Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ ԻՐ ԳԻՆԸ, ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԳԻՆ ՎՃԱՐԵԼ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ ԳՆԱԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ ԻՐ ԳԻՆԸ, ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԳԻՆ ՎՃԱՐԵԼ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ ԳՆԱԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»
11.02.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-2011 թ. Հայաստանն ակտիվ է սկսել արտաքին քաղաքական դաշտում, ինչո՞վ եք բացատրում նման ակտիվությունը:
-Արտաքին քաղաքական ճակատում Հայաստանի ակտիվությունը պայմանավորված է երկրի առջև եղած մարտահրավերներով, որոնք մեզնից պահանջում են հրապարակային դիրքորոշումներում ու կոնկրետ գործողություններում լինել առավել նախաձեռնողական և երկրին ու ժողովրդին հուզող խնդիրները միջազգային ասպարեզում բարձրաձայնել ու պաշտպանել: Այդ իմաստով 2010 թ. և 2011-ի մեկնարկը շահեկան էին. մենք կարողացանք մեր երկրի համար ընդունելի դիրքորոշումները դարձնել առավել ընկալելի աշխարհաքաղաքական կենտրոններում: Խոսքը վերաբերում է և՛ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդրին, և՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, միջազգային պարտավորություններին, որ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՀԱՊԿ, ՀՀ-ՆԱՏՕ երեք ձևաչափերով ստանձնել ենք, նաև` միջազգային ֆինանսական կառույցների, որոնց հետ Հայաստանն ակտիվ համագործակցում է: Առանց նախաձեռնողականության չէր լինի ոչ միայն դիրքորոշումների ճիշտ ընկալում, այլև չէինք կարող բարեփոխումներն իրականացնել:
-Դուք մտավախություն չունե՞ք, որ երբ Հայաստանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու նախագահող երկրները պաշտպանում են նույն տեսակետը` Ղարաբաղի հարցի լուծումը երեք սկզբունքների համահավասարության շրջանակներում, իսկ Ադրբեջանը գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը, Ադրբեջանը կարող է կա՛մ դադարեցնել բանակցությունները, կա՛մ ընտրել պատերազմի տարբերակը:
-Ձեր հարցի մեջ արդեն կա արձանագրում. այն, որ մենք կարողացել ենք հասնել միջազգային հանրության կողմից երեք սկզբունքների համահավասարության ընկալմանը, որոնք եղել են այդ դիրքորոշումն ամրագրող ՄԽ համանախագահների հայտարարություններ, համանախագահող երկրների նախագահների հայտարարություններ, ինչն արդեն քաղաքական լուրջ ձեռքբերում է: Բնականաբար, դա հանգեցնում է Ադրբեջանի ավելի դյուրագրգիռ վերաբերմունքին, հրադադարի պարբերական խախտումների, ագրեսիվ հայտարարությունների ու գործողությունների, որոնք, իհարկե, համարժեք արձագանք ստանում են: Բոլոր դեպքերում Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումն ակնհայտ է: Այս պարագայում մենք այլընտրանքներ չունենք, մենք հստակ արձանագրում ենք, որ ագրեսիայով Հայաստանին վախեցնել հնարավոր չէ, որ ագրեսիային կհաջորդի կոշտ հակահարված: Ադրբեջանի նախագահը պատերազմի սպառնալիքների շատ հաճախ է դիմում, ուստի մեր զինված ուժերը մշտարթուն վիճակում են, ամառ թե ձմեռ մեր դիրքերը հուսալիորեն պաշտպանված են: Ժամանակը ցույց կտա` Ադրբեջանը դուրս կգա՞ բանակցություններից, թե՞ պատերազմի կդիմի, բայց Ադրբեջանը մշտապես պիտի հիշի, որ ագրեսիան համարժեք կոշտ հակահարված է ստանալու` ռազմական, դիվանագիտական, թե այլ ճանապարհով: Մենք կողմ ենք խաղաղությանը և բանակցային գործընթացի շարունակմանը` մինչև հարցի լուծում:
-Նախաձեռնողական քաղաքականությունը վերաբերելու է և հայ-թուրքական հարաբերությունների՞ կայացմանը:
-Հայ-թուրքական հարաբերություններին ՀՀ նախագահը քանիցս անդրադարձել է և բարձրաձայնել ՀՀ դիրքորոշումը` մենք կողմնակից ենք առողջ, կառուցողական երկխոսության, բայց և չենք կարող հանդուրժել հայ ժողովրդի արժանապատվության, մեր պատմական հիշողության դեմ կատարվող ոտնձգությունները: Գնդակն իրոք թուրքական դաշտում է, այսօր Թուրքիայում գործընթացներ են տեղի ունենում, հասարակական տարբեր շարժումներ, որոնք փոքրածավալ են, բայց ապագայում անխուսափելիորեն մեծանալու են, և թուրք հասարակությունն իր հերթին իր իշխանությունից պահանջելու է ճշմարտության բացահայտում, ընդունում ու դատապարտում: Թուրքական իշխանությունն արդեն մանևրում է, «եղեռն» բառի օգտագործումն արդեն դարձել է թույլատրելի, բայց «ցեղասպանությունը»` «գենոցիդը», որ իր իրավական բովանդակությամբ միջազգային ընդունում ունեցող հասկացություն է, դեռ արգելված է: Համենայն դեպս, մենք կառուցողական դաշտում պահպանում ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսությունը վերսկսելու պատրաստակամությունը:
-Ո՞ր դեպքում Հայաստանն իր ստորագրությունը հետ կկանչի հայ-թուրքական արձանագրություններից:
-Եթե Թուրքիայից տևական ժամանակ չլինի համարժեք քայլ: Մենք այսօր գտնվում ենք հարաբերական դադարի փուլում, և արձանագրություններից մեր ստորագրությունները հետ կանչելու պատճառներ չկան: Եթե լինեն բացասական զարգացումներ Թուրքիայի կողմից, այդ քայլին միշտ էլ կարող ենք դիմել, բայց չմոռանանք, թե ինչ դժվարությամբ են այդ արձանագրությունները ստորագրվել:
-Որևէ ժամկետ չկա՞:
-Ժամկետ սահմանելը այս հարափոփոխ աշխարհում խելամիտ չէ:
-Իհարկե, բայց պայմանավորված տարեկեսի խորհրդարանական ընտրություններով Թուրքիայում որևէ փոփոխություն դժվար թե լինի, իսկ հետո խորհրդարանական, ապա նաև նախագահական ընտրություններ են Հայաստանում, ինքնին ստացվում է մեկամյա, գուցե ավելի դադար...
-Ընտրական գործընթացներից առաջ ու հետո, հենց ընտրական գործընթացների ժամանակ յուրաքանչյուր երկրում տարբեր զարգացումներ կարող են լինել և ազդել ընտրությունների ընթացքի վրա: Այսօր Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչները խոսում են Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մասին, ինչը երկու տարի առաջ անհնար էր: Բոլոր դեպքերում` Թուրքիայի հետ գործընթացից դուրս գալը միշտ էլ հնարավոր է, Ադրբեջանի հետ պատերազմը միշտ էլ հնարավոր է, բայց պետք է ձգտել խաղաղության, պետք է ձգտել արժանապատիվ կեցվածքով դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Հիշենք, որ այսօր Թուրքիայի հետ կա ոչ փոքր ծավալի ապրանքաշրջանառություն, այսօր մեր ոչ քիչ քաղաքացիներ ապրում ու աշխատում են Թուրքիայում, Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթներ են գործում, այսինքն` խոսքը հարաբերությունները դեյուրե հիմքերի վրա դնելու մասին է: Աշխարհում ամեն ինչ ունի իր գինը, մենք չենք կարող ցանկացած գին վճարել` ազգային արժանապատվությանը դեմ գնալ չենք կարող, ազգային անվտանգությանը դեմ գնալ չենք կարող, մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման: Թուրքիան էլ իր տեսակետներն ու իր խնդիրներն ունի: Կարևորը երկու կողմերի համար փոխընկալելի լուծումներ գտնելն է: Միջազգային մամուլում տասնյակ արձագանքներ կան, որ Հայաստանն իր հասանելիքն արել է, գնդակը Թուրքիայի դաշտում է: Նույնը ղարաբաղյան կարգավորման համատեքստում` գնդակն ադրբեջանական դաշտում է, ի վերջո Ադրբեջանը հաշվի նստելո՞ւ է ՄԽ համանախագահների, երեք պետությունների նախագահների հայտարարությունների հետ, թե՞ պետք է շարունակի երկդիմի կեցվածքը:
-Ընդունեք, որ խաղը շահում է նա, ում մոտ գնդակն է, մենք անընդհատ ջանում ենք գնդակից ազատվել։
-Մենք մեր գոլը խփել ենք արդեն, մի մոռացեք` մեր տեսակետները դարձնելով ընկալելի միջազգային հանրության համար:
-Բայց խաղը չի ավարտվել:
-Ֆուտբոլային խաղն է տևում 90 րոպե, որոշ դեպքերում` ավելի, քաղաքական լրջագույն գործընթացները չեն կարող արագ ավարտվել, մի կողմի ցանկությամբ չեն կարող պայմանավորվել երկկողմ կամ բազմակողմ իրողությունները:
-Անվտանգության խորհրդի աշխատակազմում քննարկվե՞լ են երկրին սպառնացող այս և այլ մարտահրավերները:
-Իհարկե: Անվտանգության խորհրդի աշխատակազմում պարբերաբար քննարկվում են Հայաստանի ազգային անվտանգությանն սպառնացող բոլոր մարտահրավերները, ռազմավարական վերլուծություններ են կատարվում տարածաշրջանի երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական, ռազմավարական նշանակություն ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ավելին, մենք համակարգում ենք Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ, և այս ուղղություններով լուրջ առաջընթաց է արձանագրվել: Արդյունքներն ակնհայտ են, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է բարեփոխումներին լրացուցիչ թափ հաղորդել, հատկապես կոռուպցիայի, ստվերային տնտեսության դեմ պայքարի, պետական կառավարման համակարգի և տնտեսական ենթակառուցվածքների արդիականացման, ժողովրդին հուզող սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու առումով: Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է, ուղղակի անհրաժեշտ է արտաքին քաղաքական ճակատում առկա նախաձեռնողականությունը տարածել նաև ներքին խնդիրների լուծման ոլորտում և գործել առավել նպատակաուղղված: Այս պարագայում շատ ավելի լավ արդյունքներ կունենանք:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
Հ. Գ. -Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ տեսակետը կներկայացնենք «Իրատես de facto»-ի հաջորդ` փետրվարի 15-ի համարում:

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ