Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՍՏԱՆԱԼ` ԱՌԱՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳՆԵՐԸ»

«ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՍՏԱՆԱԼ` ԱՌԱՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳՆԵՐԸ»
19.04.2011 | 00:00

Մարդկությանը հետաքրքրող թեմաներից մեկն աշխարհի կամ պարզապես մարդկության կործանումն է: Այս առնչությամբ գոյություն ունեն կրոնական, փիլիսոփայական, գիտական տարբեր մոտեցումներ, հնարավոր ու ենթադրյալ վարկածներ:
Խնդրին ուղղակիորեն առնչվում են նաև աստղագետները: Թեմայի շուրջ ներկայացնում ենք հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ պարզաբանումները:

«Աշխարհի կամ պարզապես մարդկության կործանման տարբերակներ է ուսումնասիրում ֆատալիզմ (կյանք, ճակատագիր) կոչվող տեսությունը,- ասում է նա:- Տարբերակներից մեկը տիեզերական աղետներն են, այսինքն` երկրագնդի բախումը տիեզերական մարմինների հետ, այլմոլորակայինների ներխուժումը: Չպետք է անտեսել նաև մարդկանց ինքնակործանման տարբերակը: Դա կոչվում է տեխնոլոգիական ճգնաժամ»: Աստղագետի խոսքով` տեխնիկան այնքան է զարգանում, որ մարդկությանը կանգնեցնում է աշխարհի կործանման վտանգի առաջ: Օրինակ, մեծ վտանգ է ներկայացնում միջուկային զենքը: Հաշվարկված է, որ երկիրը կարելի է մի քանի տասնյակ անգամ վերացնել դրանցով, ինչը աստղագետը զավեշտալի է համարում: «Եթե երկիրը կարելի է վերացնել մեկ անգամ, ի՞նչ միտք ունի այդ զենքի կուտակումը,- ասում է նա:- Տեխնոլոգիական աղետների թվին են դասվում մարդու ստեղծած ռոբոտները, որոնք կարող են մարդկությանը վերացնել, որպես ցածր մակարդակի ռասա, ինչպես մենք ենք կարողանում ղեկավարել կենդանիներին` վերացնել, էկզոտիկ վանդակներում պահել և այլն: Այդ ուղղությամբ աշխատում են, արհեստական ինտելեկտ են ուզում ստանալ առանց հասկանալու հնարավոր վտանգները: Առայժմ հրամաններով են թելադրում ռոբոտի գործողությունները, իսկ եթե ինքն սկսեց մտածել, այլևս չի ենթարկվի, ինչը կարող է հանգեցնել մարդկության կործանմանը,- ասում է Արեգ Միքայելյանը և, կես կատակ, կես լուրջ, ավելացնում,- թեև դա կախված է նրանից` բարի՞, թե՞ չար ձևով կտրամադրվեն նրանք մարդկության նկատմամբ: Բայց ակնհայտ է, որ գերիշխանությունը նրանցը կլինի»:
Հիմա աշխարհի կործանումը կապվում է 2012-ի հետ: Արեգ Միքայելյանը նկատում է, որ եթե կոնկրետ տարեթիվ է նշվում, ուրեմն անլուրջ խոսակցություն է: Ասում են` 2012-ի դեկտեմբերի 21-ին, իբր, ավարտվում է մայաների օրացույցը: Խոսվում է նաև Երկրի հետ դիցաբանական Նիբիրու (կամ Իքս) մոլորակի բախման, մոլորակների շքերթի, Երկիրն ու Արեգակը գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ դասավորվելու, Երկրի մագնիսական բևեռների փոփոխման, Արեգակի աննախադեպ ակտիվությամբ պայմանավորված գեոմագնիսական փոթորիկների և այլ բնական աղետների ու ավերածությունների` երկրաշարժերի, հրաբուխների, ջրհեղեղների, փոթորիկների և, առհասարակ, եղանակի ծայրահեղ դրսևորումների մասին:
Արեգ Միքայելյանը նշում է, որ այս ամենի մի մասը հորինված է, մի մասն էլ` խիստ չափազանցված: «Ավելին, վերջերս սկսել են նաև թվագիտական խաղարկումներ կատարել,- ասում է նա:- Օրինակ, հաշվարկներ են անում` գումարելով 21-րդ դարի մեծ աղետների թվանշանները` ԱՄՆ-ում 11.09.2001-ին տեղի ունեցած ահաբեկչության և Ճապոնիայի 10. 03. 2011-ի երկրաշարժի օրերը, ամիսները և տարիները: Ինչ վերաբերում է մայաների օրացույցին, այդ օրն ավարտվում է օրացույցի հերթական պարբերաշրջանը, սակայն դրան հետևելու է հաջորդը, այսինքն, այդ վերջին կհաջորդի մեկ այլ սկիզբ: Արեգակի 11-ամյա պարբերական ակտիվությունը, ճիշտ է, մոտենում է առավելագույնին, ինչը կդիտվի 2013-2014-ին, սակայն լինելու է թույլատրելիի սահմաններում, և բնական աղետներ էլ կարող են լինել, ինչպես յուրաքանչյուր տարի: Չի սպասվում նաև մոլորակների շքերթ, Երկրի բևեռների փոփոխություն և այլն»:
Ինչ վերաբերում է Երկրագնդի բախմանը տիեզերական մարմինների հետ, որը դարձյալ կապվում է 2012-ի հետ, Արեգ Միքայելյանն ասում է, որ եթե բախում սպասվեր, այդ մասին առաջինն աստղագետները կիմանային: Նրա խոսքով` մոտիկ անցումներ եղել են, միլիոնավոր տարիների կտրվածքով` բախումներ նույնպես եղել են: Օրինակ, կա տեսություն, որ դինոզավրերը վերացել են խոշոր երկնաքարի բախման հետևանքով: «Եթե գլոբալ բախում լինի, կարող է վերանալ ողջ երկիրը,- չի բացառում մեր զրուցակիցը:- Միայն օդի թունավորումը բավական է: Մենք նկատի ենք ունենում ավելի խոշոր պատճառներ, բայց ցանկացած գիսավորի բախումը հանգեցնելու է մթնոլորտի բաղադրության կտրուկ փոփոխության, ինչն էլ բավական է, որ մարդկությունը կործանվի: Այսինքն, նման վտանգ կա, բայց հավանականությունը շատ փոքր է: Տիեզերքը հիմնականում դատարկություն է, այդ անեզր տարածության մեջ այնքան աննշան են աստղերը, մոլորակները, որ նրանց բախման հնարավորությունը շատ փոքր է, բայց չի բացառվում: Երկար տարիների ընթացքում հավանականությունը մեծանում է, սակայն խոսքը միլիոնավոր տարիների մասին է»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ