Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երկտող քրիստոնեության և մշակույթի մասին(առաջին անգամ հրապարակվել է անգլերեն, «The Pilgrim» ամսագրում, 1924 թ.)

Երկտող քրիստոնեության և մշակույթի մասին(առաջին անգամ հրապարակվել է անգլերեն, «The Pilgrim» ամսագրում, 1924 թ.)
15.05.2009 | 00:00

«ՕԳՆԻ՛Ր ԻՄ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆԸ»
«Պետություններն ու մշակույթները քայքայվում էին ու տապալվում։ Միայն քրիստոնեությունը մնաց հաստատուն»:
Քահանա Սերգի Մանսուրյանց (Մանսուրով) (1890-1929 թթ.), «Ակնարկներ եկեղեցու պատմությունից» (անավարտ ձեռագիր)
«Մարդկությունը փորձ արեց վերջին երկու դարերի ընթացքում ստեղծել մշակույթ առանց հավատի, առանց սրտի, առանց հայեցության և առանց խղճի, ու հիմա այդ մշակույթը բացահայտում է իր անզորությունը և վերապրում սեփական կործանումը»:
Իվան Իլյին, «Ճանապարհ դեպի ակնհայտություն» (առաջին անգամ հրապարակվել է 1957-ին, Մյունխենում)

Մեր ժամանակները դեռ չափազանց հեռու են բարձրագույն հոգևոր ձգտումներից և ամբողջական հոգևոր մշակույթից։ Դրա հետ մեկտեղ ամենուրեք արթնանում են դրանց պահանջարկը և այն գիտակցությունը, որ մարդկությունն ու իր մշակույթը չեն կարող չլինել մասնատված, եթե չեն ղեկավարվում ոգու բարձրագույն խնդիրներով։ Բայց մշակույթի աշխարհը հայտնվել է այդ վիճակում ոչ պատահաբար և ոչ երեկ, այլ բազում հարյուրամյակներ անշեղորեն շարժվել է այդ կողմը, ուղղելով իր բոլոր ջանքերը, մեծավ մասամբ ոչ լիովին գիտակցաբար, իր և հավիտենական կյանքի Սկզբնաղբյուրի միջև պատ կառուցելուն։ Ահա հենց այդ քայքայման ճանապարհի երկարատևությունն է դարձնում մարդկության հիվանդությունն այդքան ծանր, բայց միաժամանակ թույլ է տալիս հստակ հասկանալ ախտի բնությունը, ինչը հույս է տալիս ապաքինվելու։
Կարող է լինել ուղղակի և բացահայտ ապստամբություն Աստծո դեմ, ինքն իրեն Աստծուց անկախ հայտարարելու փորձ։ Դա սուր հոգևոր վարակում է, որը կամ տանում է դեպի սրընթաց մահ, կամ հակառակը` արագ էլ անցնում է` հոգու մեջ թողնելով տարակուսանքի խոր զգացում, թե ինչպես կարող է հնարավոր լինել այդպիսի ապստամբություն։ Բայց լինում է և նույն թույնով շարունակական վարակում, երբ մարդը, մինչև անգամ ինքն իրեն չխոստովանելով Աստծուց հեռանալու մասին և նույնիսկ ձևականորեն պաշտպանելով կրոնը, փաստորեն, քայլ առ քայլ ձգտում է նվաճել կրոնից իր ինքնավարության շրջանակները, և, հետևաբար, դուրս է գցում կրոնից համապատասխան եզրերը, որպես ոչ էական, որոնք պատմականորեն պատահական են իր մեջ։ Մեկը մյուսի հետևից կրոնից դուրս են ընկնում մարդկային գործունեության տարբեր կողմերը, մինչև որ գործը հասնում է կրոնական գոյաբանության (օնտոլոգիայի) հիմնական ճշմարտություններին, որոնց վրա է հենված քրիստոնեական բարոյականությունը։ Երբ գիտակցության մեջ տապալվում է և այդ հիմքը, իսկ կրոնը հավասարեցվում է բարոյականությանը, հենց բարոյականությունն է դադարում բարության կենդանի և կենարար ոգեշնչում լինելուց և վերածվում վարքի արտաքին` չկապակցված ու պատահական կանոնների։ Դա ոչ թե բարոյական ինքնորոշում է, այլ փարիսեցիական բարոյականություն։ Պատմության տրամաբանությունը կանգնեցրել է մեզ երկընտրանքի առջև` կամ հրաժարվել քրիստոնեության վերջին մնացորդից` «քրիստոնեական բարոյականությունից», կամ հրաժարվել նախորդ հակաքրիստոնեական մշակույթի ամբողջ ուղղությունից և անկեղծորեն խոստովանել, որ Աստված մեր գիտակցության մեջ արդեն Աստված չէ։
Ոչ վաղ մշակույթի ուղղության ստությունը նրա մեջ չէ, որ մշակույթի ներկայացուցիչները մեղք էին գործում։ Մենք գիտենք, որ «մարդը չի կարող լինել կենդանի ու չմեղանչել»։ Մենք կանխավ գիտենք, որ ինչ ուղղությամբ էլ գնա ապագայի մշակույթը, մեզնից յուրաքանչյուրը և՛ կմեղանչի, և՛ կընկնի, և՛ նույնիսկ ժամանակ առ ժամանակ կհեռանա Աստծուց։ Մենք նաև գիտենք, որ մեր ամբողջ էությունը ձգտում է ինքնավար լինելու մեղսական վիճակին։ Բայց նախկին ընթացքի արմատական սխալն այն է, որ մեր բնության այդ վիճակն ընկալվել է որպես բնական, և այդ պատճառով` ճիշտ։ Այսպիսով, մշակույթը ոչ միայն չի հակազդել մեղքին, այլև մոլորեցրել է մեր խիղճը` հավանություն տալով ինքնավար լինելու մեր ձգտմանը։ Երբ Նապոլեոնի այն հարցին, թե ինչու Նյուտոնի «Սկզբունքներում» հանդիպում է Աստծո անունը, իսկ «Երկնային մեխանիկայում»` ոչ, ԼԱՊԼԱՍԸ տվեց «Ես այդ վարկածի կարիքը չէի զգում» հայտնի պատասխանը` դրանով իսկ ամենաճշգրիտ ձևով արտահայտելով նոր եվրոպական մշակույթի հենց ոգին։ Իրոք, Աստված նրա համար կենդանի դեմք չէ, այլ միայն վարկած է, որի միջոցով կարկատվում են մեր գիտելիքի ու, առհասարակ, մեր մշակույթի պատռվածքները։ Ինչքան մշակույթը բարձր է, այնքան քիչ տեղ է գրավում նրա մեջ այդ վարկածը։ Լիովին կատարելագործված մշակույթը պետք է լինի ընդհանրապես առանց Աստծո։ Նոր ժամանակների մշակույթի համար Նա, ՈՒմ համար «հոգիս ծարավից տառապում է», միայն անտանելի ու վերացական հասկացություն է` մեր մշակույթի անկատարելության մի ուրիշ անվանում, և դա միայն հանդուրժվում է, քանի դեռ մշակույթը, փաստորեն, անկատար է։ Ժամանակն է վերջ տալու մշակույթի բազմաթիվ գործիչների անձնական բարեպաշտության օրինակներով և իրենց գործունեության բարերար ազդեցությամբ ինքներս մեզ խաբելուն։ Ժամանակն է պարզ ըմբռնելու նոր մշակույթի ղեկավարող ուղղությունը։ Կարող են հոյակապ լինել առանձին անհատներ ու նրանց նվաճումները, բայց ամբողջովին մշակույթը տառապում է շարունակական ախտով` Աստծո դեմ ապստամբությամբ։ Դա չհասկանալով մինչև վերջ` հնարավոր չէ փոխել մշակույթի ուղղությանը։
Մշակույթի կառուցումը որոշվում է հոգևոր օրենքով, որը տրված է մեզ հենց Տիրոջ կողմից։ «Որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի»։ Գանձը հոգևոր արժեք է, ինչը մենք համարում ենք օբյեկտիվ իմաստ ու մեր կյանքի արդարացումը։ Սիրտը Աստվածաշնչի լեզվով նշանակում է մեր բոլոր ուժերի և ունակությունների կենտրոնակետ, մի հանգույց, որը կապակցում է մեր անձը։ Փրկիչն ասում է, որ մեր անձը և, հետևաբար, նրա բոլոր դրսևորումները, ամբողջովին որոշվում են մեր գանձով։ Այդպիսով, մեր իմացությունը որոշվում է նրանով, ինչը մենք հաստատում ենք որպես ճշմարտություն` հակառակ նոր ժամանակվա Կանտի կենտրոնակետային փիլիսոփայության, ըստ որի ոչ թե ճշմարտությունն է որոշում մեր գիտակցությունը, այլ գիտակցությունն է որոշում ճշմարտությունը։ Նոր ժամանակվա մշակույթները մարդու ինքնավար լինելու իրենց հայտարարությամբ որպես «գանձ» հաստատեցին քննարկմանը ոչ ենթակա` ինքներս մեզ։ Աստծո փոխարեն կանգնեցվեց կուռքը` մարդը, որն ինքն իրեն հռչակեց Աստված։ Դրանից հետո անհրաժեշտ հետևանք դարձավ մշակույթի հետագա ծավալումը, որը կոչված էր ամենուրեք արդարացնելու մարդկային ինքնաստվածացումը։
Մենք այնքան ենք վարժվել հավատալ մշակույթին Աստծո փոխարեն, որ մեծամասնության համար հնարավոր չէ տարբերել«մշակույթ» հասկացությունը մեր ժամանակվա մշակույթներից, այնպես որ մշակույթի ուղղությունը փոխելու անհրաժեշտության մասին ցուցմունքները նմանեցվում են քարանձավաբնակներին մեր առօրյայի մեջ հրավիրելուն։
Պատմականորեն այդպիսի նույնացումը խորապես սխալ է, քանզի մշակույթն ունեցել է և կարող է ունենալ չափազանց տարբեր կառուցվածք։ Այդպես, մշակույթների մեծամասնությունը, ըստ իրենց ստուգաբանության («cultura»-ն այն է, ինչը պետք է զարգանա «cultus»-ից), հենց մանանեխի ծառն է, որն աճել է հավատքի սերմից։ Այդ պատմական փաստը հաճույքով ընդունում է համարյա ամեն մի հետազոտող բոլոր կրոնների վերաբերյալ, հավանորեն` նույնիսկ քրիստոնեության, քանի որ դա դիտվում է որպես պատմական փաստ։ Մեր ներկա ժամանակակիցները քրիստոնեությունը կենսահաստատ ուժ չեն համարում։ Երբ լսում ես այդքան բազմաթիվ արդիական ուսմունքները, որոնք իբր համակրում են քրիստոնեությանը, սակայն բացեիբաց հայտարարելով նրա անզորության ու անկարողության մասին և կոչ անելով, որ անհրաժեշտ է նրան զիջել կյանքի բոլոր ասպարեզները, բացի խիստ անձնական (ինտիմ) գիտակցության ինքնաբավ գործունեությունից «ըստ այն աշխարհի տարերքների», քեզ համակում են խորագույն խավարը և թախիծը։ Չէ՞ որ դա շատ ավելի տրտմեցնող է, քան մարտնչող անհավատությունը, որն ատում է, ուրեմն, այնուամենայնիվ, ընդունում է այն որպես մի զորություն։ Այդ տեսակի աստվածաբանական ուսմունքները քրիստոնեությանը նվիրված հոգեհացի արարողություն են հիշեցնում, երբ պայքարի խանդավառությունն անցել-գնացել է ու կարելի է մինչև իսկ ոչնչացրած հակառակորդի մասին ասել գովեստի խոսքեր։ Այդ ուսմունքները, գովաբանելով քրիստոնեությունը, և դրա հետ մեկտեղ չտալով նրան կյանքի ոչ մի ոլորտ, կործանում են այն ու մեր ներքին վիճակը։ Չէ՞ որ եթե քրիստոնեությունը դուրս է մղվում բոլոր տեղերից այն հիմնավորմամբ, որ ամենուրեք տիրում են իրենց սեփական, հոգևորին օտար այս աշխարհի կարգերը, իրենց ինքնավարությունը, ապա նույնը կարելի է ասել մեր հոգևոր կյանքի մասին, որը նույնպես ենթարկվում է իր օրենքներին` ինքնավար և թույլ չտվող, որ իր մեջ գործի Աստծո շնորհը։ Եթե աշխարհն ամենուրեք ինքնավար է, դա նշանակում է, որ նա իր մեջ բացարձակապես կայուն է, նա ինքը հենց Աստված է։
«Չե՛ք կարող ծառայել և՛ Աստծուն, և մամոնային»։ Հավատքն առ Աստված թույլ չի տալիս հավատալ ինքնաբավ աշխարհին և ընդունում է «աշխարհը» ոչ որպես էություն, այլ միայն որպես կացություն։ Եթե մեր մեջ կա ի Քրիստոս հավատի գոնե մի փոքր կայծ, մենք չենք կարող չգիտակցել, որ աշխարհի պատկերը Քրիստոսի զորությամբ վերափոխվում է Քրիստոսի պատկերին։ Այդ Քրիստոսի պատկերը նախ և առաջ քրիստոնեական կրոնի գործուն սկզբունքն է, որից հետո` քրիստոնեական մշակույթը, և վերջապես` բնության սրբացումը։ Կյանքի բոլոր բնագավառները` արվեստը, փիլիսոփայությունը, գիտությունը, քաղաքականությունը, տնտեսագիտությունը և այլն, չեն կարող ընկալվել որպես ինքնաբավ էություններ։ Նրանք միայն պատկերներ են, որոնք իրականում կազմվում են ըստ այս աշխարհի, բայց միայն այն ժամանակ և այնքանով, որքանով մշակույթը, ընդհանրապես, չի կառուցվում ըստ Քրիստոսի պատկերի։
Եթե մշակույթի ոլորտում մենք Քրիստոսի հետ չենք, ապա անխուսափելիորեն Քրիստոսի դեմ ենք, քանզի կյանքում չկա և չի կարող լինել չեզոքություն Աստծո նկատմամբ։ Քրիստոնեությունը չի կարող պասիվ լինել աշխարհի նկատմամբ և վերցնել նրա միջից ինչ-որ բան` հում վիճակում։ Հոգին չի կարող լինել պասիվ. նա կարող է վերցնել ամեն ինչ և օգտվել ամեն ինչից, բայց վերափոխելով այն ըստ Քրիստոսի պատկերի։ Բարոկկոյի ժամանակաշրջանի արևմտյան քրիստոնեությունն էական սխալ թույլ տվեց, երբ փորձեց որպես հումք օգտագործել հակաքրիստոնեական մշակույթի պատառիկները, դրանք չոգիավորելով ներսից, այլ միայն բարեպաշտության փայլ կամ թեթևակի եկեղեցական գուներանգ տալով նրանց։
Ճիզվիտների գիտական և մշակութային գործունեությունն իր մտահղացմամբ կարող է արժանի լինել խորին հարգանքի, որովհետև նա հավակնում էր քրիստոնեությանը տալ քրիստոնեական մշակույթ։ Բայց նա խորապես սխալ է, քանզի նրա շինություններն իսկական չեն, այլ ցուցահանդեսային տաղավարներ ու ժայռեր են միայն։ Այդպիսի սարքովի, կեղծ մշակույթը կարելի է օգտագործել միմիայն շշմեցնելու համար ոչ լրջախոհ սկսնակներին, բայց ոչ բնավ սեփական օգտագործման համար։
Ժամանակակից մարդկությանն անհրաժեշտ է իսկական քրիստոնեական մշակույթ, այլ ոչ թե բուտաֆորիա` լուրջ, իսկապես ըստ Քրիստոսի և իսկապես մշակույթ։
Համենայն դեպս, յուրաքանչյուրը պարտավոր է անկեղծորեն որոշել` ուզո՞ւմ է նա, արդյոք, կամ համարո՞ւմ է դա հնարավոր։ Եթե ոչ, ապա անիմաստ է խոսել քրիստոնեության մասին ու մոլորեցնել ինքն իրեն և ուրիշներին մշուշոտ, անիրականանալի հույսերով։ ՈՒրեմն, իրավացի էր բոլշևիզմը, երբ պահանջում էր «տեղավորվել» այս կյանքում ինչ-որ կերպ։ ՈՒրեմն, միամիտ են անզոր բողոքները քրիստոնեական բարոյական իդեալների բոլշևիկյան հերքման դեմ, որովհետև առանց քրիստոնեական հավատքի դրանք միայն աննպատակ երազանքներ են ու, որպես այդպիսին, խանգարում են կյանքին։ «Եթե Քրիստոսը հարություն չի առել, ապա մեր հավատն ունայն է։ ՈՒտենք ու խմենք, քանզի պիտի մեռնենք»։
Մշակույթը ձևավորվում է իր ամենագլխավոր ուղղություններում և մանրամասնություններում մեր գիտակցության հաստատումով, այսինքն` այն ուղեցույց աստղով, որով մենք ճանաչում ենք մեր տեղը կյանքում։
Քրիստոնեական աշխարհը կամենում է իր բանականությունը հաստատել Աստծո Որդի Քրիստոսով, Ով եկել է մարմնով։ Կամենում է անկեղծորեն կամ հայտարարում է ձևականորեն, բայց մեծ մասամբ չի ցանկանում և մինչև իսկ չի հասկանում, որ անհրաժեշտ է սովորել ցանկանալ։ Ձևականորեն հռչակելով գիտակցության դիրքորոշումը Քրիստոսով` բոլոր դավանանքների հավատացյալները այսուհետև թույլատրելի են համարում տրվել իրենց կրքերին և ջանք թափել ոչ թե Աստծո Արքայությունը, այլ Բաբելոնի աշտարակը կառուցելու համար։ Քրիստոնյաները բաժանված են իրարից և թշնամական հարաբերությունների մեջ են իրար հետ, քանզի միմյանց կասկածում են անազնվության մեջ։ Քրիստոնեական աշխարհը լի է փոխադարձ կասկածամտությամբ, անբարյացակամ զգացմունքներով ու թշնամանքով։ Այն հիմնովին փտած է, որովհետև չունի եռանդուն հավատ ի Քրիստոս, և դրա հետ մեկտեղ չունի արիության ու անկեղծության, որ ընդունի իր հավատի փտածությունը։ Հաճույքով քննարկում են մանրամասնությունները, նրբություններն ու դավանական բանաձևերի մանրակրկիտ ճշտությունները։ Քննարկում են անվերջ և ոչ մի կերպ չեն կարողանում հասնել համաձայնության։ Այդ քննարկումներն ապարդյուն են, որովհետև հավատի խնդիրներին մոտենում են ոչ թե ներսից` հավատացյալի պես, այլ դրսից` հնագետների պես ու, կորցնելով հոգևորի իրականության զգացումը, կույրերի նման, չեն էլ կարող ընդգրկել ամբողջությունը։ Մեր ժամանակվա աստվածաբանները նրանք չեն, որոնց մասին կարելի է ասել, թե խոսում են «իշխանություն ունեցողների» պես։ Իսկ եթե նրանք գիտակցում են, որ չունեն իշխանություն, ապա ինչպես են հանդգնում ստանձնել այնպիսի խնդիրների լուծումը, ինչը հնարավոր կլիներ միայն իշխանություն ունենալու դեպքում։
Ոչ մի եկեղեցական գրասենյակ, ոչ մի բյուրոկրատիա և ոչ մի դիվանագիտություն չեն ներշնչի հավատի և սիրո միասնություն այնտեղ, որտեղ այն բացակայում է։ Բոլոր արտաքին սոսնձումները ոչ միայն չեն միավորի քրիստոնեական աշխարհը, այլ, հակառակը, կարող են դառնալ միայն մեկուսացում դավանանքների միջև։ Մենք պետք է խոստովանենք, որ ոչ թե ուսմունքի, ծեսի ու եկեղեցական կարգավորման այս կամ այն տարբերություններն են քրիստոնեական աշխարհի քայքայման իսկական պատճառը, այլ խոր փոխադարձ անվստահությունը, հիմնականում հավատքի մեջ ի Քրիստոս, ով մարմնացավ մեր փրկության համար։ Մենք պետք է խոստովանենք, որ այդ կասկածանքները ոչ բոլորովին են անհիմն, քանզի հավատքը, իր խորագույն հոգևոր հիմքերում, իրոք թուլացել է, ինչն էլ իր հետքն է թողնում թերահավատության պտուղների` հակաքրիստոնեական մշակույթի մեջ։ Դա վերաբերում է ոչ թե այս կամ այլ առանձին դավանանքին, այլ ամբողջ քրիստոնեական աշխարհին, որը միավորված է, բայց մի հատկությամբ` հավատքի անկման։
Նախքան քրիստոնեության գալիք ճգնաժամը բոլորը, որոնք իրենց կոչում են քրիստոնյա, պետք է իրենց առաջ վերջնագրային (ուլտիմատիվ) հարց դնեն և խոստովանեն մեղքերը` «միաբերան և միասիրտ», գոչելով. «Օգնի՛ր իմ անհավատությանը»։
Այդ պահից սկսած քրիստոնեական աշխարհի միավորման հարցը դուրս կգա գրասենյակից մաքուր օդ, և ինչը դժվար ու անհնարին է մարդկանց համար, կդառնա հնարավոր Աստծո համար։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ