«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մեզ մանրադրամի տեղ օգտագործելու ժամանակները վաղուց անցել են

Մեզ մանրադրամի տեղ օգտագործելու ժամանակները վաղուց անցել են
12.09.2008 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ, ՈՉ ԹԵ ՍԵՐԲԻԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Վերջին շրջանում ռուսական մամուլում գնալով հաճախակի են դարձել Հայաստանի նկատմամբ մեծամիտ-քամահրական հրապարակումները, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում հայ-ռուսական փոխհարաբերությունների տրամաբանության մեջ։ Մի կողմից Մոսկվան Հայաստանը համարում է իր միակ իրական դաշնակիցը Հարավային Կովկասում, իսկ մյուս կողմից` վերջին շրջանում տարբեր հայտարարություններով ու մամուլի հրապարակումներով «հասկացնում», թե Երևանի վրա իբրև մշտական ազդեցության լծակ կարող է կիրառել նույնիսկ Թուրքիայի գործոնը։ Այսպես, սեպտեմբերի 8-ին ռուսական utro.ru ինտերնետային կայքը հրապարակել է «Հայաստանին սպասում է Սերբիայի ճակատագիրը» վերնագրով «խորքային վերլուծություն», մասնավորապես, Աբդուլլահ Գյուլի Հայաստան կատարած այցի համատեքստում։
«Թուրքիայի նախագահի այցը Երևան և երկժամյա բանակցությունները Հայաստանի առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ ստիպեցին խոսել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, որոնք ընդհատվել են 15 տարի առաջ։ Առաջին քայլն արեց Հայաստանի նախագահը, որը երեք ամիս առաջ իր թուրք գործընկերոջը հրավիրեց Երևան՝ երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու։ Նախկինում համանման քայլեր արել են նաև Հայաստանի նախորդ երկու նախագահները (հասկանալի չէ՝ ե՞րբ -խմբ.)։ Սակայն Թուրքիան չէր գնում մերձեցման՝ դեռևս 1993-ին հստակեցնելով իր դիրքորոշումը, թե Հայաստանը պետք է համաձայնի վերադարձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի իրավասության ներքո և օրակարգից հանել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման պահանջը։ Երևանը պատրաստ չէր կատարելու այդ պահանջները, պատրաստ չէ նաև այսօր։ Սակայն Թուրքիայի նախագահը հնարավոր համարեց ընդունել հրավերը։ Վերջին բոլոր տարիներին Հայաստանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտության մեջ գտնվելով, փաստորեն շրջափակված վիճակում էր, և նրա իշխանություններն այս կամ այն չափով կողմնորոշված էին դեպի Ռուսաստան, թեպետ հասարակության մի մասն էլ «նարնջագույն» տրամադրություններ ուներ։
Վերջին շրջանում խաղի մեջ մտավ նաև Վրաստանը՝ դառնալով Հայաստանին զիջումների հարկադրելու քաղաքականության ջատագովներից մեկը Ղարաբաղի հարցում, դրա փոխարեն առաջարկելով Թբիլիսիի և Բաքվի հետ համատեղ անցնել Եվրամիության կազմ։ Վերջին ընտրությունները Երևանում ուղեկցվեցին իրադրությունը Կիևի Մայդանի ոճով ուղղորդելու փորձերով, սակայն ոչ ոք, բացի բացահայտ մարգինալներից, պատրաստ չէր Ղարաբաղի հարցում զիջումների։ ՈՒժերի այսպիսի դասավորությունը կարծես բացառում էր Թուրքիայի հետ երկխոսությունը, բայց, այնուհանդերձ, դա տեղի ունեցավ։ Եվ որքան էլ երկկողմ հարաբերությունների կարգավորումն ինքնին կարևոր է, այն միանգամայն տեղավորվում է աշխարհաքաղաքական խաղի մեջ, որը վարում է Թուրքիայի ղեկավարությունը։ Թուրքիայի մտահոգությունները հասկանալու համար բավական է նայել քարտեզին, քանզի Անկարան ամերիկյան զորքերի Իրաք մտնելուց հետո արդեն բարդություններ ունի իր արևելյան սահմանի երկայնքով։ Այսօր լարվում է վիճակը Կովկասում և Սևծովյան ավազանում, փորձագետները նշում են, որ հաջորդ ռազմական հակամարտությունը կարող է վերսկսվել Լեռնային Ղարաբաղում, եթե միայն ավելի շուտ չսկսվի պատերազմը Իրանի հետ։ Լինելով Ադրբեջանի դաշնակիցն ու ՆԱՏՕ-ի անդամ՝ Անկարան այդ իրավիճակում դժվար թե կարողանա չեզոքություն պահպանել, այդ պատճառով էլ պատերազմի վերսկսումը նրան ձեռնտու չէ։ Թուրքիան արդեն վարժվել է Սև ծովում հանգիստ իրավիճակին, Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությանը և բազմահազար ռուսաստանցի զբոսաշրջիկներին՝ իր կուրորտներում։ Անկարային միանգամայն ձեռնտու էր ստատուս քվոյի պահպանումը, ինչը բացարձակապես չէր խանգարում պանթուրքիզմի գաղափարների տարածմանը։ Մինչդեռ այսօր, ռուս-վրացական ճակատային բախումից հետո, այդ ստատուս քվոն այլևս գոյություն չունի, և Թուրքիայի ղեկավարությունը ստիպված է իր շահերի պաշտպանության այլ ձևեր որոնել»,- նշում է ռուսական ինտերնետ կայքը։
Մի կողմ թողնենք վերոհիշյալ հիմնավորումների իրավացիությունը, քանզի ակնհայտորեն փորձ է արվում իրարամերժ փաստերը միմյանց հետ համադրելով՝ ներկայացնել Հայաստանի համար չափազանց վտանգավոր մի իրավիճակ։ Թուրքիայի՝ վերջերս առաջ քաշած «Կովկասյան անվտանգության պլատֆորմի» նախաձեռնությունն էլ ռուսական պարբերականը փորձում է ներկայացնել այնպես, որ այդ քայլը բավական լուրջ համագործակցության հեռանկարներ է բացում Մոսկվայի և Անկարայի միջև՝ ընդդեմ Վաշինգտոնի։ Անշուշտ, որոշ վերապահումներ արտահայտված են, որոնք սկզբունքորեն ցույց են տալիս ռուսական ակնկալիքները Թուրքիայից։
«Ի դեպ, առայժմ այնքան էլ ակնհայտ չէ, որ թուրքական «Կովկասյան անվտանգության պլատֆորմի» նախագիծը իրականում Վաշինգտոնի միջնաժամկետ ռազմավարական ծրագրի մասը չէ։ Բաքուն, Թբիլիսին և Անկարան ԱՄՆ-ի դաշնակիցներն են։ Այս կասկածների ստուգման հիմնական միջոցը կդառնա Թուրքիայի դիրքորոշումը՝ Սև ծովում ամերիկյան ռազմական նավատորմի գտնվելու հետ կապված։ Նեղուցների «բանալիները» Անկարայի ձեռքին են, իսկ Մոնտրեի կոնվենցիայով նախատեսված ժամկետները, որոնց համաձայն այլ պետությունների ռազմանավերը կարող են գտնվել Սև ծովում, փաստացի սպառվել են։ Մյուս կողմից էլ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա է լարվածություն Վաշինգտոնի իրաքյան օպերացիայի սկսվելուց ի վեր, և չի բացառվում, որ դա հանգեցնի դաշնակիցների միջև ուղղակի մրցակցության Կովկասում։ Առաջին կանխատեսումները, որ կովկասյան տարածաշրջանը կվերածվի Արևմուտքի և իսլամական աշխարհի միջև պայքարի դաշտի, հայտնվեցին դեռևս 2002 թվականին, և այսօր այդ կանխատեսման իրականացման համար միանգամայն հարմար ժամանակաշրջան է։ Ռուսաստանի հետ Թուրքիան հակամարտության չի գնա, մանավանդ որ Մոսկվան կարող է օգնել Անկարային հայ-թուրքական սահմանի բացման և տարածաշրջանում ավելի ամրապնդվելու հարցում։ Այդ իմաստով Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի հանդիպակաց շահերի պատանդը։ Եվ մինչ Անկարան առաջին քայլերն է կատարում Երևանին ընդառաջ, ԱՄՆ-ն իր հերթին փորձում է Հայաստանն իր ազդեցության գոտում ընդգրկել՝ Եվրամիության հետ համագործակցության համատեքստում։ Հարցի գինը պարզ է, և դա հնչեցվել է գարնանը, Վրաստանում, որ եթե ամբողջ Անդրկովկասը միասնաբար ինտեգրացվի Եվրամիությանը, արդեն կարևոր չի լինի, թե որ տարածքն ում է պատկանում։ Այսինքն, Հայաստանին առաջարկվում է կրկնել Սերբիայի ճակատագիրը, որը, փաստորեն, հրաժարվեց անկախությունից և իր հողերից՝ հանուն Եվրամիության հետ կասկածելի դաշինքի։ Հայաստանի պարագայում դա կարող է տեղի ունենալ ինչպես Անկարայի միջնորդությամբ, այնպես էլ առանց նրա։ Այս սցենարը ջարդելու ուժ ունի միայն Ռուսաստանը, որը հազիվ թե մտադիր է զիջել իր դիրքերը Կովկասում։ Ավելին, բրիտանական մամուլի որոշ խուճապային հրապարակումներից ելնելով` Մոսկվան անգամ հնարավոր է համարում Իրանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը, որպեսզի վերջ դնի իր հարավային սահմանների ուղղությամբ արևմտյան էքսպանսիային»,- գրում է utro.ru-ն։
Ինչպես նշեցինք, այս կարգի հրապարակումները ռուսական մամուլում վերջին շրջանում հազվադեպ չեն։ Եվ դրանով միայն ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանին վերապահվում է արդեն ոչ թե «ֆորպոստի», այլ նույնիսկ դրանից էլ ցածր կարգավիճակ։ Այլ եզրակացության դժվար է հանգել, երբ «ռազմավարական դաշնակիցը» քեզ համարում է ոչ միայն այլ երկրների, այլև իր սեփական շահերի պատանդը։ ՈՒ քանի որ խեղդվողների փրկության գործը առաջին հերթին խեղդվողների գործն է, Հայաստանի բնակչությունը և քաղաքական վերնախավը, անկախ Ռուսաստանի նկատմամբ ունեցած ավանդական դրական վերաբերմունքից, այս ամենից շատ լուրջ հետևություններ անելու խնդիր ունեն։ Եվ հասկացնելու «ռազմավարական դաշնակցին», որ մեզ մանրադրամի տեղ օգտագործելու ժամանակները վաղուց անցել են։
Պատրաստեց Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2720

Մեկնաբանություններ