Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆԵՐԸ ՍՊԱՌԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ

ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆԵՐԸ ՍՊԱՌԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ
25.05.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրը զարմանալի շաբաթ էր Հայաստանում. ոմանք ձևացնում էին, թե ոչինչ չգիտեն, ոմանք, որ ամեն ինչ գիտեն, մեծամասնությունը խորհրդավոր սպասում էր։ Իրականում ոչ ոք արտառոց պատճառ չուներ ո՛չ չիմանալու, ո՛չ իմանալու, ո՛չ սպասելու:

Ինքնաթիռները սկսել են ցամաքը գերադասել երկնքից. Հնդկաստանի Մանգալոր քաղաքի մերձակայքում վայրէջքի ժամանակ վթարվել է «Բոինգ 737» ինքնաթիռը, 150 ուղևորներից ողջ են մնացել 8-ը, նրանք կարողացել են դուրս նետվել պոչը պոկված ինքնաթիռից` նախքան վայր ընկնելը:
Գյումրին դարձել է Հայաստանի քաղաքական Նոր Վասյուկին: Մայիսի 18-ին Հայաստանի երկրորդ քաղաքը երջանկացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հորդորում էր գյումրեցիներին գնալ և ընտրել միայն իր խոսքը գործ դարձնողին: Կարծես ընտրություններն ամենաուշը մի շաբաթից են: Բայց կարևորը ԲՀԿ նախագահը չէր, այլ նորընծա փոխնախագահը` Սամվել Բալասանյանը, ով վաղուց էր հույսը կտրել, թե Հայաստանն օրենքների երկիր կդառնա, ու հանկարծ հավատաց, որ բարգավաճելու է, թեպետ ինքը կուսակցական-անկուսակցական-կուսակցական իր զիգզագներին այլ բացատրություն է տալիս. անկախ պատգամավոր լինելով` շրջանառության մեջ շատ նախաձեռնություններ ունի, որոնք կյանքի կոչելու «և ընդհանրապես շատ խնդիրներ լուծելու» համար թիմի կարիք ուներ:
Ավելի անհեթեթ ոչինչ հնարել հնարավոր չէր: Ի՜նչ հզորանալ է հզորանում ԲՀԿ-ն այսպիսի գաղափարակիր ու օրինաստեղծ կուսակցականներով: Հետո էլ ասում են, թե ընտրությունների չեն նախապատրաստվում...
Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ է դարձել Քեմալ Կիլիչդարօղլին` փոխարինելով Դենիզ Բայկալին, որը սեռական բնույթի սկանդալից հետո հրաժարական տվեց: 62-ամյա Քեմալ Կիլիչդարօղլին տեղական ինքնակառավարման ընտրություններում ուզում էր դառնալ Ստամբուլի քաղաքապետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան են բացում. «Տարածաշրջանային կարևորագույն դերակատարություն ունեցող երկու պետությունների` Թուրքիայի և Հայաստանի միջև դրական ու ներդաշնակ հարաբերությունների ձևավորումը մեծապես կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և երկու ժողովուրդների համագործակցության զարգացմանը»:
Մայիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի դեմ վճռորոշ մարտի, Ադրբեջանը շարունակելու է զինել բանակը, քանի դեռ «Հայաստանը չի ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները»: «Տարածքների հանձնման մասին խոսք անգամ չկա», ի պատասխան ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում Հայաստանի հարցը չքննարկվեց համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի բացակայության պատճառով: Բացահայտորեն Հայաստանն այլևս ԵԽԽՎ-ին չի հետաքրքրում:
Փոխարենը Հայաստանը մասնակի և Հարավային Կովկասը մասնավորապես հետաքր-քրում են Եվրախորհրդարանին. մայիսի 20-ին Եվրախորհրդարանն ընդունել է թիվ 2216 բանաձևը Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին: Բանաձևի հեղինակը Բուլղարիայի պատգամավոր Եվգենի Կիրիլովն է: Բանաձևը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվել է ապրիլի սկզբին (ամիս ու կես ժամանակ կար առավելագույնը` կանխելու, նվազագույնը` փոփոխելու համար): Զարգացած ու զարգացող աշխարհի մասին սեփական պատկերացումներն ունեցող Եվրամիությունն ընդունել է իր տեսանկյունից սովորական բանաձև` արձանագրելով վիճակը տարածաշրջանում և իր վերաբերմունքն այդ վիճակին: Ոչ ավելին: Իրավացի է Եվգենի Կիրիլովը, երբ ասում է. «Հարավային Կովկասը ԵՄ-ի համար զուտ սահմանակից տարածաշրջան չէ և ունի ռազմավարական նշանակություն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության նկատառումներով»: Իրավացի է ԵՄ ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, երբ ասում է. «ԵՄ-ի հետ մերձեցման պարտավորությունը, որ ստանձնել են մեր հարավկովկասյան գործընկերները, պետք է հանգեցնի քաղաքական կայունության ամրա-պնդմանը, ժողովրդավարության և շուկայական տնտեսության ուղղությամբ հետագա առաջընթացին»: Բնականաբար, բանաձևն անդրադառնում է տարածաշրջանի հակամարտություններին. «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ակտիվացնել բանակցային գործընթացը, հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք ուղղված են ուժով հաստատված և միջազգային օրենքներին չհամապատասխանող ստատուս քվոյի պահպանմանը: Կողմերին նաև կոչ ենք անում զերծ մնալ 1994 թ. հաստատված հրադադարի խախտումներից»: ԵԽ-ն դատապարտում է Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարը, պահանջում է հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները: ԵԽ-ն պնդում է, որ «հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»: Իսկ ինչպե՞ս է ԵԽ-ն տեսնում հարցի լուծումը: «Լեռնային Ղարաբաղին կարող է որոշակի միջանկյալ կարգավիճակ շնորհվել մինչև վերջնական կարգավիճակի հստակեցումը, որը հնարավորություն կտա անցումային այդ փուլում ապահովելու տարածաշրջանի հայ և ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը»: Ինչքան հեշտ է նման բանաձևեր ընդունել Ստրասբուրգում, Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում` Եվրոպայում նստած, ու առաջարկել ԵՄ գործադիր մարմիններին դիտորդական առաքելություն ուղարկել տարածաշրջան, որ նպաստեն միջազգային խաղաղարար ուժերի ձևավորմանը: Ինչքան հեշտ է հեռվից արձանագրել, որ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններն ու հայ-թուրքական հաշտեցումը միմյանցից տարանջատված գործընթացներ են, սակայն երկու գործընթացներից մեկի առաջընթացը կարող է լուրջ դրական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար: Բնական էր, որ Հայաստանը պիտի չընդուներ բանաձևն ու հակադարձեր, բայց եթե Հայաստանի տեսակետը որևէ նշանակություն ունենար, ի սկզբանե Եվրախորհրդարանը նման բանաձև չէր ընդունի, իսկ սրտի հովան նամակներն ու մեկնաբանությունները, որոնք գրավոր ու բանավոր հղում են ԱԺ նախագահն ու արտգործնախարարը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, կռվից հետո հնչող կրակոցներ են: Բոլորովին մխիթարություն չէ այն փաստը, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ, հավանաբար, վերջին նման բանաձևն է, որ ԵԽ բանաձևի որոշ դրույթներ հակասում են ԵՄ-ի դիրքորոշմանը, ինչպես Էդվարդ Նալբանդյանն է ասում` համահունչ չեն ո՛չ մադրիդյան սկզբունքներին, ո՛չ Աքվիլայի հայտարարությանը, ո՛չ Մոսկվայի հռչակագրին, որ զեկույցը գրողը չի եղել ո՛չ տարածաշրջանում, ո՛չ Ղարաբաղում, ո՛չ էլ խորհրդակցել է ԵԽ անդամ ու ՄԽ համանախագահ Ֆրանսիայի ներկայացուցչի հետ: Հասկանալի դրդապատճառներով, բայց բացարձակապես անիմաստ նամակ է ԱԺ նախագահը գրել ԵԽ նախագահ Եժի Բուզեկին: Բուզեկը նրան չի պատասխանելու, պատասխանեց էլ` հավուր պատշաճի մի քանի ոչինչ չասող քաղաքավարական տող: Ոչ այն պատճառով, որ ԱԺ նախագահը սխալ է, պարզապես այդ խաղում ո՛չ ԱԺ-ն, ո՛չ ԱԳՆ-ն դեր չունեն: Իսկ հետո այդ բանաձևը կստանա իր շարունակությունը` հերթական նույնաբովանդակ փաստաթուղթ կընդունեն Եվրամիությունը, ԵԽԽՎ-ն, Եվրահանձնաժողովը, Թուրքիան ավելի ու ավելի կներգրավվի հակամարտության հաղթահարման գործընթացում, պաշտոնական ձևակերպում կստանան «օկուպացված տարածքները», և ոչ ոք չի հիշի Վարդան Օսկանյանի «օկուպացիայի» բացատրությունը` իբրև ինքնաթիռի զուգարանի դռան բռնակի մակագրություն համապատասխան պահին, թեպետ այդ բացատրությունը հնչել է հեռուստատեսությամբ: Բնականաբար, Ադրբեջանի արտգործնախարարությունը ողջունել է բանաձևը, դրական է գնահատել պարզ ու միասնական դիրքորոշումը Ղարաբաղի կոնֆլիկտի և դրա ծանր հետևանքների վերաբերյալ։ Բնականաբար:
Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովում ասել է. «Թուրքիան հիմա տարածաշրջանային կարևոր դերակատարություն է ստանձնում: Թուրքիան հավատարիմ է իր ռազմավարական դաշնակիցների ու հարևանների միջև ներդաշնակություն ստեղծելու գործին»: Նախարարը շարունակում է հավատալ հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: ՈՒ թեև 2009 թ. նշանակալից առաջընթաց է գրանցվել Հայաստանի հետ հարաբերություններում, Հայաստանը մնում է ամենամեծ խնդիրը հարևանների հետ տարվող քաղաքականությունում: Անուղղելի լավատես է նախարարը. «Մենք շարունակում ենք հավատալ հարաբերությունների կարգավորմանը: Մեր քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա, դա իրականացվելու է: Սակայն եթե զուգահեռ կարգավորվեն հայ-ադրբեջանական հակամարտությունն ու ադրբեջանական տարածքների հետ կապված խնդիրը, մեծ հնարավորություն կստեղծվի տարածաշրջանում լիարժեք խաղաղություն ապահովելու տեսանկյունից»:
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը, սակայն, հաշվի չի առնում այս ամենը և փորձում է կանխել Թուրքիայի արտգործնախարարին Վուդրո Վիլսոնի մրցանակ շնորհելը: Դեռ մարտին Վուդրո Վիլսոնի միջազգային կենտրոնը հայտարարել է թուրք պաշտոնյային պարգևատրելու մասին, որովհետև «նա ակտիվացրել է Թուրքիայի արտաքին հարաբերությունները և ավելի է բարձրացրել երկրի դիրքը միջազգային ասպարեզում»: Ինչի՞ հետ համաձայն չէ Հայ դատի հանձնախումբը: Դավութօղլուին Վուդրո Վիլսոնի մրցանակ չի կարելի հանձնել, որովհետև այդ նախարարն է Հայոց ցեղասպանությունը հերքելու քաղաքականության ճարտարապետը` ըստ Հայ դատի: Բայց մի՞թե կենտրոնը նրան մրցանակ է շնորհել Ցեղասպանությունը հերքելու համար: Գուցե շատ ավելի ազդեցիկ ու խելամիտ կլիներ ոչ թե պայքարել մի որոշման դեմ, որը, միևնույն է, իրականացվելու է, այլ հունիսի 17-ին շնորհավորել և՛ կենտրոնին, և՛ մրցանակակրին ու վստահություն հայտնել, որ այդքան կարևոր ու բարձր պարգևին արժանանալը նախարարին մտածելու, իր դիրքորոշումը վերանայելու, ճշմարտությունն ու քաղաքականությունը միմյանցից զատելու ուժ ու հնարավորություն կտա: Ճիշտ է, դա էլ ոչինչ չի փոխի, բայց որքա՞ն կարելի է պաթետիկ ելույթներով ուղղագիծ փոշիացնել ունեցած ուժերը` ձեռնարկելով քայլեր, որոնք հաշվարկում են բոլորը և որոնց արդյունքը զրո է:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու նախագիծ է ներկայացրել ԱՄՆ-ը: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստովանում է, որ նախագիծն արդյունք է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի հետ ամիսների ջանադիր բանակցությունների: Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագիծն ընդունվի, կկրճատվի Իրանին մատակարարվող թույլատրելի զինատեսակների շրջանակը, կնվազի այն իրանցիների թիվը, որոնց հնարավորություն է ընձեռվում տնտեսական գործունեություն ծավալելու երկրից դուրս, մանրակրկիտ կուսումնասիրվեն իրանական բանկային գործարքները, բանկերին կարգելվի մասնաճյուղեր ունենալ արտասահմանում, կսառեցվեն իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի անդամների հաշվեհամարներն արտասահմանյան բանկերում: Փաստորեն, տիկին Քլինթոնը ջուրն է գցում այն համաձայնագիրը, որ կնքվեց Իրանի, Թուրքիայի, Բրազիլիայի միջև` Իրանի ուրանը Թուրքիայում հարստացնելու վերաբերյալ: Սպիտակ տունը կարծում է, որ համաձայնագիրը բավականաչափ թափանցիկ չէ: Թեհրանը չի ընդունում նոր սանկցիաներ կիրառելու օրինականությունը. Իրանի միջուկային հաստատության տնօրեն Ալի Ակբար Սալեհին համոզված է, որ հզոր տերություններն իրենք իրենց վարկաբեկում են այդ նախագծով:
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Սուաթ Կինիկլիօղլին հայտարարել էր, որ բանակցային սեղանին է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նոր փաստաթուղթը, որի ընդունումը կախված է Հայաստանից: «Դա բացարձակ սուտ է, ստերը մեկնաբանվելու կարիք չունեն», արձագանքեց Էդվարդ Նալբանդյանը: «Hurriyet»-ը , որը ժամանակին գրել էր այդ փաստաթղթի մասին (Անկարան քննարկել է Մոսկվայի ու Վաշինգտոնի հետ նոր ճանապարհային քարտեզ, որի համաձայն Հայաստանը հանում է զորքերը Քելբաջարից և Ֆիզուլիից, իսկ Ադրբեջանը բացում է Հայաստանի հետ սահմանը), Նալբանդյանի պատասխանը որակել է այսպես. «Հայաստանն այրում է կամուրջները»:
Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում հերթական խորհրդարանական ընտրություններն էին, որոնք անցկացվեցին համամասնական ու մեծամասնական ընտրակարգով: Համամասնական ընտրակարգով ընտրողների քվեներին հավակնում էին «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդական, ԼՂ կոմունիստական և ՀՅԴ կուսակցությունները: Մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ են առաջադրվել 16 ընտրատարածքներից: Ովքեր էլ ընտրվեն, դժվար ժամանակների, դժվար խորհրդարանի անդամ լինել է վիճակվելու` արագացված ժամանակների աշխարհում ստատուս քվոները սպառել են իրենց գոյության ժամանակը, նոր ժամանակները նոր լուծումներ են պահանջում, որքանով ընդունելի` պիտի որոշի նաև մայիսի 23-ին ընտրված Ազգային ժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ