Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԶՍՊՈՒՄ ԵՆ ՈՒՏԵՍՏԵՂԵՆԻՑ, ԲԱՅՑ ԱՆԿԱՐԳ ԵՆ ՊԱՀՈՒՄ, ՆՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՍԱՏԱՆԱՅԻՆ»

«ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԶՍՊՈՒՄ ԵՆ ՈՒՏԵՍՏԵՂԵՆԻՑ, ԲԱՅՑ ԱՆԿԱՐԳ ԵՆ ՊԱՀՈՒՄ, ՆՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՍԱՏԱՆԱՅԻՆ»
12.04.2011 | 00:00

Այո՛, եթե չեք լսել, ապա հիմա կարդացեք, որ նման` «պահքի հավասարակշռություն» արտահայտություն կա հոգևոր բնագավառում։
Քանի որ մոտենում են Մեծ պահքի վերջին շաբաթները, հոգևոր պատերազմն ավելի պիտի սաստկանա, իսկ եթե քրիստոնյան չունի հոգևոր գիտություն այս մասին, կարող է ընկնել ծայրահեղությունների մեջ ու դրանով վնասել թե՛ իր մարմնավոր առողջությունը, թե՛ հոգևոր բարձրությունը, քանի որ սատանան մեր դեմ գործում է առավել նուրբ, քան մենք կարծում ենք, ու շատերը, խիստ ու ջանադիր պահեցողություն անելով, ընկել են առավել մեծ մեղքերի մեջ, քան մինչ պահեցողությունը։ Ինչպե՞ս է դա հնարավոր, կասեն շատերը, չէ՞ որ պահք են պահել այդ մարդիկ։ Բայց այդպես ասողներն իրենք էլ չգիտեն, որ պահքը ոչ թե քրիստոնյայի վերջնական նպատակն է, այլ ընդամենը միջոց, ու շատերը, չըմբռնելով պահքի բուն իմաստը, այն դարձրել են վերջնանպատակ ու ընկել չարի որոգայթը։
Ասվածը հաստատելու համար կարդանք մի քանի վկայություն` քաղված սուրբ հայրերի վարքից. «Մի անգամ երկու եղբայր գնացին Ամոն ծերի մոտ: Ծերը սովորություն չուներ ամեն օր ուտելու: Երբ եղբայրներին տեսավ՝ ուրախացավ ու ասաց ինքն իրեն. «Ով պահք է պահում՝ վարձք է առնում, իսկ ով հանուն սիրո ուտում է՝ կատարում է երկու պատվիրան. որովհետև իր կամքը չի կատարում, այլ կատարում է Տիրոջ պատվիրանը և եղբայրների մասին հոգ է տանում»:
«Պատմեցին մի ծերի մասին, որը մի անգամ վարունգ ցանկացավ: Նա վերցրեց վարունգը, կախեց իր աչքերի առջև, ու չթողնելով, որ ցանկությունները հաղթեն իրեն, չդիպավ վարունգին: Եվ այդ ընթացքում հանդիմանում էր իրեն ու ապաշխարում հենց ցանկության համար»:
«Մի անգամ մի եղբայր իրեն զսպելով ու հաց չճաշակելով, եկավ ծերի մոտ, այդ ժամանակ նրա մոտ հյուրեր եկան, և նա նրանց համար շփոթ սարքեց: Երբ սկսեցին ուտել, այդ եղբայրն իր հետ բերած թրջած սիսեռը դրեց առջևն ու սկսեց ուտել: Երբ վերջացրին, ծերը նրան մի կողմ տարավ ու ասաց առանձին. «Եղբայր, եթե դու մեկի մոտ գնաս, ապա նրա մոտ քո կենցաղը ի հայտ մի բեր, իսկ եթե չես ուզում քո սովորությունները խախտել, ապա մնա տանդ ու ոչ մի տեղ մի գնա»: Եղբայրն ընդունեց ծերի խոսքերի ճշմարտությունը և երբ գալիս էր եղբայրների մոտ, ընդհանուր կարգին էր ենթարկվում»:
Հայր Հովսեփը հարցրեց հայր Պիմենին. «Ինչպե՞ս պետք է պահեցողություն անել»: Հայր Պիմենը պատասխանեց. «Ես գերադասում եմ նրանց, որ ամեն օր կերակուր են օգտագործում, բայց մնում են սակավ հագեցած»:
Ինչպես տեսանք, սուրբ հայրերը, տեղյակ լինելով պահեցողության նրբություններին, կարողացել են խուսափել հնարավոր մեղքերից։ Իսկ հիմա կարդանք մի վկայություն ճիշտ հակառակ դեպքի մասին, որին ինքս եմ հանդիպել։
Լսեցի, որ մեր քրիստոնյա եղբայրներից մեկը որոշել է անսվաղ, այսինքն` խիստ պահքի մեջ մտնել, այն է` երկար օրերով։ ՈՒ նա իր խոսքի տերը եղավ ու երեք շաբաթ անընդմեջ ոչ մի կերակուր չկերավ, այլ միայն ջուր էր խմում։ Երբ արդեն 21 օր էր անցել, ես որոշեցի այցելել այդ եղբորը, մտածելով, որ այդքան օրերի ընթացքում հոգով զորացած կլինի ու մի հոգեշահ խոսք կլսեմ նրանից, քանի որ ինքս պահքի հարցում խստապահ չեմ։
Երբ դռան զանգը տվեցի, նա ինքը բացեց ու սենյակ հրավիրեց։ Տեսքով, բնական է, խիստ նիհարած էր, սակայն առույգ էր։ Բայց մի բան ինձ զարմացրեց. հեռուստացույցը միացրած էր ու էկրանին ինչ-որ կիսամերկ աղջիկների պար էր ցուցադրվում այդ պահին։ Բարևելուց ու մի փոքր զրույցից հետո խնդրեցի, որ հեռուստացույցն անջատի, որ հանգիստ զրուցենք, հասկացնելով, որ մի կարգին հոգեշահ բան էլ չեն ցույց տալիս այդ պահին։ Բայց նա առարկեց, ասելով. «Այս պահքի օրերին ես հանգիստ ու ազատ նայում եմ նման հաղորդումները, որովհետև ծոմապահության ժամանակ բոլորովին ուրիշ աչքերով ես ընկալում տեսածդ, ու ցանկասիրություն չի առաջանում մեջդ»։
Այդ պահին հիշեցի կարդացած սուրբ հայրերից մեկի խոսքը, որ ասել էր, թե մարդը հինգ դարպաս ունեցող ամրոցի է նման, ու պահեցողության ժամանակ պետք է բոլորն էլ ամուր փակել, որ թշնամին չկարողանա նրանցից որևէ մեկով մտնել։ Ահա այս եղբայրը թեև խիստ պահեցողություն էր անում, սակայն ականջներն ու աչքերը չէր կտրել հեռուստապիղծ զվարճալիքներից։ Նա ստամոքս տանող դուռն ամուր փակել էր, ու բաց էր թողել իր զգայարանների մյուս դռները, որոնք են աչքերը, ականջները։ Ընդհանրապես՝ սուրբ հայրերն ասում են, երբ գետի եզերքով երկար քայլես, կարող է սայթաքես ու ընկնես ջուրը։ Այդպես էլ, երբ մեղքի հետ իբր անմեղ սիլի-բիլի անես, կարող ես հայտնվել նրա գրկում։
Մեր առաքելական եկեղեցու խոստովանության աղոթքի մեջ կա աջ և ահյակ խոտորման մեղքը, այն է` երբ մարդը թեկուզ և հոգևոր ընթացքի մեջ է, բայց արքայական հավասարակշռության ճանապարհից դուրս է գալիս և ընկնում աջ կամ ձախ տանող ծայրահեղությունների մեջ։ Տվյալ դեպքում այս եղբայրը խիստ «աջ» էր գնացել իր ծոմապահության ջանքերով ու ընկել ծայրահեղության մեջ, մոռանալով փակել աշխարհի պղծալից մեղքերից դեպի սիրտը տանող դարպասները։ Այդ պատճառով Սողոմոն իմաստունը զգուշացնում է. «Ամենայն զգուշությամբ սիրտդ պահիր, որտեղ կյանքի ճամփաներ կան»։
Իսկ երբ այդ նույն եղբորը մյուս տարի հանդիպեցի զատկական պահքի օրերին, նա ինձ ասաց, որ ինքը հանգիստ ապխտած երշիկ է ուտում առանց խղճմտանքի հանդիմանության, քանի որ Պողոս առաքյալն ասել է, որ. «Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց պետք չէ, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ: ՈՒտելիքը որովայնի և որովայնը ուտելիքի համար է»: Սա էլ դեպի ձախ խոտորված վիճակն է, երբ կերակուրների տարատեսակների մեջ խտրություն չի դրվում։ Այդ պատճառով է, որ եկեղեցու հայրերը զգուշացրել են. «Զգուշացիր պահքը գնահատել լոկ պարզ ժուժկալությամբ: Նրանք, ովքեր իրենց զսպում են ուտեստեղենից, բայց անկարգ են պահում, նմանվում են սատանային, որը չնայած ոչինչ չի ուտում, բայց չի դադարում մեղք գործելուց»:
ԲԱՐՍԵՂ ՄԵԾ
«Ոմանք չափազանց պահանջկոտ են ուտելիքի հանդեպ և թույլ չեն տալիս, որ իրենց բերանը վատ կերակուր մտնի, բայց այնքան էլ զգույշ չեն այն խոսքերի նկատմամբ, որ դուրս են գալիս իրենց շրթունքներից»:
«Պահեցողները պետք է զգուշությամբ գործեն, քանի որ սատանան կարող է կորստի մատնել թե՛ պահեցողությունը, թե՛ պահողին, մղելով նրան անպարկեշտ բամբասանքների գիրկը, ինքն իրեն ավելի գերադաս համարելով»:
ԱՆՏՈՆ ՄԵԾ
«Պահքը միայն կերակուր ուտել- չուտել չէ, այլ մեղքերի խափանումը»:
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ
Եղբայրը հարցրեց Հայր Սիսոյին. «Եթե երեք բաժակ գինի խմեմ, արդյոք շա՞տ է»: Պատասխանեց ծերը. «Եթե սատանա չկա, ապա շատ չէ»:
Այս ամենի մասին առավել ըմբռնելի գրել է Կոստանդնուպոլսի պատրիարք երջանկահիշատակ Շնորհք Գալուստյանն իր «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքում. «Պահքից անբաժան է աղոթքը: Ս. գրքում որտեղ էլ պահքի մասին հրահանգ է տրվում, միաժամանակ հանձնարարվում է աղոթքը: Իսկ պահքի ներկա ձևին, այսինքն` համադամ կերակուրներից և մսեղենից հրաժարվելու սովորությանը, առաջին անգամ հանդիպում ենք Դանիելի մարգարեական գրքում, ուր ասված է. «Այդ օրերին ես` Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղով չօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. 10. 2-3): «...Չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն» (Ղուկ. 2. 37):
Երբ մտնում ենք Նոր կտակարանի ավելի լուսավոր շրջանը, տեսնում ենք, որ պահքի սովորությունը շարունակվում է նաև այստեղ: Նոր ուխտի առաջին պահեցողների (նույնիսկ զատկական) շրջանում պահքից անբաժան էին լացն ու կոծը և սրանց արտահայտման արտաքին ձևերը` հագուստ պատռելը, քուրձ հագնելը, մոխրի վրա նստելը և այլն:
4-րդ դարից առաջ քրիստոնեական հին գրականության մեջ գրեթե ոչ մի հիշատակություն չկա քառասնօրյա պահեցողության որևէ շրջանի մասին` շաբաթ օրերի պահքի մասին բացահայտ հիշատակություն ունենալով հանդերձ: 2-րդ դարի վերջերին և 3-րդ դարի սկզբներին ապրող Տերտուղիանոս մատենագիրը հիշատակում է, որ Մոնտանական կոչվող, խիստ հոգևոր հակումներ ունեցող աղանդը, որին հարում էր նաև ինքը` Տերտուղիանոսը, Զատկից առաջ երկու շաբաթ պահեցողություն էր անում, մինչդեռ ուղղափառ քրիստոնյաները Զատկից առաջ մեկ, առավելը երկու օր էին պահք պահում: ՈՒրիշները նախքան Զատիկը 40 ժամ խիստ պահեցողություն անելու սովորություն են ունեցել:
«Քառասնորդաց» բացատրությունն առաջին անգամ հիշվում է Նիկիայի ժողովի (325 թ.) Ե (5-րդ) կանոնում` հավանաբար ակնարկելով Մեծ պահքի 40 օրերի շրջանը, որից առաջ հարկավոր էր անցկացնել եպիսկոպոսական տարեկան երեք ժողովներից մեկը: Ալեքսանդրիայի հայրապետներից ս. Աթանասն է, որ 330-ական թվականներին իր հոտին բացահայտորեն թելադրում է նախքան Ավագ շաբաթը 40 օր պահեցողություն անել: Ըստ արդի բանասերների և կանոնագետների` 4-րդ դարի երկրորդ կեսին սրբագրված «Առաքելական կանոններ» կոչվող կանոնագրքի 8-րդ հոդվածում ասված է. «Առաքյալները տնօրինեցին, որ 40 օր պահք նշանակվի` հրաժարվելու համար ամեն չարությունից, մեղքից և կերակրից` նախքան Փրկչի չարչարանքների օրը, և ապա կատարեն չարչարանքների օրը` Տիրոջ Պասեքը, և Փրկչի Հարության տոնը։ Քանզի Նույն Ինքը` Տերը մեր Քրիստոս, Տերը տոների և տարեկան հիշատակությունների, 40 օր և 40 գիշեր պահք պահեց» («Կանոնագիրք հայոց», էջ 32):
Առաջին չորս դարերի պահեցողության կերպերն էլ դեռ հստակ չեն: 5-րդ դարի հույն պատմիչներից Սոկրատն ասում է, որ Մեծ պահքի ընթացքում ոմանք հրաժարվում են կենդանական մսերից, ուրիշներն էլ ձուկ են ուտում, ոմանք էլ ձկան հետ նաև հավեղեն, կան, որ հրաժարվում են վերոհիշյալներից և հավկիթեղենից ու կարծր կեղև ունեցող պտուղներից` ընկույզ, նուշ և այլն, ոմանք էլ լոկ չոր հացով են գոհանում: Պահեցողության առօրյա տևողության մասին էլ հստակ գրեթե ոչինչ չկա հիշված: Ոմանք պահել են մինչև երեկոյան ժամը երեքը, որից հետո ամեն տեսակի կերակուր թույլատրվել է ուտել, իսկ խստապահներն այն աստիճանի են առաջ գնացել, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ են ճաշել: Ամենից սովորականը, սակայն, օրական մեկ անգամ ուտելն է եղել` լոկ մսից և գինուց հրաժարումով: Կաթնեղենի և հավկիթեղենի օրինական խիստ արգելք, ըստ երևույթին, տակավին չկար։
…Մինչև իսկ 9-րդ դարում Արևմուտքում Մեծ պահքի ընթացքում հավկիթից, պանրից և ձկից հրաժարվելը նկատվել է բացառիկ առաքինություն։
Առաջին անգամ Հռոմի Գրիգոր Մեծ պապն է, որ 7-րդ դարի սկզբներին, գրելով Անգլիայի առաջին եպիսկոպոսին` Օգոստինոսին, ասում է, որ Մեծ պահքի ընթացքում «մենք հրաժարվում ենք մսից և կենդանական կերակուրից, այսինքն` կաթից, պանրից, հավկիթից և նմաններից»: Սա էր վաղ միջնադարում համայն քրիստոնեության ընդհանուր օրենքը թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում:
Սակայն աստիճանաբար արևմտյան եկեղեցում թույլտվություններ մտան նախ ձկնեղենի, կաթնեղենի ու հավկիթեղենի վերաբերյալ և ապա, օրական գլխավոր ճաշին զուգահեռ, առավոտյան ու երեկոյան ևս արտոնվեցին թեթև ուտելիքներ, մինչև արևմտյան եկեղեցուց ողջօրյա ծոմապահությունը գրեթե իսպառ վերացավ, և պահեցողության օրենքը լոկ մսի համար մնաց:
Այս օրենքն էլ մի քանի տարի առաջ Վատիկանի 2-րդ ժողովի բարեկարգական կանոններով գործնականապես գրեթե վերացավ կաթոլիկ եկեղեցուց: Պահեցողությունն ընդհանրապես և մասնավորաբար Մեծ պահքը Արևելքում ավելի խիստ են եղել: Արևելյան եկեղեցիներում երկար դարեր պահվեց սկզբնական սովորությունը, այսինքն` օրական մեկ անգամ միայն ուտելու և մսեղենից ու կենդանական արտադրությունից հրաժարվելու կանոնը: Ի վերջո, սակայն, աստիճանաբար, Արևմուտքին հետևելով, թույլտվություններն Արևելք էլ մուտք գործեցին. նախ արտոնվեցին օրական մեկ անգամից ավելի ճաշերը և ապա` Մեծ պահքի շաբաթ ու կիրակի օրերին, բացի մսեղենից, ամեն տեսակի կերակուրներ ուտելը: Սակայն գեղջկական շրջանակները շարունակեցին, և որոշ տեղեր մինչ օրս շարունակում են հնագույն կանոնը` օրական մեկ անգամ ուտել` միանգամայն հրաժարվելով կենդանական ամեն տեսակի արտադրություններից:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ