Կարսը և մեր հիշողության մեջ պահպանենք այն քաղաքը, որի անվանումը միավորում է և՛ այդ քաղաքը, և՛ Բաթումի ու Ալեքսանդրապոլի, և՛ Կարսի պայմանագրերի պատճառով մեր կրած անչափելի կորուստները։ Ցինիկաբար և լկտիաբար այդ փաստաթղթերի մեջ ներառվում էին նվաստացուցիչ պահանջներ, որոնք հայկական կողմին հարկադրում էին հրաժարվել Սևրի պայմանագրի դրույթներից։ Ո՛չ ժամանակը, ո՛չ տարածությունն ընդունակ չեն հիշողությունից ջնջելու նրանց անունները, ովքեր մեր երկրին պարտադրեցին գնալ նման աննախադեպ զիջումների։ Չլիներ բոլշևիկյան Մոսկվան` ժամանակակից թուրքական պետականության կառուցման գործին իր ստորաքարշ սպասավորությամբ, չլուծված չէր մնա հայկական հարցը, չէր լինի Հայաստան` առանց ծովային ելքի, այլ կլիներ 161 հազար քառակուսի կիլոմետրանոց երկիր` իր ծովային սահմաններով ու նավահանգիստներով։ Այո, պատմությունը պայմանական եղանակ չի հանդուրժում։ Այո, «եթե, ապա»-ն քաղաքական փաստարկ չէ, բայց մեր կորուստները կոնկրետ են, և դրանք պետք է դառնան շարժառիթ, որպեսզի և՛ հիշենք, և՛ պահպանենք, և՛ նոր որակի բարձրացնենք հարաբերությունները նրանց հետ, ովքեր մեր ժողովրդի դժվարին օրերին մեր կողքին են եղել որպես կարեկից ու սրտացավ կողմ։ Պատմության ճակատագիր, Կատինի լեհերի ճակատագիր, երբ ընտրովի ոչնչացվեց լեհական սպայակազմի ընտիր մասը։ Եվ, վերջապես, հայ զինվորականության հրամանատարական կազմի ճակատագիր, որին բոլշևիկները 1921-ի հունվարյան ահավոր սառնամանիքին ոտքով, ոտաբոբիկ Երևանից էտապով քշեցին Բաքու։ Սրանք նույն շղթայի անքակտելի օղակներն են, որի անունն է անմարդկային ու անգութ տեռոր նրանց հանդեպ, ովքեր ներքին համոզմամբ համակարծիք չէին բոլշևիկների հետ։ 1547 հայ սպաներից հարևան պետության մայրաքաղաք հասավ ջրազրկված ու ցրտահարված 500 հոգուց ոչ ավելի մարդ։ Մեր հայրենիքի հազարից ավելի արժանապատիվ զավակներ իրենց մահկանացուն կնքեցին Երևան-Բաքու ճանապարհի երկայնքով անանուն գերեզման դարձած բլուրների ստորոտում։ Հիմա շատերն ասում են, թե մեղավոր են եղել ոչ թե կոնկրետ մարդիկ, այլ հանգամանքները։ Ո՛չ, և էլի` ո՛չ։ Մեղավոր են եղել այդ հրեշավոր գործողությունն իրագործողները, որոնք համապատասխան իրադրություն են ստեղծել Կատինի մոտ 30 հազար լեհերին` ծոծրակին արձակված կրակոցով սպանելու, 1547 հայերին վայրագորեն խողխողելու համար, ովքեր սրտի թելադրանքով Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատներից հայրենիք էին վերադարձել իրենց ներկայությունը, կարողություններն ու արիությունը ի սպաս դնելու բազմաչարչար ժողովրդի նորաստեղծ պետականությունը պաշտպանելու համար։ Ե՛վ Կատինը, և՛ Երևան-Բաքու ճանապարհին հայերի տանջալից մահը ոչ թե ընտրովի սպանություն են, այլ ամենաիսկական ցեղասպանություն, որի համար պետք է պատասխան տան և՛ պատմական հասցեատերը` ԽՍՀՄ անունով, և՛ նրանք, ովքեր իրենց համարում են նրա իրավահաջորդը։ Ոչ ոք երաշխավորված չէ սխալներից։ Այդ թվում և` մենք։ Բայց անցյալի սխալներից իմաստալից հետևություններ անել, դրանք այլևս չկրկնելու համար, պարտավոր ենք բոլորս` դռնապանից մինչև քաղաքական գործիչ։ Եվ պետք է սովորել քաղաքացիական արարքին պատասխանել արժանավայել արարքով։ Լեհերն առաջիններից մեկն են ճանաչել հայերի ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում։ Իսկ ինչու հայերը մինչև հիմա այդպես էլ, գոնե Ազգային ժողովի որոշմամբ, չեն դատապարտել Կատինի ջարդը։ Հասկանալի չէ։ Եվ դա հիմա, երբ մեր պետությունն անհերքելիորեն ապացուցել է պարզ մի ճշմարտություն. «Մեր օրերում էլ է ժամանակը կատարում իր էվոլյուցիոն պտույտը, և այն, ինչը, թվում էր, անդառնալիորեն մնացել է անցյալում, նորից իրականության ուրվագիծ է ստանում, որը ոչ միշտ և ոչ ամեն ինչում է համապատասխանում մեր ազգային շահերին»։ Հաստատող օրինա՞կ։ Խնդրե՛մ։ Վերածնվող ռուս-թուրքական ռազմավարական հարաբերությունները։ Ես չէ, որ պիտի ասեմ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր դեռևս ոչ բավականաչափ ամրացած պետության համար այդ քաղաքական դաշինքը։ Իսկ ինչու մենք էլ չհիշենք դրականը մեր պատմական անցյալից և, ելնելով հայ-լեհական զուգադիպող շահերից և համաեվրոպական ձգտումներից, չստեղծենք հայ-լեհական գործընկերության համախումբ և որպես առաջին քայլ Աֆղանստանում գտնվող հայ խաղաղարարների զորակազմը գերմանական ստորաբաժանումից չտեղափոխենք լեհական բրիգադի շարքերը։ Չէ՞ որ ով ինչ ասի` կոնկրետ արարքն ամենադրական կերպով կամրապնդի վստահությունը մեր բնական պատմական դաշնակիցների հետ հարաբերություններում։
Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքական ծրագրավորման կենտրոնի ղեկավար

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ