Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պատմություններ ընտրություններից առաջ

Պատմություններ  ընտրություններից առաջ
13.04.2012 | 00:00

Առաջին և անթաքույց փաստը` նախորդ մի քանի տարիներին ու հատկապես ամիսներին քաղաքական, ապաքաղաքական ու մերձքաղաքական բոլոր ուժերը ջանք ու ավյուն չէին խնայում համոզելու, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար կենսական, ճակատագրական, վճռական, համարյա գերբնական նշանակություն ունեն: Միամիտ ընտրողներն իրավունք ունեին ակնկալելու, որ կենսական, ճակատագրական, վճռական, համարյա գերբնական նշանակություն ունեցող իրադարձությանն ընդառաջ նույնքան կարևոր խոսքեր կգտնվեն: Անցած 6 օրում միամիտ ընտրողները դեռ չեն լսել նոր ոչինչ: Առայժմ ամբողջ քարոզչությունը նախորդ ընտրությունների դեժավյուն է: Առայժմ: Թեպետ հազիվ թե մնացած օրերին այդ սահմանագիծը խախտվի: Միայն հին գինին է ավելի արժևորվում, հնացած ու մաշված խոսքերով նոր արժեքներ չեն ստեղծվում, ու սա երկրորդ անթաքույց փաստն է: Իսկ երրորդը` սոցիոլոգների հայտարարած 30 տոկոս չկողմնորոշվածներն իրականում բոլորովին էլ չկողմնորոշվողներ չեն, նրանք նոր մարդկանց ու նոր գաղափարների սպասումների մեջ հների հետ չհաշտվողներն են, որ կարող են ընտրությունների չգնալ ճիշտ այնքան, որքան կարող են գնալ:

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ԶՎԱՐԹՆՈՑԸ

Չգիտեմ ով ինչպես, ինձ համար այս ընտրարշավի ուրախությունը «Միավորված հայերն» է: Բացի այն, որ կուսակցության ղեկավարն իր ազդեցիկ խոսքը իր և ուրիշ ուժերի ընտրազանգվածին ուղղում է կապույտ երկնքի ու թափանցիկ ամպերի համապատկերում, համառորեն ոտքերն ամպոտ հրեշտակների հիշողության հետ զուգորդվելով` նա հնչեցրել է առայժմ ամենագործնական ու ամենաազգային առաջարկը` ընտրեք մեզ, և մենք կվերականգնենք Զվարթնոցի տաճարը: Ո՞վ է դեմ նման կառուցողական առաջարկին:

ԱՅՍ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ ԿՔԱՆԴԵՆՔ ՄԵՆՔ

Նորից: Հայաստանի կոմունիստներն ասելիք այլևս ու բացահայտորեն չունեն: Եթե նրանք նորից ու նորից պիտի հիշեն 1920 թվականը, ուրեմն մնացել են 20-րդ դարում, ավելին` 20-րդ դարի առաջին կեսում ու նույնիսկ 20-րդ դարակես չեն հասել, արդեն 20-րդ դարավերջի իրադարձությունների ու ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների, կոմունիստական կուսակցության ու այդ իրադարձության պատճառահետևանքային առնչությունների մասին ոչ մի խոսք չի հնչելու: Ափսոս: Անգամ փայլուն գաղափարները կորչում են, երբ չեն գտնում իրենց իրագործողներին: Գոնե 5 տոկոսով: Համենայն դեպս` այս ընտրություններում:

ԱՌԱՋ ԴԵՊԻ ԱՆՑՅԱ՞Լ

Այս հարցն առաջին միտքն է, որ հարուցում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքը: Նա խոսում է այնքան հայտնի իրողությունների մասին, որ նույնիսկ ալարում ես առարկել կամ համաձայնել, և որովհետև խոսում է ավելի քան զգուշավոր ու անորոշ, առավել քան անիմաստ են թե՛ առարկելը, թե՛ համաձայնելը: Բայց մի հարց մնում է` հետո՞, որ ի՞նչ ու դեռ ինչքա՞ն:

ՈՎ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՅՍՕՐ, ԿՀԱՎԱՏԱ 30 ՕՐ ԱՆՑ

Ոչ մի կուսակցություն դեռ այնքան հրճվանք չի սփռել եթերից, որքան ազատ դեմոկրատացած «Ժառանգությունը» կամ ժառանգություն ստացած «Ազատ դեմոկրատները»: Երգ, պար ու Չարենցի կամար` ու արդեն իրավ բառեր պետք չեն, բայց նրանք նաև խոսում են, ու եթե հեռուստացույցի ձայնն իջեցնես, թվալու է, որ թատերական ինստիտուտի շրջանավարտներն ավարտական ներկայացում են խաղում: Մեծ ասպարեզ դուրս գալու նույն սպասումն է ու նույն պաթոսը: ՈՒսանողական: Որովհետև երբ փորձում ես հասկանալ ասվածը, զգում ես, որ դպրոցում չես սովորել: Ինքներդ փորձեք հասկանալ. «Այսօր սկսվում է հաղթական ճանապարհը դեպի Նոր Հայաստան, և այդ ճանապարհը մենք տանելու ենք յուրաքանչյուր գյուղ և քաղաք, և իշխանությունն առաջին անգամ Հայաստանի նորագույն պատմության մեջ վերադարձնելու ենք հայ մարդուն»:Չէ, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանի արտիստիկ արտաբերմամբ լավ են հնչում, բայց սպանեք` չեմ հասկանում` ինչո՞ւ է այսօր սկսվում ճանապարհը, ինչ գիտի` որ հաղթական, և ո՞րն է ու որտե՞ղ է Նոր Հայաստանը, ո՞վ ու ինչպե՞ս է այդ «ճանապարհը» վերցնելու ու տանելու յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, իմ իմանալով` ճանապարհն է տանում, ոչ թե ճանապարհն են տանում: ՈՒ արդեն ոչ մի կերպ չեմ հասկանում, թե հայ մարդուն իշխանությունը ինչպես են վերադարձնելու, եթե իրենք, գոնե իրենց հայտարարությամբ, ընդդիմություն են: Բայց լրիվ հասկանում եմ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ «Ժառանգությունը» կլինի առաջին տեղում թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի ողջ տարածքում: Հույսս 30 օրվա վրա է` մեկ էլ տեսար, քոչարին պարեցին` ավարտեցին, երգերը երգեցին, թատրոնը խաղացին ու... ընտրվեցին: Ազատ: Դեմոկրատաբար: Իբրև անցյալի ժառանգություն:

ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅԴ ԱՐԵՎԸ

Նախորդ խորհրդարանական ընտրությունների հին ընկերները գերազանցում են իրենք իրենց: Օրինակ, Վահան Հովհաննիսյանը հերթական պարադոքսը առաջադրեց. «ՀՀ Սահմանադրության համաձայն` մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մենք չենք եկել իշխանություն մուրալու, մենք ուզում ենք իշխանությունը վերադարձնել մեր ժողովրդին: Այն խլվել է ժողովրդից` վերջինիս թուլության պատճառով, և ՀՅԴ-ն կվերադարձնի այն ձեզ»: Լավ, եթե ժողովուրդը թույլ է եղել, ու նրանից խլել են իշխանությունը, ու խլողն էլ հաստատ ՀՅԴ-ն չէ, ինչպե՞ս է վերադարձնելու այն, ինչ չունի: Նա ասում է, որ «իշխանությունն ամբողջությամբ ստվերում է», ստվերում են քաղաքական որոշումները, սոցիալական ապահովությանն առնչվող հարցերը, բայց արևը կարող է վերացնել ստվերը, և ՀՅԴ-ն է այդ արևը: Դե հիմա ինչպե՞ս չասես, որ արևն էլ է ստվեր ունենում, ու այդ ստվերը հատկապես երևում է արևի լույսի պատճառով: ՈՒրեմն` ազատություն, արդարություն ու դաշնակցություն արևին, գուցե ստվերը կորցնի՞:

ՕՐԵՆՔԻ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՍՈ՞Վ Է ԵՐԿՐՈՒՄ:

Ո՛Չ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

«Մենք Հայաստանում կապ չունենք ո՛չ արյան, ո՛չ թալանի, ո՛չ գողության, ո՛չ կողոպուտի հետ: Ես չեմ խոսում այլոց մասին, ես խոսում եմ մեր տեսակի մասին` ինչպիսին ենք մենք, ինչպիսի ծրագրերով ենք գնում առաջ: Այսօր բազմաթիվ չարախոսներ, թուլակամներ, ահաբեկված լինելով ՕԵԿ-ի օրեցօր աճող հեղինակությունից, փորձում են բանսարկությամբ, վայրահաչոցներով փնովել ՕԵԿ-ին, բայց դա նրանց չի հաջողվի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: ՈՒ, բնականաբար, չմանրամասնեց` ով կապ ունի արյան, թալանի, գողության, կողոպուտի հետ, ու ովքեր են բազմաթիվ չարախոսներ-թուլակամները, բայց հարկադրաբար մանրամասնեց Հեղինե Բիշարյանը` որ երբ Արթուր Բաղդասարյանն ասում է, որ օրենքի ու արդարության սով է երկրում, «մարդն ասում է` ձեր օրենքները լավն են, բայց նաև անհրաժեշտ է հետևողականություն, որ այդ օրենքները կիրառվեն: Խոսքը անարդարության մասին է, դրա սովն է»: ՈՒ հենց այդպես ու այդ պատճառով Հեղինե Բիշարյանը համոզված է, որ իրենց ունեցածը կկրկնապատկվի «այն գրագետ քարոզարշավի արդյունքում, որ անցկացնում է պարոն Արթուր Բաղդասարյանը»:

ՈՎ ԱՍՈՒՄ Է, ՍՈՒՏ Է ԱՍՈՒՄ

Ինչպե՞ս են բարգավաճում` հալում են ոսկին ու լցնում աղորիքների մեջ, որ հետո հարթվում են ու դառնում ԲՀԿ-ի նշան: Տպավորիչ է, գեղեցիկ է, ոսկին ոսկի է: ՈՒնեցողի համար էլ, չունեցողի համար էլ: Գագիկ Ծառուկյանն ասում է` «Այսօր աշխատատեղերի ստեղծումը որ ասում են` ոչ մեկը չի կարող այդքան աշխատատեղ ստեղծել: Ով ասում է, սուտ է ասում: Մենք պետք է կարողանանք զբաղվածության խնդիր լուծել, հնարավորություն տալ, որ մարդիկ ընտանիքով, երկու ընկեր փոքր ու միջին բիզնես ստեղծեն, կամաց-կամաց այդ ծիլերը հզորանան, հզոր գործարարներ դառնան»: Ի՜նչ իդիլիա, երկու ընկեր, փոքր ու միջին, ծիլեր, հզոր գործարարներ... ՈՒ եթե ինքը, այն էլ մենակ, դարձել է, կդառնա` ով չի՞ ալարի: Ինչքան հեշտ է եղել ամեն ինչ ու ինչո՞ւ շուտ չէին ասում, ժողովուրդը թողեց, երկրից գնաց` նոր հիշեցին` երկու ընկեր, ծիլեր-միլեր, ընտանիքով, հզոր, գործարարներ: «Եվ` ամենակարևորը` մեր երկրի հիմնական հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկն ու պաշտոնյան, այլ սովորական մարդը, աշխատող, բարիք բերող մարդը»: Ասել է` չինովնիկն ու պաշտոնյան ոչ սովորական են, ոչ էլ աշխատում են... Բարիքն էլ փչացնում են, հա՞:

ԴԱ՞ Է ԳԻՆԸ ԷՍ ԵՐԿՐԻ

«Չեմ հավատում, որ ժողովրդի մեծ մասը ընտրակաշառք է վերցնում», լավատեսություն փորձեց սփռել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. «Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեծամասնությունը մերժում է ընտրակաշառքը: Իսկ եթե վերցնում են, ապա դրանց մեծ մասը նորից գնում ու ընտրում է նրան, ում ուզում է: Ընտրությունները կեղծվում են բոլորովին ուրիշ միջոցներով` լցոնումներով, բացակա մարդկանց փոխարեն քվեարկելով: Ի՞նչ են տալիս. 20 000 դրամ, դա 50 դոլար է: Դա՞ է գինը էս երկրի: ...Ամեն տարի Հայաստանում այս իշխանությունները ժողովրդից գողանում են ուղիղ 5 միլիարդ դոլար, ամեն տարի»: Նրա հաշվարկներով` 15 տարվա մղձավանջից դուրս գալու միջոց են ընտրությունները, և չկա մի չարիք, որի էներգիան չի սպառվում. իշխանությունները չեն համարձակվելու անել այն բռնությունները, ինչ արել են նախկինում: ՈՒ բոլորեքյան լավատեսության համար մնում է, որ առաջին նախագահը բացատրի` ինչո՞ւ չարիք է ՀՀԿ-ն, չարիք չէ ԲՀԿ-ն, ինչո՞ւ մեկի հետ կարելի է, մյուսի հետ չի կարելի համաձայնության գալ: Նույնիսկ ազատ, արդար ընտրությունների անցկացման հարցում: Եվ` որտե՞ղ էին մարտի 1-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ու ընդհանրապես` ով ի՞նչ էր անում:

ԻՆՉ ԱՐՎԵԼ Է, ԽՂՃՈՎ Է ԱՐՎԵԼ

Արդեն չեմ ուզում գրել ՀՀԿ-ի մասին, ու ոչ թե չեմ հավատում, ոչ թե փոխել ու փոխվել չեմ ուզում, այլ երբ համատարած` իշխանական ու ընդդիմադիր, քննադատում են մեկին, այդ մեկը ինքնաբերաբար քննադատությունից վեր է հայտնվում: Այսօր այդ մեկը ՀՀԿ-ն է, և ոչ միայն այսօր: Եվ գուցե նաև դա է պատճառը, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է. «Ամենակարևորը մթնոլորտի փոփոխությունն է, թշնամանքը բացառելու հավատն ու ջանքերն էին, ու էլի շարունակելու ենք: Ընդդիմախոսելու ու քաղաքական բանավեճ վարելու նոր ավանդույթի ձևավորումն էր, որ էլի շարունակելու ենք: Հարցերը հանգիստ ու սթափ քննարկելու, խաղաղ ընտրությունների գնալու պատասխանատվությունն է, որ միշտ անփոփոխ է եղել: Ընդդիմախոսներին առանց ազգի թշնամի հայտարարելու ընդդիմախոսելու իրավունքը վերադարձնելն է, որ շարունակվելու է: Որովհետև ընդդիմությունն իշխանությունների զգոնության ու զգաստության պայմանն է... Քանի որ մենք իշխանություն ենք, մենք ուղղակի պարտավոր ենք հանդուրժողական լինել»: Չգիտեմ, ինձ սովորեցրել են, որ բարին ուժեղ պիտի լինի, բայց չեն ասել` ուժեղը բարի՞ է լինում: ՈՒ` մի՞շտ:

GALLUP, GALLUP, GALLUP ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 7-Ը

Ընտրությունների օրը` մայիսի 6-ին, GALLUP International association-ը և «Արմենիա» հեռուստաընկերությունը «էքզիտ պոլ» են անցկացնելու: Ողջ Հայաստանում: Իհարկե, աշխարհում ընդունված է, իհարկե, տարբեր երկրներում իրեն արդարացրել է, բայց մի՞թե Հայաստանում որևէ ընտրող ճիշտը կասի` ո՞ւմ է ընտրել, և մի՞թե Հայաստանում GALLUP է պետք, որ իմանաս` ով ում է ընտրել: Իսկ մայիսի 7-ին ամեն ինչ կասի ԿԸՀ-ն: Բայց` նախնական տվյալներով, որ առանձնապես չեն տարբերվի վերջնականից:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ