Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԻՇԱՊ»

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԻՇԱՊ»
15.02.2011 | 00:00

Վրաստանում տիրող քաղաքական և տնտեսական իրավիճակը լուրջ խնդիր է եվրոպական ընկերակցության համար, որը ձգտում է ստանձնել Հարավային Կովկասի ճակատագրի պատասխանատվությունը։ Եվրոպացիները ստիպված են ավելի ուշադիր հետևել Վրաստանի կառավարության, այդ թվում` ուժային գերատեսչությունների և տնտեսական բլոկի գործունեությանը։ Եվրոպական ընկերակցությունը ձգտում է Հարավային Կովկասի հանդեպ վարել տարածաշրջանների վերահսկողության ապահովման, իր ազդեցության ուժեղացման քաղաքականություն` միաժամանակ պահանջներ ներկայացնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ երկխոսության ասպարեզում մրցունակ դիրք գրավելու համար։
Վրաստանում արմատավորվել են մի շարք քրոնիկ խնդիրներ, որոնք հազիվ թե հնարավոր լինի լուծել պետական կառավարման, տնտեսության և անվտանգության հետ կապված իրավիճակի ներկա պայմաններում։ Հիմնական խնդիրներն են` սոցիալ-տնտեսական դժվարություններ, անկազմակերպ զինված ուժեր ու անվտանգության հետ կապված իրավիճակ, ազգամիջյան հարաբերություններ, ներքաղաքական կայունություն, տարածքային ամբողջականություն։ Ընդ որում, եվրոպացիները տարածքային ամբողջականությունն ընդգծված կերպով համարում են առաջնային խնդիր, որն արագ լուծում է պահանջում։ Եվրոպական ընկերակցությունը պատրաստ չէ և այժմ չի կարող կենտրոնանալ Վրաստանի տարածքային ամբողջականության խնդիրների լուծման վրա։ Դա արևմտյան ողջ ընկերակցությունը տևական հակամարտության և զինված միջամտության մեջ ներքաշելու վտանգով է հղի։ Ո՛չ հիմա, ո՛չ մոտ ապագայում եվրոպացիները չեն ներքաշվի վրացական խնդիրները ռազմական միջամտությամբ հանգուցալուծելու արկածախնդրության մեջ։ Արևմուտքի համար շատ ավելի մեծ նշանակություն ուներ Աջարիայի իրադրության կարգավորումը` կապված նավթի արտահանման խոշոր ծավալների և «Արևելք-Արևմուտք» նախագծի հետ։ «Արևմուտքը հարկադրված է համաձայնել, որ Ռուսաստանը բացառիկ դերակատարում ունի այդ խնդիրներում և ընդունել նրա պատասխանատվությունը վրացական այդ նախկին ինքնավարությունների ճակատագրի հարցում»։ Եվրոպայում քաջ հասկանում են Վրաստանի վիճակն ու նրա խնդիրները, ուստի ընդունում են վրաց ղեկավարությանը «սխալվելու և ուղղվելու իրավունք» ընձեռելու նպատակահարմարությունը։ Բայց, իհարկե, հարաբերությունները երկար շարունակվել չեն կարող, Վրաստանն իր քաղաքականությունը պետք է համապատասխանեցնի եվրոպական սկզբունքներին։ Եվրոպական կառույցները քաջատեղյակ են Վրաստանի իրադարձություններին, լավ են պատկերացնում այդ երկրի գլխին կախված սպառնալիքները։ Եվրոպան կարևորագույն դեր է խաղում Վրաստանի անվտանգութան ապահովման, Ռուսաստանի քաղաքականության զսպման գործում, բայց և լիիրավ է Վրաստանից պահանջելու ավելի չափավոր քաղաքականություն։ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնամակալության խնդրում Ռուսաստանի իրավունքների մասին հարցին եվրոպական քաղաքական գործիչները պատասխանում էին. «Հնարավոր է, որ դա դառնա խնդրի լուծման առավել կտրուկ ուղի, որը կբավարարեր աբխազներին ու օսերին, բայց կհանգեցներ Վրաստանի վարկաբեկմանը, նրա պետականության հետագա փլուզմանը։ Լավագույնը կլիներ այն լուծումը, որն ավելի արագ կհանգեցներ անվտանգության, բայց ոչ երբեք կողմերից որևէ մեկին հարկադրելու պայմանով»։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ այդ գործիչները չեն հիշատակում տարածքային ամբողջականության պահպանման ու միջազգային իրավունքի սկզբունքները` նախապատվությունը տալով անվտանգության պահանջներին։ Ընդ որում, հակասություն է նկատվում այն բանում, որ Ռուսաստանի քաղաքականությունը բնութագրելով որպես «անզուսպ», նրանք հնարավոր են համարում Ռուսաստանի խնամակալությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, իհարկե, չորոշակիացնելով խնամակալություն («տՐՏՑպՍՑՏՐՈՑ») հասկացությունը։ Հետաքրքրություն է ներկայացնում նաև Արևմտյան ընկերակցության համար Աջարիայի (Բաթումի շրջանի) առանձնակի նշանակությունը, որպես նավթի արտահանման հետ կապված աշխարհաքաղաքական հանգույցի։
Եվրոպացի գործիչները հատուկ զեկույցներում հաղորդել են, որ Եվրախորհրդին, Եվրախորհրդարանին և Եվրահանձնաժողովին քաջ հայտնի են վրացական Սամցխե-Ջավախեթի հայաբնակ նահանգի խնդիրները։ Եվրոպական կառույցներն այդ նահանգում տիրող վիճակը մանրամասն նկարագրող նյութեր ունեն։ Շուտով Վրաստանը պետք է եվրոպական կառույցներում հաշվետու լինի այդ և այլ խնդիրների առնչությամբ։ Նշվում է, որ Եվրոպայում հայկական լոբբիի ջանքերի 90 տոկոսը նվիրված է վրացահայերի խնդիրներին։ Վրաստանը պարտավորված է լուծել մեսխեթցի թուրքերի բնակեցման հարցը, բայց եվրոպացիները պատրաստ են ընդունելու նաև վրաց ղեկավարության մի շարք վերապահումները։
Եվրոպացիների կարծիքով` Ադրբեջանում հասունանում է քաղաքական և սոցիալական անկայունություն։ Իշխանությունը, որը չի կարելի համարել լեգիտիմ, գնալով թուլանում է։ Կազմակերպված ընդդիմության բացակայությունն է միայն, որ իշխանություններին թույլ է տալիս իրավիճակի տերը լինել։ Միաժամանակ, իրավիճակն Ադրբեջանում այն աստիճան փխրուն է, որ ստեղծված պայմանների արմատական փոփոխման ամեն փորձ կարող է հանգեցնել քաոսի ու անկառավարելիության։ ՈՒշադրության առնելով նավթային խոշոր ձեռնարկությունների նշանակությունը, որոնց անդամակցում են Արևմուտքի ընկերությունները, այդ հեռանկարը չի կարող համարվել խելամիտ։ Արևմուտքին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը, այլ Ռուսաստանի հետ նրա շարունակական մերձեցումը։ Եվրոպական գործիչները համարում են, որ ռուսական քաղաքականության ապակառուցողականությունը քաղաքական և տնտեսական հարաբերություններում «նոր չհավասարակշռված լուծումների արմատավորման փորձն է»։ Ռուսաստանը ժամանակին հրաժարվեց նավթային նախագծերին մասնակցելուց` դրսևորելով անզուսպ հավակնություններ, իսկ հիմա ձգտում է ինքնուրույն խաղալ` իր շահերին առնչվող պահանջներ ներկայացնելով։ Խնդիրը ոչ միայն Ադրբեջանին կախման մեջ գցելու, այլև ամբողջ նախկին խորհրդային տարածքի նկատմամբ գերիշխանություն պահպանելու Կրեմլի ձգտումն է։ Փորձ է արվում Ադրբեջանի օգնությամբ նվազագույնի հասցնել Վրաստանի աշխարհաքաղաքական դերը և Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Հայաստանի ձգտումը։ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է պատճենել Հայաստանի արտաքին քաղաքականության մոդելը, վարել ավելի բազմակողմանի քաղաքականություն։ Միաժամանակ հաշվի չեն առնվում Հայաստանի քարոզչական հնարավորությունները, Արևմուտքում նրա նկատմամբ առկա համակրանքը, ինչպես նաև Ռուսաստանի հետ նրա սերտ հարաբերությունները։ Ադրբեջանն օժտված չէ նշանակալի լոբբիստական հնարավորություններով (իրերն իրենց անուններով կոչենք` Հայաստանը քրիստոնեական երկիր է)։ Եվրամիությունը սովոր է, որ Հայաստանն ավանդական սերտ հարաբերություններ ունի (այդ թվում` ռազմական) Ռուսաստանի հետ և ձգտում է օգտագործել Արևմուտքի հնարավորություններն անվտանգության ու տնտեսական զարգացման հարցերում։ Իսկ Ադրբեջանի դրությունը միանգամայն այլ է։ Բաքուն ձգտում է ոչ միայն մերձենալ Ռուսաստանին, այլև օբյեկտիվորեն հեռու մնալ Եվրամիությունից։ Սա այլ իրավիճակ է, որն ավելի վտանգավոր է Արևմուտքի համար, ուստի սպասվում է, որ տվյալ պարագայում Եվրոպայի վերաբերմունքն ավելի կոշտ կլինի։ Դրա հետ մեկտեղ, Հարավային Կովկասի երկրների ու Ռուսաստանի փորձագետները չափազանցում են Ադրբեջանում ամերիկյան ռազմական ներկայության մեծացման դերն ու նշանակությունը։ Առայժմ ամերիկացիներին նախ և առաջ հետաքրքրում է ռազմական նպատակներով անխափան ու հուսալի տարանցման հնարավորությունը։ Սա քիչ է կապված էներգետիկ հաղորդուղիների անվտանգության ապահովման խնդիրների հետ։ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև պայմանավորվածություն կա այդ խնդրի լուծման կարգի ու ձևի վերաբերյալ, ինչով խիստ շահագրգռված է Մեծ Բրիտանիան, որը ձգտում է տարածաշրջանի ընդհանուր անվտանգության խնդիրների լուծումը տարազատել նավթամուղների պաշտպանության խնդիրներից։ Այդ միջոցառումներն անմիջական վնաս չեն հասցնի Հայաստանի անվտանգությանը, բայց պետք է հասկանալ, որ ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի սերտ գործակցությունը, այսպես թե այնպես, որոշակի դեր կխաղա Ադրբեջանի պաշտպանության մակարդակի բարձրացման գործում։ Նշվում է, որ անհնար է ակնկալել Հարավային Կովկասում պետություններին առնչվող բոլոր սկզբունքային հարցերում Եվրամիության և ԱՄՆ-ի լիակատար համակարծություն։ Եվրամիությունը չի կարող այսուհետ ևս ԱՄՆ-ի հետ համաձայնել ժողովրդավարության և անվտանգության սկզբունքային խնդիրների առնչությամբ, ուստի Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի ու Եվրամիության վերաբերմունքը նույնական չի լինի։
Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում որպես քաղաքական ու տնտեսական բարդ իրավիճակում գտնվող երկիր, որը կարողացել է զգալի հաջողությունների հասնել պետական ու ռազմական շինարարության ոլորտներում և տնտեսական զարգացման գործում։ Հայաստանն սկսել են անվանել «կովկասյան վիշապ», բայց պետք է հասկանալ, որ հայերին հատուկ է չափազանցել իրենց հաջողությունները։ Իրականում տնտեսական և սոցիալական վիճակը մնում է բավականին բարդ։ Հայաստանի զինված ուժերը ժամանակավրեպ են, արդի պաշտպանության պահանջներին չեն համապատասխանում։ Հայաստանը խիստ բարձրացրել է պաշտպանական զարգացման նշաձողը, ինչը չի համապատասխանում նրա տնտեսական զարգացմանն ու մարդկային ռեսուրսներին։ Իր առջև ծառացած խնդիրները լուծելու համար Հայաստանը պետք է կրկնապատկի ռազմական ծախսերը, ինչը, անգամ սփյուռքի օգնության պարագայում, անհնար է։ Հայաստանի քաղաքականությունը պետք է միտված լինի սպառազինությունների մրցավազքի բացառմանը և տարածաշրջանում հարաբերությունների կառուցման այլ սկզբունքի հաստատմանը։ Դրա հետ մեկտեղ, Եվրոպայում և ԱՄՆ-ում Հայաստանը դիտվում է որպես միակ լուրջ ռազմական գործընկերը Հարավային Կովկասում, նրանից կարող է կախված լինել կայունությունն ու անվտանգությունը։ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերային հարաբերությունները կհանգեցնեն ոչ միայն բազմաթիվ ներտարածաշրջանային, այլև ռազմավարական որոշ խնդիրների լուծմանը։ ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը համոզիչ կերպով ցույց է տվել, որ Հայաստանն անհամեմատ հաջող է լուծում դաշինքի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում առաջադրվող խնդիրները և ավելի լուրջ հիմքեր ունի ընդգրկվելու ՆԱՏՕ-ի կազմում, քան Արևելյան Եվրոպայի ցանկացած երկիր։ Հարավային Կովկասում Հայաստանի հարևանները բավականաչափ կազմակերպված ու դինամիկ չեն պաշտպանական ոլորտում։ Անհրաժեշտ քանակությամբ սպառազինության առկայության դեպքում Հայաստանը կարող է շատ հանգիստ նվազագույնի հասցնել Ադրբեջանի ռազմական հաջողության հնարավորությունը։ Հայաստանն անհամեմատ ավելի կայուն է, քան Վրաստանը, և շատ ավելի ժողովրդավարական, քան Ադրբեջանը։ Այս հանգամանքը Հայաստանի ղեկավարությանը հնարավորություն է տալիս իր երկիրը ներկայացնելու ավելի շահեկան լույսի ներքո։ Բայց ժողովրդավարության ոլորտում Հայաստանի ներկա վիճակը չի կարող բավարար համարվել։ Հայաստանի քաղաքական վարչակարգը համարվում է ավտորիտար` օլիգարխիայի ու կլանների ուժեղ դիրքերով։ Միայն ստվարաթիվ մտավորականության և քաղաքական բազմաշերտ խավերի առկայությունն է նպաստում երկիրը պահելու ժողովրդավարության որոշակի մակարդակի վրա։ Բայց, անկասկած, Հայաստանը լավ հեռանկարներ ունի քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում։
Ղարաբաղյան խնդիրը բավականին հասկանալի է եվրոպացիների համար։ Ընկալելի է դարձել, որ այդ խնդիրն անհնար է լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման ճանապարհով, բայց անհասկանալի է մնում, թե ինչ կերպ պետք է համոզել Ադրբեջանին` ընդունելու նոր իրողությունը։ Եվրոպական ընկերակցությունն ու ԱՄՆ-ը, փաստորեն, հանգեցին Ալբանական Կոսովոյի և Հյուսիսային Կիպրոսի ինքնիշխանության ճանաչման հարցի լուծմանը, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հայկական պետական կազմավորումն ավելի է համապատասխանում լուծման այդ մոդելին։ Սակայն հազիվ թե Եվրոպական ընկերակցությունը պատրաստ լինի ընդունելու նման որոշում և սպասում է ԱՄՆ-ի նախաձեռնությանը։ Այդ որոշումը «սեղանին չէ», բայց նման բան ենթադրվում է։
ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների ինտեգրման խնդիրների առնչությամբ եվրոպացի չինովնիկները հետևյալ միտքն են արտահայտել. այնպիսի մի ծրագիր, ինչպիսին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրն է, ինքնըստինքյան կարող էր դառնալ շատ արդյունավետ, բայց տարածաշրջանի քաղաքական իրավիճակը հնարավորություն չի տալիս լիովին օգտվելու այդ ծրագրի առավելություններից։ Կան ոչ պաշտոնական, բայց միանգամայն հեղինակավոր գնահատականներ, որ Հարավային Կովկասում այդ ծրագրի իրացումը մեծ մասամբ ձևական բնույթ է կրում։ Այդ ծրագրին ավելի լուրջ վերաբերվում է Հայաստանը, սակայն «մի ծաղկով գարուն չի գա»։ Այդուամենայնիվ, ՆԱՏՕ-ի շրջանակներում այն միտքն է հասունանում, որ անհրաժեշտ է կիրառել նույն նպատակին միտված սկզբունքորեն նոր ծրագիր։ Ենթադրվում է ավելի խոր գործակցություն և կոնկրետ խնդիրների համատեղ լուծում։
ՆԱՏՕ-ի բյուրոկրատական աշխատակազմում Հարավային Կովկասի պետությունների անդամակցության առնչությամբ ձևավորվել է երեք կարծիք։ Առավել պահպանողական պաշտոնյաները պահանջում են, որ երեք պետությունները համապատասխանեն սահմանված կարգով անդամակցության համար անհրաժեշտ նորմերին, ինչը, փաստորեն, անհնար է, քանի որ այդ դեպքում Վրաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի մեջ կմտնեն ամենաշուտը 25 տարի հետո։ Ընդ որում, հարկ կլինի առաջինն ընդունել Հայաստանը։ Կան շրջանակներ, որոնք ենթադրում են ընդունելության ավելի ազատական կարգ, նկատի առնելով բոլոր երեք երկրների համատեղ անդամակցությունը, առանց տնտեսական, ժողովրդավարության զարգացման և հակամարտությունների կարգավորման հետ կապված խնդիրների լուծման` բացառելով տարածաշրջանի ներսում հակամարտությունները ռազմական եղանակներով կարգավորելու հավանականությունը։ ՆԱՏՕ-ի ավելի երիտասարդ պաշտոնյաների կարծիքով` ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի և այլ պետությունների անդամակցությունը պետք է համապատասխանի առաջին հերթին կենսական պաշտպանական խնդիրներին։ Այսինքն, երկրները չեն կարող դեպի ՆԱՏՕ ձգտել, քանի որ տարածքային խնդիրներ ունեն լուծելու։ ՆԱՏՕ-ի մեջ ընդունվում են այնպիսի պետություններ, որոնք կարող են իրենց ավանդը ներդնել անվտանգության ապահովման գործում, ոչ թե նոր խնդիրներ հարուցել։
Ընդհանուր առմամբ կարելի է հետևություն անել, որ Եվրոպական ընկերակցությունը Հարավային Կովկասի վերաբերյալ լավ մշակված քաղաքականություն չունի և ձգտում է մշակել այն` այդ երկրներին «մերձակա հարևաններ» կարգավիճակ շնորհելով։ Միաժամանակ տպավորություն է ստեղծվում, որ այդ քաղաքականության մշակումն ընթանում է շատ զգուշորեն, չցանկանալով ստանձնել որևէ պատասխանատվություն` հատկապես հակամարտությունների կարգավորման խնդիրների առնչությամբ։ Անգամ վրաց-ռուսական ռազմական ընդհարմանը Եվրամիության ակտիվ միջամտությունից հետո ո՛չ Եվրոպայի առաջատար պետությունները, ո՛չ Եվրամիության կառույցները չունեն ո՛չ դեղատոմսեր, ո՛չ էլ ցանկություն` ավելի համոզիչ հաստատելու եվրոպական քաղաքականության ներկայությունը Հարավային Կովկասում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ