Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆինանսական ճգնաժամը մեկտեղել է «խելագարված» ղեկավարներին

Ֆինանսական ճգնաժամը մեկտեղել է «խելագարված» ղեկավարներին
10.10.2008 | 00:00

ՎԻՃԱԿԸ ՎԻՃԱԿ ՉԷ
Մենք բազմիցս ենք գրել այն մասին, որ տնտեսություն ունենք` աշխարհը չունի: Հոկտեմբերի 27 լինի, ռուսական դեֆոլտ լինի, ռուս-վրացական պատերազմ լինի, թե համաշխարհային ճգնաժամ, մերոնք երջանիկ դեմքով ու նախանձելի համառությամբ կրկնում են, թե մեզ բան չի եղել, բան չի լինի և ընդհանրապես` կյանքը հրաշալի է: Զարմանալին այն է, որ այսպես պնդում են բոլորը, անկախ նրանից` «տեխնար» վարչապետ է, «էկանամի՞ստ», թե «տպավորիչ ու կիրթ ֆինանսիստ»…
Իհարկե, էս բոլոր «շուստրիկները», որտեղ որ պետք է (օրինակ` գների չհիմնավորված բարձրացման և իրենց սիրելիների` հանրությունից գերշահույթներ կորզելու ժամանակ), դրսի աշխարհի ու «մեզ վրա ունեցած դրա անբարենպաստ ազդեցության» տեղը շատ էլ լավ գիտեն և հարկ եղած դեպքում անգամ նախագահի մակարդակում են մեզ առաջարկում «բացել ինտերնետն ու տեսնել` քանի՞ նիշով է ավելացել բուսայուղի գինը», բայց դա, ինչպես ասում են, «մասնակի գործածման թոզ փչելու տեխնիկա է»: Մնացած դեպքերում «մենք խաղաղ ենք մեր լեռների պես», և եթե անգամ դա այդպես է, դրա համար ոչ ոք, այդ թվում` տնտեսական աճի «հայր էքսը», վատ չեն զգում. նայում են աչքերիդ մեջ ու շատ հանգիստ ասում, որ էսքան տարի զբաղվել են շարիկ գլորելով, ոչինչ չեն արել, ոչ մի կառույց, ֆինանսական ոչ մի հիմնավոր բան չեն ստեղծել, չեն ինտեգրել միջազգային հանրության ստեղծածին, և ահա այդ պատճառով էլ կարող ենք հանգիստ լինել` «գլխներիս ձուն չի գա ամառվա կեսին»…
Բայց մեր ներկայիս «տպավորիչ, բարձր level»-ի վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրինակ, մոռացել է, որ, ի տարբերություն իրեն, մենք ԿԲ ղեկավար եղած տարիների իր ցիտատները շատ լավ ենք հիշում, իսկ դրանցից մեկն էլ այն է, որ «քանի դեռ ՌԴ-ում տնտեսական աճ կա, մեր տնտեսության մեջ էլ շարժ կլինի»: Ինչ է սա նշանակում մեկ այլ ներկայացմամբ` ակնհայտ է. եթե ռուսական տնտեսությունը պրոբլեմներ ունեցավ, մենք էլ կունենանք, այնպես չէ՞:
Ներկայիս ֆինանսական ճգնաժամը (իսկ այն, ի դեպ, անցած օրը ամենաայլանդակ դրսևորումը ստացավ, և, օրինակ, միայն ամերիկյան ֆոնդային շուկան այդ օրը 700 մլրդ դոլարի կորուստ ունեցավ), որ ֆրանսիական գեղեցիկ մի քաղաքում է հավաքել ողջ Եվրոպայի` վերոնշյալ պատճառով «խելագարված» ղեկավարներին, գալիս է ապացուցելու, որ պրոբլեմներ ունենալու մեր հերթն էլ եկավ…
Ճիշտն ասած, շուտ էր եկել, դեռ այն ժամանակ, երբ հայտնի ռուսական բանկիրը հայտարարեց, թե հայաստանյան շուկայում արդեն իսկ լիկվիդայնության խնդիրներ են նկատվում, իսկ վարկավորման տոկոսադրույքները կարող են բարձրանալ` դրանով իսկ ջուրը լցնելով Ազատիչի այն խոստումը, թե, օրինակ, նորաստեղծ ընտանիքները շատ արագ կարող են բնակարանի տեր դառնալ: Թվե՞ր եք ուզում` խնդրեմ: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ հայկական շուկայում վարկավորման տոկոսադրույքները բարձրացել են միջինը 3 կետով, ընդ որում, բոլոր բանկերում: «Արդշինբանկում», օրինակ, հիպոթեքային վարկավորման տարեկան 13%-ը դարձել է 16, իսկ 10 տարին, որի ընթացքում հաճախորդը կարող էր փակել ողջ գումարը, կրճատվել-դարձվել է 5 տարի: Բա, իհարկե, եթե հաշվի առնենք այս բանկի` էքսի հետ ունեցած կապը, միանգամից կարող ենք արձանագրել, որ Սեդրակիչի ընտանիքը հո չի՞ կարող իրեն կորուստներ, առավել ևս` անկապ շռայլություններ թույլ տալ…
ՎՏԲ-ում էլ, ի դեպ, նույն վիճակն էր, գուցեև` ավելի ծանր, որովհետև տարեկան 12%-ը դարձել էր 16-17: «Կոնվերսբանկում» առայժմ հրաժարվեցին մեզ տեղեկություն փոխանցել, ասելով, թե հարկավոր է համապատասխան մարդու հետ խոսել, ով այդ պահին տեղում չէր, բայց ակնհայտ էր, որ այստեղ էլ էին վախեցած. հենց միայն հարցս լսելուց հետո սկսեցին կմկմալ ու թե` «դե պարզ չի՞, որ լավ վիճակ չի էս պահին»…
Կարճ ասած, ինչքան հասկացանք մեր զանգերից, իսկ մենք հիմնականում վերը նշված բանկերի հետ էինք կապվել, հիմնականում HSBC-ում չէր լուրջ խուճապային տրամադրություն տիրում, բայց այնտեղ էլ մեզ սիրալիորեն բացատրեցին, որ «առայժմ իրենք հետևում են պրոցեսներին» և հնարավոր է` գնան ավելի ռադիկալ քայլերի, քան մյուսները: Ի՞նչ ասել է ռադիկալ` հարցրինք: «Գիտե՞ք, ես ձեզ ընդամենը ոչ պաշտոնական-սիրալիր բացատրություն տվի, և եթե ուզում եք ավելի մանրամասն վերլուծություն, միգուցե մեզնից ավելի բա՞րձր կապվեք»,- ահա և պատասխանը:
Մենք, իհարկե, հենց այդպես էլ կվարվենք` և ոչ միայն HSBC-ի հետ կապվելու իմաստով: Խնդիրն, ինչպես ասում են, լրջանում է, և վիճակը վիճակ չէ…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 7759

Մեկնաբանություններ