«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ամերիկան արժանի է այնպիսի ղեկավարի, որն արդարացիորեն կհայտարարի հայերի ցեղասպանության մասին»

«Ամերիկան արժանի է այնպիսի ղեկավարի,  որն արդարացիորեն կհայտարարի  հայերի ցեղասպանության մասին»
24.04.2012 | 00:00

«Ինչպե՞ս կհնչի Բարաք Օբամայի ուղերձը 1915-ի ցեղասպանության տարելիցի առթիվ», «Ինչպիսի՞ք կլինեն Իսրայելի Կնեսետում հայերի ողբերգության քննարկման արդյունքները», «Առաջընթաց կլինի՞, արդյոք, Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններում, ինչը դարձյալ պնդում է ԱՄՆ-ը», «Շարունակություն կունենա՞, արդյոք, և ինչո՞վ կավարտվի ցեղասպանությունների քրեականացման հարցի հետ կապված անհաճո պատմությունը Ֆրանսիայի Սենատում»։ Այս բոլոր թեմաները վերջին ժամանակներս թեժ քննարկման առարկա են դարձել քաղգործիչների ու լրատվամիջոցների շրջանում, և` ոչ միայն հայկական։ Եվ այս ամենը Մերձավոր Արևելքում Արևմուտքի նոր քաղաքականության, այդ ուղղությամբ վերապահված առաջին քայլերի և այդ պատմության մեջ Անկարային տրված դերի հանդեպ կասկածների լույսի ներքո ավելի է սրվել։ Միևնույն ժամանակ, չուռճացնելով հայ-թուրքական փոխհարաբերությունների նշանակությունը, հարկ է խոստովանել, որ առանց դրանց վեկտորի արմատական վերափոխման և այդ հարցում բևեռային կայունության, «տարածաշրջանային ու լայնընդգրկուն առաջատարի» դեր խաղալու Թուրքիայի ձգտումը գործնականում անիրագործելի է, իսկ Արևմուտքի «մեծ խաղը» տարածաշրջանում կարող է լրջորեն բարդանալ։ Եվ այս բանը գիտակցում են շատերը, նույնիսկ մոլի թուրք ազգայնականները։

Այս իրավիճակում հերթական անգամ օրախնդիր է դառնում «ապրիլյան դիվանագիտությունը» Վաշինգտոնի ու Անկարայի միջև` ամերիկյան կոնգրեսում ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նոր քննարկումների հարուցած ստորջրյա խութերով հանդերձ։ Այս անգամ նախագիծը ներկայացրել է երկու սենատոր` «օբամայական» Իլինոյսի նահանգից հանրապետական Մարկ Քիրկը և Նյու Ջերսիից դեմոկրատ Ռոբերտ Մենեդեսը։ «Հայ ժողովրդի ցեղասպանությունը լավ փաստաթղթավորված և պաշտոնապես ճանաչված է ՆԱՏՕ-ի և Եվրամիության գծով 11 դաշնակիցների կողմից», պնդում են սենատորները. հարցի դրական լուծումը, նրանց կարծիքով, ամրապնդում է Ամերիկայի բարոյական առաջատարությունն ամբողջ աշխարհում մարդու իրավունքների ու զանգվածային գազանությունների կանխման հարցերում։ Մեզ քաջ հայտնի է, որ դա ԱՄՆ-ի Կոնգրեսում նման օրենսդրական նախաձեռնություն անցկացնելու առաջին փորձը չէ, և ԱՄՆ-ի կառավարությունը, ընդունելով հանդերձ «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման» փաստը, միևնույն ժամանակ, երբեք «ցեղասպանություն» բառը չի գործածել։ Ահա հիմա էլ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ստիպված էր կրկեսի ակրոբատի հանգույն հրաշքներ գործել, որ հանկարծ որևէ մեկին չնեղացնի։ Նա հայտարարել է, թե «ԱՄՆ-ը 1915 թ. իրադարձությունները համարում է 20-րդ դարի ամենաահավոր գազանություններից մեկը, ամեն ապրիլի 24-ի նախագահը հարգում է զոհերի հիշատակը և հայ ժողովրդին համերաշխություն հայտնում»։ Այո, հայտնում է, բայց և ձեռնպահ է մնում «ցեղասպանություն» բառն օգտագործելուց։ Եվ դա այն դեպքում, երբ պետության ներկա ղեկավարը երկար ժամանակ այդ թեմայի առավել հետևողական ջատագովն է համարվել։ Ավելին, նրա խոսքերը, թե «Ամերիկան արժանի է այնպիսի ղեկավարի, որն արդարացիորեն կհայտարարի հայերի ցեղասպանության մասին և ակտիվորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին», ոչ միայն ոգևորությամբ հրատարակեց ամբողջ աշխարհի հայկական մամուլը, այլև դարձան հայ ընտրողների համակրանքի, հնարավոր է, միակ պատճառը։ Բայց բավական էր նա ոտք դներ Սպիտակ տուն, որ սկսեր ջանադրաբար խուսափել այդ թեմայով հրապարակային հայտարարություններից, հասկանալի է, Անկարայի հետ լարվածություն չառաջացնելու «բարձր շահերից» ելնելով։

Այս անգամ Թուրքիայի արձագանքը սովորականից հանգիստ էր` կամ հոգնել էին Փարիզի մարտադաշտերում, կամ ամերիկյան ներկա վարչակազմից «հանգստացնող հաբերի» լուրջ չափաբաժին էին ստացել։ Համենայն դեպս, թուրքական լրատվամիջոցները հիմա հանգստացնում են. «ԱՄՆ-ի վարչակազմը հետևողականորեն Կոնգրեսում նման բանաձևերի ընդունման դեմ ուղղված դիրքորոշում է ունեցել։ Համապատասխանաբար, քիչ է հավանական, որ ԱՄՆ-ում` ինչպես Կոնգրեսում, այնպես էլ Սպիտակ տանը, նման բանաձևին հավանություն տան»։ Ընդ որում, տվյալ պարագայում Անկարան շարունակում է պարտաճանաչորեն զգալի գումարներ (ամսական ավելի քան 300 -հազար դոլար) վճարել ամբողջ երեք սատարորդ (լոբբիստական) ֆիրմաներին` իր կորուստները նվազագույնի հասցնելու նկատառումով։

Սակայն, աշխարհում տեղի ունեցող լուրջ աշխարհաքաղաքական վայրիվերումների և ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների պայմաններում, ապրիլի 24-ին Օբամայի ուղերձը դառնում է ոչ միայն հուզական առումով նշանակալի, այլև կարևոր` հետագա գործընթացների համար։ Նկատենք, որ ավելի քան 26 տարի առաջ Ռոնալդ Ռեյգանը հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ, սակայն այն ժամանակ դա հայերի համար լուրջ հետևանքներ չունեցավ և, ամենայն հավանականությամբ, այդ բանն արվել էր ոչ թե Հայկական հարցի լուծման, այլ Խորհրդային Միության հետ դիմակայության նկատառումով։ Իսկ հիմա միանգամայն այլ պատկեր է։ Ընդ որում, իր «առանձնահատուկ դերի» մասին Թուրքիայի հավակնությունները բավականին հաճախ են նրան արջի ծառայություն մատուցում։ Նկատենք ևս մեկ կարևոր հանգամանք. ամերիկացի որոշ քաղգործիչների համոզմամբ` «ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան վերածվում է կասպյան էներգետիկ խաղի մի անկանխատեսելի մասնակցի և վերջին տարիներին բարդ գործընկեր է դարձել։ Այդ հանգամանքի վրա լրջորեն ազդում է նաև Կրեմլը, որն Անկարային այլընտրանքային գործընկերություն է առաջարկում»։ Հասկանալի է, որ նոր աշխարհաքաղաքական վերաբաժանման և տարածաշրջանում ամերիկացիների համար լրացուցիչ դաշնակիցների լուրջ կարիքի պարագայում, անտարակույս, Անկարան և Վաշինգտոնը քննարկելու բան կունենան։ Պարզ է նաև, որ Արևմուտքը միշտ նոր լծասարք է ընտրում անհնազանդ Էրդողանի համար` «եթե խելոք չմնաս, տղաս, կոնֆետի փոխարեն անկյուն կկանգնես» ենթատեքստով։

Այս կապակցությամբ, «համոզելու» ինչպիսի՞ ենթատեքստով փաստարկներ կբերվեն հերթական «քաղաքական սակարկություններում». հնարավոր է` քրդական հարցը կամ Հյուսիսային Կիպրոսի հարցը։ Սակայն քրդերին, դատելով ըստ ամենայնի, բարեհաջող ապագա է սպասում, իսկ Արևելյան Միջերկրականում Իսրայելի և Հունաստանի անցկացրած առաջին համատեղ զորավարժություններից հետո, որոնք ունեին ակնհայտ հակաթուրքական ուղղվածություն (լեգենդի համաձայն, դրանց ընթացքում մշակվել են գազի ու նավթի այն հանքավայրերի պաշտպանության գործողությունները, որոնք վերջին տարիներին հայտնաբերվել են Իսրայելի ու Կիպրոսի տնտեսական գոտիներում), Երուսաղեմը, ամենայն հավանականությամբ, արդեն իր վրա է վերցրել Էգեյան ծովում թուրքերի համար գլխավոր «սառը ցնցուղի» դերը, Հայկական հարցը դարձյալ մնում է լուսանցքում։

Այնպես որ, կարծես, ցեղասպանության ճանաչման հարցը դեռ երկար ժամանակ տեղ չի ունենա գլոբալ քաղաքականության հիմնական ռեսուրսների թղթապանակում։ Բայց ի՞նչն է հետաքրքիր. վերջին ժամանակներս ավելի ու ավելի շատ թուրք գիտնականներ ու մտավորականության ներկայացուցիչներ են սկսել ԱՄՆ-ում հանդես գալ հարյուրամյա վաղեմության դեպքերի մերկացմամբ։ Այսպես, օրինակ, վերջերս թուրք գիտնական ու հրապարակախոս Թաներ Աքչամը` ամերիկյան Քլարկի համալսարանի պրոֆեսոր, նոր տեսակետներ ներկայացրեց 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման առնչությամբ։ Պրոֆեսորի ելույթի համար հիմք են ծառայել Փրինստոնի համալսարանի վերջերս հրատարակած «Երիտթուրքեր. հանցագործություն ընդդեմ մարդկության։ Հայերի ցեղասպանությունն ու էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» Աքչամի գրքի նյութերը։ Այդ աշխատությունում, մասնավորապես, ներկայացված են նոր փաստեր` հիմնված օսմանյան կայսրության ավելի քան 600 գաղտնի փաստաթղթերի վրա, որոնք ևս մեկ անվիճելի ու առարկայական ապացույցն են այն փաստի, որ հայերի ցեղասպանությունը եղել է կայսրությունը քրիստոնյա հպատակներից մաքրելու օսմանյան Թուրքիայի երիտթուրքական իշխանությունների կոնկրետ գործողությունների հետևանք։

Թեև շատ հավանական է, որ Օբաման այս անգամ էլ սահմանափակվի «ողբերգություն» և «եղեռն» բառերով. նա ասես թևավորված լինի իր «հաջողություններով» և կարծում է, համենայն դեպս, առաժմ, որ լիովին «յոլա կգնա» առանց հայերի քվեների, այդուամենայնիվ, հայերը դառնանալու առանձնակի առիթներ չունեն։ Այնպես որ, այն հարցը, թե ԱՄՆ-ի նախագահն ապրիլի 24-ին իր երկրի հայությանը հղելիք ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» տերմինը, թե՞ ոչ, ինչպես նաև այն, թե նա, լրատվամիջոցների կարծիքով, կանգնած է երկընտրանքի առջև` կա՛մ խախտել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը, կա՛մ վտանգի ենթարկել ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ ԱՄՆ-ի բազմամյա կապերը, փաստորեն, զուտ այդ երկրի ներքին գործն է։ Չէի ուզենա «սուրճի մրուրում գուշակությամբ» զբաղվել այնքան ցավագին ու նրբին մի հարցում, ինչպիսին ամերիկյան վարչակազմի ղեկավարի կողմից «ցեղասպանություն» տերմինի օգտագործումն է, սակայն ո՛չ Հայաստանում, ո՛չ նրա սահմաններից դուրս ոչ ոք չի կասկածում, որ գործընթացը դանդաղորեն, բայց անկասելի շարժվում է դեպի իր տրամաբանական վախճանը։ Ինչ վերաբերում է Օբամայի կողմից գործածության մեջ դրված «Մեծ եղեռն» տերմինին, ապա, ակներևաբար, զուր են թուրքերն ուրախանում. դա միանգամայն անհիմն է և, մեղմ ասած, հիմարություն։ Չէ՞ որ, եթե ամբողջ աշխարհում հրեաների ցեղասպանությունը «հոլոքոստ» են անվանում, այն չի դադարում այդպիսին լինելուց։

Տվյալ պարագայում նկատենք. եթե որոշ երկրներ պաշտոնապես չեն ճանաչել այդ վայրենի բարբարոսությունը և խնդիրն օգտագործում են իրենց քաղաքական խաղերում, ապա դրանից նա չի դառնում ավելի նվազ ահավոր հանցագործություն` առանց վաղեմության ժամկետի։ Բայց այսօր, հերթական անգամ, հայ ժողովրդի ցավն ու ողբերգությունը գտնվում են քաղաքական պրագմատիզմի կռանի և բարոյականության սալի արանքում։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ